HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

150 մլն դրամ ունեցող պատգամավորը կոռուպցիայի դեմ պայքարն անվանում է «գործ տալու» ինստիտուտ եւ կոչ անում «հայ մնալ»

Այսօր Արմավիրի մարզից ՀՅԴ ցուցակով ընտրված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն իր անդրանիկ ելույթն ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որը բուռն քննարկման առարկա դարձավ: Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության համահեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը մտահոգել էր Ա. Կարապետյանին:

Պատգամավորը նախ հայտարարեց, որ իր ասածը իրավական հարթությունից դուրս է, իր «գաղափարը կապված է մեր հայկականության հետ»: Առանձնացնելով փաթեթով ներկայացված նախագծերից «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծը` Անդրանիկ Կարապետյանը նախ յուրովի ներկայացրեց այն, եւ դա որևէ առնչություն չուներ բուն նախագծի հետ, ապա մտահոգություն հայտնեց, թե այդ նախագիծն ավելորդ անջրպետ է ստեղծելու նույն հիմնարկում աշխատող երկու աշխատողների միջև:

«Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք մենք ինչ արժեքներ ենք կրում: Եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը՝ ազդարարի ինստիտուտը մեր երկրում, կարող է աշխատել, ապա ինչ հետևանքներ նա կունենա: Եթե չի աշխատի, ապա ինչու ենք այս օրենքի նախագիծը մենք ուզում ընդունել»,-ասում էր պատգամավորը:

Անդրանիկ Կարապետյանի խոսքերով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երբ կարդացել է նախագիծը, առաջինն իր միտքը եկել է այն գաղափարը, որ սա «գործ տալու ինստիտուտ է»:

«Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա: Այսօր, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք և նման կերպ գաղափարները սերմանել և խրախուսել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Թերևս այսքանը, եկեք հայ մնանք»,-խոսքը եզրափակեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:

Բանն այն է, որ ազդարարման ինստիտուտի ներդնումը նախագծերի հեղինակները դիտարկում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք և կառուցակարգ՝ անհրաժեշտ համարելով զարգացնել ազդարարման համակարգն ու ստեղծել համապատասխան գործուն կառուցակարգեր:

Մասնավորապես` նախագծով սահմանվել է, որ ազդարարը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ ում դիմել է ծառայությունների մատուցման նպատակով:

Ազդարարման նպատակն է բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները, նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան, ինչպես նաև՝ նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

Ուշագրավն այն է, որ Անդրանիկ Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրա գործունեությունը պետք է ուղղված լիներ մարդու իրավունքների պաշտպանությանը և կոռուպցիայի դեմ պայքարին, բայց նա չանդրադարձավ նախագծի բովանդակությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարն անվանեց «գործ տալու» ինստիտուտ:

Նորընտիր պատգամավորը 2009-2013թթ. աշխատել է Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, իսկ 2014թ.-ից` մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղեցրել է բետոնե հավաքովի շինարարական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող «Մոնոլիտ Գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

150 միլիոն դրամ, կամ՝ ինչպես «գործ չտալ» պատգամավորի դեմ

Անդրանիկ Կարապետյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2016թ. փետրվարի 1-ից մինչև այս տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող գույքի ու եկամուտների հայտարարագիր:

Ըստ հայտարարագրի՝ մեկ տարվա կտրվածքով Կարապետյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը, որը կազմել է 1 միլիոն 560 հազար դրամ, այսինքն՝ ամսական 130,000  դրամ: Փոխարենը որպես դրամական միջոց նրա հաշվին եղել է 150 միլիոն դրամ:

Որպես անշարժ գույք Անդրանիկ Կարապետյանը հայտարարագրել է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող 14 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, իսկ շարժական գույք՝ «Տոյոտա Լանդկրուզեր» մակնիշի ավտոմեքենա:

Կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալու» ինստիտուտ անվանելով` պատգամավորն իրեն ապահովագրում է հնարավոր ռիսկերից, թե, օրինակ, ինչպես կարող էր տարեկան 1,5 մլն դրամ եկամտով, իսկ դրանից առաջ` պետական պաշտոն զբաղեցնելով կուտակել 150 մլն դրամ:

Մեկնաբանություններ (8)

Ահա և հաջողության սկիզբը
Եթե իսկապես ուզում ենք կոռուպցիա վերացնել ու կարգի գալ, ապա պիտի հրավիրենք բոլորովին այլ մշակույթ կրող ու կիրառող երկրների քաղաքացիների, խնդրելով ու լիազորելով որ մեզ հսկեն ու պատժեն՝ ըստ իրենց մենթալիտետի: //////////////////////////// Օրինակ՝ ազնիվ, ճշտապահ, կիրթ գերմանացիներին կամ ճապոնացիներին, որոնցից աշխարհը և հատկապես մենք սովորելու շատ բան ունենք: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ հատկապես կրթական համակարգում, որը կձևավորի նոր որակի հասարակություն ու ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և ամեն մարդ իր տեղում կլինի: Ահա և հաջողության սկիզբը:
Ani
Ու դուք եք համարվում «դաշնակցական», որ Դաշնակցության անունը գետնով եք տալիս:
hasmik
իհարկե սրա ասածները ինչ որ խմբի կողմից պարտադրված են, սա էլ ստրուկ ու տգետ լինելով հանդերձ կատարել է իր տերերի ցանկությունները
Peter
The ARF is a moribund, corrupt party like most in Armenia. That so-called split that diaspora Armenians like to proclaim as an excuse has been used for the past 20 years. Enuf already!
Գեւորգ
Այդ ջահելը կամա թե ակամա բացահայտել է մեր ոսկորների մեջ մտած դարավոր ախտը եւ, ըստ իս, դրանով իսկ շատ օգտակար բան է արել: Այստեղից պարզ երեւում է՝ եթե իսկապես ուզում ենք կոռուպցիա վերացնել ու կարգի գալ, ապա պիտի հրավիրենք բոլորովին այլ մշակույթ կրող ու կիրառող երկրների քաղաքացիների, խնդրելով ու լիազորելով որ մեզ հսկեն ու պատժեն՝ ըստ իրենց մենթալիտետի: Խնդրում եմ այս առաջարկի վրա լրջորեն մտածել, նման դեպքեր պատմության մեջ եղել են ու մեծ արդյունք են տվել:
Ի՞նչ է նշանակում լավ hայ տղա լինել
Ի՞նչ է նշանակում լավ hայ տղա լինել 1. Մի երկրի մեջ ծնվել, ուրիշ երկրում ապրել, տարբեր երկրներում մեռնել և չորորդ տեղում թաղվել: 2. Բազմաթիվ լեզուներով խոսել, սակայն որևէ մեկը կատարյալ չգիտենալ՝ մանավանդ հայերենը: 3. Անաստված լինելու պարագայում՝ եկեղեցի հաճախել, կրոնական արարողություններին հետևել՝ ոչինչ չհասկանալով: 4. Եկեղեցու թաղական լինել՝ առանց նրա օրենքները ճանաչելու: 5. Խոնարհ լինել օտարների հանդեպ և գոռոզ` իր ազգակիցների: 6. Ապրել օտար երկրի մեջ՝ հայրենիքի կարոտով, և հայրենիքի մեջ` օտար երկրներ երազելով: 7. Ողբալ հայերեն լեզվի նահանջին, բայց տան մեջ օտար լեզվով խոսել: 8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայությունը մոռանալ, սակայն հիշել միայն, երբ ծերության դուռը հասնի: 9. Ունենալ արևելահայերեն և արևմտահայերեն՝ երկու ուղղագրությամբ: 10. Օտար լեզվով խոսել, հայերեն աղոթել, թրքերեն երգել և հայհոյել: Այո՛, մարդկային տգիտությունը սահմաններ չունի, տգետ հայ մարդունն առավել ևս:
Ռուզան
Գողականության հոգեբանությունը կտրուկ մերժելով հանդերձ՝ այս ազդարարի անհեթեթ ձևակերպման մեջ 37թվի շունչն եմ զգում: Մի քանի տարի առաջ էլ ինչ-որ կառավարության որոշում եղավ սրա կարգի: Չգործեց, բայց փաստորեն վերանայվում է: Մի կարծեք, որ կոռուպցիան այդպես մակերեսին է, խաբար տալով կվերացվի: Դա հոգեբանության մեջ է, քաղաքական անբարոյականության ծալքերում: Թերթեև բացահայտ գրում են կրթության վարչության պետի անօրինական նշանակման մասին ու խոսում կոռուպցիայի դեմ պայքարից:
Նախագահ
Այս երիտասարդի գրպանի պարունակությունը այդքան էլ հետաքրքիր չէ, բայց ուշագրավ է նրա՝ խաշի սեղանի այս ելույթը: Դրանից հետո Շարմազանը բոլորին պետք է շնորհավորեր այս սոկրատեսի ի հայտ գալու կապակցությամբ: Շմայսի ականչը կանչի, տեղը դատարկ չմնաց: Ֆանտաստիկ կենաց է և՛ բովանդակության, և՛ անհոդաբաշխ ոճի տեսակետից: Սա՛ է անվտանգ ու խելացի ապագան, որ կերտվելու է ԱԺ կոչվող տարածքում: Ելույթի հեղինակին պետք է ընդամենը տեղեկացնել. ազգային ժողովը գողական գնալու տեղը չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter