HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկն առանձնատուն ստացավ

Սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոն, ով փրկվել է իսլամական պետություն խմբավորման (ISIS) հալածանքից և վերաբնակվել Արցախում մի քանի տարի առաջ, երեկ իր նոր առանձնատան բնակարանամուտն է նշել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: Առանձնատունը կառուցվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում վերաբնակվել ցանկացող սիրիահայերին աջակցելուն ուղղված ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Թուֆենկյան հիմնադրամը: 

Հայկ Խաչոն իր ընտանիքի` երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2015թ.` Սիրիական պատերազմի ընթացքում: Սիրիայում իսլամական պետություն խմբավորումը (ISIS) բռնել էր բժշկին և ստիպել հրաժարվել քրիստոնեությունից: Ազատ արձակվելուց հետո Հայկ Խաչոն որոշել է ապաստան գտնել Արցախում և ընտանիքի հետ նոր կյանք սկսել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում: 

Մասնագիտությամբ նյարդաբան բժիշկ Խաչոն այժմ որպես ընդհանուր բժիշկ է աշխատում գյուղի միակ հիվանդանոցում, որը Թուֆենկյան հիմնադրամի կողմից կառուցվել է 2004-2005 թվականներին:

«Երբ առաջին անգամ ոտք դրեցի Իշխանաձորում, անմիջապես զգացի ինչպես տանը: Մարդիկ շատ ջերմ էին և ինձ ընդունեցին բաց սրտով: Ես և երեք դստրերս՝ բոլորը դեռահաս, այստեղ շատ ապահով ենք զգում: Շնորհակալ եմ այս տան համար՝ այն իսկապես մեզ նոր կյանք է պարգևում»,- ասել է Հայկը:

Բժիշկ Խաչոյի առանձնատան կառուցումը սկսվել է 2016թ. սեպտեբերին և ավարտվել 2017թ. հունիսին: Ամայի ավերակներից վերանորոգված կացարանի փոխակերպված այս առանձնատունը այժմ լիովին պատրաստ է Հայկ Խաչոյի և նրա երեք դստրերի համար արժանապատիվ կացարան ապահովել:

«Մենք ուրախ ենք, որ նա նոր տուն է գտել իր նախնիների հայրենիքում: Հայկը երկու անգամ բռնվել է իսլամական պետություն խմբավորման կողմից և երկու անգամ նրան սպառնացել են սպանել: Նրան հաջողվել է կենդանի մնալ և երկու անգամ փախչել մահից: Մեր պատիվը և պարտականությունն է աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ և ապրել այս ազատագրված հայկական տարածքներում»,- ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Հիմնադրամի խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը իր խոսքում նշել է Իշխանաձորի կարևորությունը որպես հարավային Քաշաթաղի շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: «Իշխանաձորը անցակետ է, և մեր պարտականությունն է ապահովել, որ այն զարգանա և համապատասխանաբար բնակեցված լինի: Հայկ Խաչոն իր ներդրումը կունենա այս շրջանի զարգացման գործում: Գյուղը բաց է արել իր դռները Լիբանանից, Սիրիայից, Հայաստանից և այլ երկրներից եկող հայերի համար: Մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ սա Հայաստանն է, բոլոր հայերի հայրենիքը»,- ասել է Գասպարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter