HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ահաբեկչության 84 ահազանգ, մեկը՝ իրական

2010թ.-ից մինչ 2017թ. հունիս ոստիկանությունը ահաբեկչության  մասին 84 հաղորդում է ստացել։ Այդ ահազանգերից 83-ը իրականությանը չեն համապատասխանել, իսկ միակ իրական ահազանգը կապված է եղել փոխգնդապետ Վարդան Սամվելյանի հետ։

Քրեական օրենսգիրքը «ահաբեկչություն» եզրույթը սահմանում է այսպես. «Ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է»։

Նախորդող վեց տարիների և այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ իրավապահ համակարգը ահաբեկչության մասին ամենաշատ հաղորդումը ստացել է 2014 թվականին։ Այդ տարի գրանցվել է ահաբեկչության կազմակերպման մասին 18 ահազանգ, որոնք բոլորն էլ իրականությանը չեն համապատասխանել։

Հայաստանում նշված տարիներին ահաբեկչությունների կազմակերպման «ամենապասիվ» տարին եղել է 2013-ը՝ գրանցվել է 1 ահազանգ։ 

Ոստիկանությունն առանձնացված վիճակագրություն չի վարել ահաբեկչության կազմակերպման օբյեկտների վերաբերյալ, այդ պատճառով չենք կարող տեղեկանալ, թե կեղծ ահաբեկիչների թիրախում ամենաշատը որ օբյեկտն է հայտնվել։ 

Ահաբեկչության մասին միակ իրական ահազանգը

Այս տարիներին ահաբեկչության մասին միակ ճիշտ ահազանգը ոստիկանությունը ստացել է 2012թ. հուլիսի 1-ին, երբ պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը փորձել է պայթեցնել այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։

Սամվելյանի՝ ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձը կանխվել է, իսկ ռեստորանում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է 2 նռնակ, փամփուշտներ, պայթուցիկ։ Փոխգնդապետը դեպքից երկու օր անց՝ հուլիսի 3-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկամսյա ժամկետով կալանավորվել է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով։

Փոխգնդապետը ահաբեկչություն էր կատարել հունիսի 17-ին նույն ռեստորանային համալիրում  տեղի ունեցած Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության պատճառով։ Այդ օրը

«Հարսնաքար»-ում ծեծկռտուք էր սկսվել ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների և բժիշկ Վահե Ավետյանի, նրա ընկերների միջև։ Թիկնապահները ծեծելով սպանել էին բժշկին: Այս միջադեպն  էլ մոտ երկու շաբաթ հետո հանդիսացել էր ահաբեկչության կազմակերպման առիթ։ 

Ովքե՞ր պատժվեցին ահակաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

Քրեական օրենսգրքով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար 2010թ.-ից մինչ օրս քրեական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ։

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար գործերի հիմնական մասը գնացել է դատարան, իսկ մի մասը կասեցվել է։

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ գործը կասեցվում է՝ եթե հայտնի չի եղել գործում որպես մեղադրյալ ներգրավվող անձը, կա՜մ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կա՜մ մեղադրյալի գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ, կա՜մ մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի  սահմաններից դուրս, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է կա՜մ գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:

Օրենքը նաև նախատեսում է՝ ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնել կամ այլ միջոցներով նպաստել է ահաբեկչության խափանմանը, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակել։

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հիմքով հարուցված քրեական գործեր դատարան են գնացել ամենաշատը 2015 թվականին՝ 13 հանցաքանակով։ Այդ գործերից 1-ը կարճվել է,  4-ը՝ կասեցվել, իսկ 6 հոգի քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար։

Գծապատկերում կարող եք ծանոթանալ ահաբեկչության մասին սուտ մատնություն տալու փաստով հարուցված քրեական գործերի իրավական ընթացքին:

Ահաբեկչության մասին «ամենաթարմ» ահազանգերը

2017թ. առաջին հինգ ամիսներին ոստիկանությունում ստացվել է ահաբեկչության մասին 2 կեղծ ահազանգ։ Այս երկու ահազանգերն էլ ստացվել են փետրվարի 6-ին։ Դրանցից մեկը վերաբերել էր Ավանի հոգեբուժարանին։ Զանգահարած անհայտ քաղաքացին ասել էր, թե հոգեբուժարանում ռումբ է տեղադրված, և այն 3 ժամից պայթելու է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ահազանգը կեղծ է, և սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որն արդեն դատարանում է։

Մյուս ահազանգը Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկի վերաբերյալ էր։ Քաղաքացին տաքսաֆոնից զանգահարել և հայտնել էր, թե շենքը մեկ ժամից պայթելու է։ Սակայն ահազանգը կրկին կեղծ է եղել, և ոստիկանությունը 30-ամյա կեղծ ահազանգ կատարողին հայտնաբերել էր: Նա խոստովանել էր, որ ահաբեկչության մասին սուտ հաղորդման հեղինակն է: 

Մայիսի 29-ին նաև կեղծ ահազանգ էր ստացվել, թե «Հրազդան» մարզադաշտի տարածքում է ռումբ տեղադրված։

Սակայն, ժամեր անց այս տեղեկատվությունը հերքել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ ավելի ուշ ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր կեղծ ահազանգ կատարած անձին և կեղծ ահազանգ կատարելու փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցել իրավասու մարմիններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter