HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդային Հայաստանը լքելու պատճառները կամ անհաջող փորձառություն

Աղասի Թադեւոսյան, Մշակութային մարդաբան

Երբ կարդում եմ 1946-49-ին հայրենադարձված մարդկանց պատմությունները, մտածում եմ՝ ինչպես՞ էր հնարավոր, որ Հայաստան գալու երազանքը փայփայող մարդիկ տեղ հասնելուց հաշված ժամեր անց կամ նույնիսկ նավից դեռ չիջած՝ զղջային իրենց որոշման համար եւ ձգտեին հետ՝ որտեղից գալիս էին։ Այդ պատմություններում ակնհայտ են Հայրենիքի մասին պատկերացումների եւ խորհրդային իրականության հակադրությունները, դրական բոլոր ակնկալիքների հանկարծ ու շեշտակի կործանումը: 

ՄԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1947-ին / Ապրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 

Եւ տեսանք, որ ընդեղ լրիվ տարբեր էր, կյանքը լրիվ տարբեր էր, ինչ որ մենք սպասում էինք։ Բայց հայրս ասեց. «Աղջիկներս, էսի Բաթում ա, մենք գնում ենք Հայաստան։ Հայաստան ուրիշ է լինելու, ավելի լավ է լինելու։ 

Շատերի համար նման հակասական ապրումներն ի հայտ էին գալիս անբարեկիրթ, իշխանությունն ամբարտավան կերպով գործադրող խորհրդային պաշտոնյաների հետ առաջին իսկ շփումներից: Անտարբերությունը, արհամարհանքը, որ սովետական մանր ու միջին պաշտոնյայի վարքի անբաժանելի մասն էին, ներգաղթողի մեջ առաջացնում էին անելանելիության եւ հուսախաբության զգացում, որից, տարիների հետ, շատերն այդպես էլ չազատվեցին, իսկ «երթալը կփրկե» տրտունջքը ժամանակի ընթացքում թեւավոր խոսք դարձավ:  

Հայրենադարձների առաջին տհաճ բացահայտումներից մեկը, կարելի է ասել՝ աշխարհագրական էր։ Իրենք փափագել էին գալ Հայաստան, բայց, չգիտես ինչու՝ հայտնվել Խորհրդային Միությունում։ Այսինքն՝ իրենց կարծիքով եկել էին մի երկիր, փաստացի հայտնվել մի այլ երկրում: Անակնկալ բացահայտում էր նաեւ այն, որ Խորհրդային Հայաստանի հայն ուրիշ էր՝ վերեւներում որոշված, կոմունիստական գաղափարաբանությանը հարմարեցված մի տեսակ, որի ընդհանրական խառնվածքում ազգայինը ստորադասված էր սովետական սոցիալիստականին։ Իսկ դրանից տարբերվող տեսակն այն աստիճան էր դատապարտելի, որ կարող էր նույնիսկ մարդուն աքսորելու կամ բանտարկելու առիթ լինել: 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ներգաղթել է Պաղեստինից, 1960-ին / Ապրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 

Մարդը հայրենասեր էր, Անդրանիկ էր երգում, ասում էին՝ ազգայնական ես, նացիոնալիստ ես, մի քիչ էլ որ երկար էր խոսում, ասում էին՝ դաշնակցական ես։ 

Համապատասխանաբար կար նաև հայրենասիրության սովետական ձեւը, որի մեջ նախկին սփյուռքահայերի զգացմունքներն ու մտքերը չէին տեղավորվում: Մարդիկ Հայաստան էին եկել՝ համարելով այն ազգային պետություն, բայց ազգային երազանքների, պատմական հայրենիքի, ազգային հերոսների, ցեղասպանության եւ նմանատիպ այլ բաների մասին շշուկով խոսելն անգամ վտանգավոր էր։ Հայազգի սովետական մանր ու միջին պաշտոնյաները, ահ սփռող թաղային լիազորները, երեւելի եւ աներեւույթ մատնիչները (ինչու չէ՝ նաեւ հավաքագրված հենց իրենց՝ ներգաղթողների շրջանակից), որոնք ընդհանրանում էին իբրեւ «պատերի մեջ բնակվող ականջներ», ազգային կյանքով ապրելու իրական արգելքներ էին։  

Խորհրդային Միությունում կային նաև կենսապահովման դժվարություններ: Դրանք, սակայն, հասկանալի էին («երկիրը պատերազմից նոր էր դուրս եկել») եւ հաղթահարելի («ոչինչ, կամաց-կամաց կյանքը կլավանա»)։ Հասկանալի եւ հաղթահարելի չէր պետականորեն դրված արգելքը, որը մարդուն զրկում էր ստեղծագործ աշխատանքով զբաղվելու, իր հմտությամբ բարիք ստեղծելու եւ դրամ վաստակելու հնարավորությունից: 

ՀԱՐՈՒԹ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Ներգաղթել է Լիբանանից, 1946-ին / Հարցազրույցը նկարահանվել է Ըրվայնում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 

Իմ պապաս կոշկակար էր։ Հայաստան գալուց առաջ նոր կոշիկ սարքելու գործարան եւ սարքավորումներ գնեց Անգլիայից եւ Ֆրանսիայից։ Մենք դրանք բերեցինք Հայաստան, որովհետեւ պապաս ուզում էր Հայաստանում ստեղծել ժամանակակից, նոր կոշիկի գործարան։ Երկու-երեք տարի անընդհատ գնում էր ներգաղթի կոմիտե, գնում էր Արտաքին գործերի մինիստրություն՝ այսպես կոչված։ Ասում էին՝ այո, այո, երբ որ էներգիայի վիճակը լավանա Հայաստանում, մենք գործարան կկառուցենք եւ դուք կլինեք էդ գործարանի տնօրենը եւ այլն, եւ այլն, բայց էդ բոլորը սուտ, ի՜նչ ահավոր սուտ։

Շատերը հենց այդ մտադրությամբ էին Հայաստան ներգաղթել՝ բերելով իրենց հետ արտադրական միջոցներ եւ հումք, բայց ստիպված եղան անբավարար վարձատրությամբ աշխատանքի անցնելու պետական հիմնարկություններում։ Այս ամենի մասին խոսելը, բողոքելը, քննադատելը պետականորեն արգելված էր եւ դատապարտելի։   

ԱՆԱՀԻՏ ՊՈՂԻԿՅԱՆ

Ներգաղթել է Սիրիայից, 1946-ին / Ապրում է Երեւանում

Մեր դասախոսները մարքսիզմ-լենինիզմի դասերին կամ պատմության դասերին այնպիսի հուսադրիչ դասախոսություններ էին կարդում, դե երիտասարդ էինք՝ ոգեւորվում էինք, մանավանդ ես միշտ էսպես ոգեւորվում էի, ասում էի՝ ոչինչ, կանցնի, մեր Հայրենիքն է։ 

Գաղափարախոսական ճնշումը, միաժամանակ անհամապատասխանությունը կյանքի իրողություններին, կեղծիքը, որով լցված էր մարդկանց կյանքը, հայրենադարձին վանող անհաղթահարելի երեւույթներից էին։ Խորհրդային Միությունում գրողները գրում, երգիչները երգում, պետական-կուսակցական գործիչներն էլ անընդմեջ ճառում էին սովետական մարդու նվաճումների, հաջողությունների, ձեռքբերումների եւ, ի հետեւանք այս ամենի՝ բարեկեցիկ կյանքի մասին։ Բայց պատկերը բոլորովին այլ էր։ 

ՇԱՔԵ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Ներգաղթել է ԱՄՆ-ից, 1947-ին / Ապրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 

Կամաց-կամաց ամեն ինչը լավացավ։ Էլի Ամերիկայի հետ համեմատած՝ լավ չէր, բայց համեմատած սովետի անցած տարիների հետ՝ շատ լավ էր։ 

Նույնիսկ երջանիկ 1970-80-ականները կարիքի, անորակության, դեֆիցիտի, սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության առարկաների անվերջանալի հերթերի տարիներ էին: Առօրյա խոսքուզրույցում «ճարելը» ամենագործածվող բայն էր։ Հեշտ ճարվող քիչ բան կար ԽՍՀՄ-ում, բայց այդ ամենով հանդերձ խորհրդային քարոզչությունը յուրօրինակ հայրենասիրություն էր քարոզում, որի միակ նպատակն, ըստ էության, իրականությունը քողարկելն էր։ 

Հայրենադարձներն այլ իրականությունից տեղյակ մարդիկ էին։ Նրանք տեսնում էին քարոզի ու գովերգումի դատարկությունը եւ հասկանում, որ սովետական բացառիկ առաքինություն համարվող հավասարությունն իրականում չկա։ 

Հասարակությունը հիվանդ էր, կաշառակերությունը՝ հսկայածավալ, հովանավորչությունը, արտոնյալությունը, գողությունը, հանրային հարստության վատնումը՝ սովորական։ Բարիքը, որ առանց այդ էլ շատ չէր, հավասար չէր բաշխվում հասարակ ժողովրդի (մեծամասնություն) եւ արտոնյալների (փոքրամասնություն) միջեւ։  

ՌՈԲԵՐՏ ՏԵՐ-ՄԵՐԳԵՐՅԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին / Ապրում է Մարսելում 

Այդ ժամանակ շատ կատակներ կային հայրենադարձների մասին: Մեկը պատմեմ. մի մարդ փողոցում քայլում է, հարցնում են՝ ձեր երկրում էշեր կայի՞ն: Նա էլ պատասխանում է՝ մեկ հատ էշ կար, ես էի, էն էլ եկել եմ էստեղ։ 

Հեռանալու միտքը հայրենադարձներից շատերին հանգիստ չէր տալիս։ Այն կար եւ նրանց ուղեկցում էր թե´ ուշ 40-ականներին, երբ նոր էին հաստատվում Հայաստանում, եւ թե´ հետագայում՝ ընդհուպ մինչեւ 80-ականների ավարտը։ Նրանց հայացքն ուղղված էր դեպի Արեւմուտք՝ ավանդաբար ԽՍՀՄ-ին հակառակորդ համարվող երկրներ, որոնց մասին պատկերցումները ձեւավորվում էին սփյուռքահայ հարազատների հետ շփումներով (փոխայցելություններ, նամակագրություն եւ այլն)։ 

ՀԱԿՈԲ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին / Ապրում է Փարիզում 

Մերոնք Մոնտե Կառլոյի ռադիո, «Ամերիկայի ձայն» էին լսում գողտուկ։ Ռադիոն որ միացնում էին, ինձի դուրս էին հանում, ասում էին՝ տունին չորս կողմը ման արի, որ մեկը չլսի։ Փոքր էի, ֆռում էի տունին չորս կողմը… 

Ըստ այդ կցկտուր, երբեմն ոչ բացահայտ (հնարավոր գրաքննության պատճառով քողարկված) տեղեկությունների՝ այնտեղ հնարավոր էր ազատ շնչել, խոսել ամեն ինչի մասին, չվախենալ պետական պաշտոնյաներից, զբաղվել ձեռներեցությամբ՝ չհամարվելով հանցագործ։ 

Այդ պատճառով, նրանք ամենաչնչին հնարավորության դեպքում փորձում էին ճեղքել երկաթե վարագույրը եւ դուրս գալ «ազատ» աշխարհ։  «Ազատը» շատ դեպքերում հենց այն երկիրը չէր, ուր մինչեւ ներգաղթելը բնակվել էին։ 1946-49թթ.-ին հայերը եկել էին ավելի քան 10 երկրից, բայց գրեթե բոլորը փորձում էին «վերադառնալ» Միացյալ Նահանգներ։ Ֆրանսահայերը հիմնականում վերադառնում էին Ֆրանսիա։ Որոշ լիբանանահայեր Լիբանան էին գնում, այնտեղից ավելի հեշտ ԱՄՆ տեղափոխվելու նպատակով։ 

Այսինքն՝ հիմնականում «երանելի Արեւմուտքը» նույնանում էր ԱՄՆ-ի հետ, որը Սովետական Միության հակապատկերն էր։ Դա ազատ, կյանքի բոլոր կողմերով ըմբռնելի աշխարհ էր, որտեղ հարուստը հարուստ էր, միջինը՝ միջին, աղքատն՝ աղքատ, որտեղ իրերը կոչվում էին իրենց անուններով, որտեղ մարդն իրեն զգում էր մարդ եւ ոչ թե համակարգի մամլիչի տակ մնացած զանգված։  

Հայրենադարձների արտագաղթը սկսվել էր 1950-ականների վերջին։ 60-ականներին կար, բայց զանգվածային չէր. դուրս գալու հնարավորություն ստանում էին առավել համառները, որոնք Արեւմուտքում ունեին համոզիչ ազգակցական կապեր։ 1970-80 -ականներին արդեն հայրենադարձները բառի բուն իմաստով փախչում էին ԽՍՀՄ-ից։ 

ԱՐՄԵՆ ԱՃԵՄՅԱՆ

Ներգաղթել է Եգիպտոսից, 1947-ին / Ապրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ) 

Ամերիկայում ապրելուց հետո ես վերջապես զգացի, թե ինչպես մարդը կարող է ազատ ապրել, իր պրինցիպներն (սկզբունքները) առաջ տանել: Հայաստանում մենք չէինք կարողանում մեր պրինցիպները հարգել տալ, մեր ուզածն անել:  

Խորհրդային քարոզչությունը արտագաղթի երեւույթը բացատրում էր սոսկ նյութապաշտությամբ, մինչդեռ իրականում մարդիկ փախչում էին անազատությունից դեպի ազատություն, նվաստությունից դեպի արժանապատիվ կյանք, կամայականություններից դեպի օրինականություն, գաղափարախոսական պարտադրանքից դեպի իրական աշխարհ։ Իսկ եթե արտագաղթի հիմքում իրոք կար նյութապաշտություն, դա ոչ այլ ինչ էր, քան ձեռներեցությամբ ազատորեն զբաղվելու, դրամ վաստակելու, հարստանալու ձգտում։ 1970-80-ականներին արտագաղթածների մեծ մասն ԱՄՆ-ում այսօր գտնվում է միջին խավի մակարդակում, ինչն ինքին խոսում է նրանց հաջողվածության մասին։   

Արտագաղթով փակվեց հայրենադարձության շրջափուլը, որի տխուր ու բացասական հետեւանքները մանրամասն գնահատելու համար հատուկ հետազոտության կարիք է զգացվում։ Բայց մեր ձեռքի տակ եղած նյութերը, հատկապես՝ հայրենդարձների հետ արված հարցազրույցները, թույլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք հայրենադարձության անհաջող փորձառության հետ։ Անհաջողության իներցիան, ցավոք, մինչև օրս պահպանվում է՝ բացասաբար ազդելով հետխորհրդային Հայաստանի վրա: 

………………………………………….. 

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։ 

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Հասկանում եւ կարեկցանքով ընդունում ենք բոլորը: Սակայն մի բնական հարց է ինքնին մեջտեղ ցցվում: Սովետը վերացել է, իսկ Հայաստանը ԱՆԿԱԽ Է ԴԱՐՁԵԼ ԱՐԴԵՆ ՔԱՌՈՐԴ ԴԱՐ: Եւ այդ կարճ ընթացքում անհամեմատ ավելի նախկին ներգաղթյալներ (եւ թե բնիկ տեղացիներ!) հեռացան երկրից: Միթե սա ամենապարզագույն ձեւով չի ապացուցում, որ հայ-վայերիս անկախ իշխանությունը շատ ավելի քանդարար է եղել, քան անիծված սովետն էր: Արդ, հիմա ինչու եք փախչում բաղձալի հայրենիքից? Դադար տվեք եղբայր, ժամկետանց բաներ եք ասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter