HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Գ.Չուգասզյան. «Պատասխանատու մարդը ամեն տեղ պիտի պայքարի»

«Հետքի» հարցերին պատասխանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուգասզյանը 

-Առհասարակ, շատ քիչ մարդիկ կային խորհրդային տարիներին, ովքեր պատկերացում ունեին մարդու իրավունքների մասին: Հիմնականում այլախոհական շրջանակներն էին ծանոթ այդ արժեքային համակարգին: Մարդու իրավունքը ձևավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներից հետո, չնայած մինչ այդ էլ արդեն բազմաթիվ համաձայնագրեր կային: Պատերազմը մարդուն դարձրել էր անարժեք մի բան. հաղթող կողմերը փորձեցին իրավունքի վերածել դա, և ստեղծվեց Հռչակագիրը: Էկոիրավունքները 21-րդ դարի սկզբից սկսեցին դիտարկվել որպես մարդու իրավունքների անբաժան մաս: 

Մեզ մոտ` Հայասատանում, ինչպիսի՞ն է իրավագիտակցությունը: Որքանո՞վ է մեր ժողովուրդը տեղեկացված  իր իրավունքների մասին: 

Իրավունքի ընկալումը առայժմ մնում է ակտիվիստների շրջանակում: Սա նեղ, սակայն որակյալ շրջանակ է. մարդիկ, ովքեր տեղյակ են իրավունքներից, մեր հասարակության ամենակիրթ ու պատասխանատու անհատներն են: 

Դուք հետեւոմ եք քաղաքացիական նախաձեռնություններին: Ո՞ր դեպքում  կարող է հասարակության մեջ կրիտիկական զանգված առաջանալ, որ իրավագիտակցությունը լինի ոչ թե մի հատվածի, այլ հասարակության գիտակցության մաս: 

Ես ներգրավված եմ եղել մշակութային ժառանգության պահպանման տարբեր նախաձեռնություններում, նաև` լեզվի մասին օրենքի փոփոխության հետ կապված նախաձեռնության մեջ: Ինձ համար հասկանալի է, որ բոլոր խմբերը, որոնք ձևավորվել են հասարակության մեջ, կարիք ունեն փոխադարձ շփման, նաև` փոխհարստացման և ուժեղացման: Միայն այդ դեպքում կծնվի այն կրիտիկական զանգվածը, որը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել հասարակության մեջ: 

Իսկ արտագաղթը չի՞ խանգարում: Չէ՞ որ հասարակության կրթված հատվածը հեռանում է երկրից: 

Իհարկե, խանգարում է: Սակայն գիտակից մաս կա, որը հասկանում է` դեգրադացիան ընթանում է ամբողջ աշխարհում, և Հայաստանի դեգրադացիան մասամբ պայմանավորված է տեղական իշխանիկների վնասարար գործունեությամբ, մասամբ էլ` համաշխարհային իրավիճակով: Արտագաղթողները գուցե տնտեսական իմաստով ավելի բարվոք թվացող երկրներ են գնում, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը ողջ երկրագնդում լավ չէ: Պատասխանատու մարդը ամեն տեղ պիտի պայքարի: 

Տեղական և համաշխարհային բացասական փոփոխությունները որքանո՞վ են փոխազդում հասարակական շարժումների վրա: 

Էստեղ համաշխարհային կրիտիկական զանգվածի խնդիր է առաջանում: Տեղական շարժումը պետք է գիտակցի, որ կան համաշխարհային բացասական փոփոխություններ, և համագործակցությունը շատ կարևոր է: Այսօրվա փոքր թվացող ուժերն են, որ որոշելու են վաղվա մեծ հավասարակշռությունները: Երբ տարբեր տիպի փլուզումներ են ընթանում, այդ փլուզվող ուժերի հավասարակշռության համար փոքր ուժերն են կարևոր դառնում: Երբ համակարգը մի վիճակից մյուսին է անցնում, փոքր ուղորդումները կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ. ինչպես աղը` ճաշի համի վրա: 

Ըստ Ձեզ` ի՞նչը խթանեց կանաչ ակտիվիստների շարժումները Հայաստանում: Դրանք առավել հասուն փուլ են հատում կարծես... 

Նյութապաշտական անհագ մոլուցքը, որը մոլորակը անխնա շահագործում է, մեր երկրում իր յուրահատուկ ձևն ունի: Հրանտ Մաթևոսյանի վեպերում կարելի է տեսնել, որ Խորհրդային տարիներին էլ բնության հանդեպ անգութ վերաբերմունք կար: Թվացյալ անկախ զարգացման  ընթացքում մենք ժառանգեցինք այդ չլուծված խնդիրները` մեր հասարակության անխնա վերաբերմունքը` հանդեպ այն միջավայրը, որն իրեն սնում է: Առհասարակ, ամեն ինչի ապրանքայնացումը արժեզրկեց մադու կյանքի որակը: Ագահությունը հասել է այն աստիճանի, որ մարդիկ հողաշերտն են վերածում ապրանքի. հողը, որ հազարամյակների ընթացքում ձևավորված հարստություն է, որն անընդհատ վերարտադրում և բազմապատկում է տվյալ երկրի հարստությունը: Մենք գոյության իմաստներին ենք խփում արդեն. և այն մարդը, որը զրկում է մեզ այդ իմաստներից, իրեն ևս զրկում է: Պայքարը պիտի լինի ոչ միայն մարդկանց դեգրադացնող գործունեության դեմ, այլև այդ մարդկանց բուն մարդկային էությունը վերադարձնելու համար: Այդ բարձր գիտակցությունը պետք է ակտիվիստներին թույլ չտա չարանալ նրանց հանդեպ, այլ առավել տոգորվել պայքարի կրքով, որովհետև իրենք առաքելություն ունեն: 

 Մինչդեռ մեր բարիքների մեծ մասը մենք նվեր ենք ստացել. հողը, ջուրը, արևը... Նվերի նկատմամբ պիտի նվիրական վերաբերմունք լինի: Պիտի հավասարակշռություն լինի առևտրայինի ու նվիրականի միջև: Շատ կարևոր է, որպեսզի էկոգիտակցության մասին խոսելիս մենք այն հանգեցնենք ոչ միայն իրավունքի, այլև` գեղագիտության, մշակույթի, սրտի հետ խոսող հոգևոր ձևերի: Համայնական գիտակցության  մշակույթ պիտի ձևավորվի, երբ դու քեզ դիտում ես որպես մի ամբողջի շատ կարևոր մասը. ամբողջ, որը ներառում է թե’ համայնքը, թե’ բնությունը, թե’ մշակութային ժառանգությունը: Տեր լինելու և ծառա լինելու պատասխանատվությունն է կարևոր, երբ առևտուրից զատ կա նվեր ընդունելու և նվիրելու բարձր ապրումը: Մեր նվեր ստացած կյանքը որ փչանում է, նվիրականն է փչանում: 

Արդյո՞ք ամեն բան պիտի նվիրական լինի: Չէ՞ որ կան բաներ, որոնք առևտրային պիտի լինեն, և դա մեր բնօգտագործման իրավունքն է: 

Ճիշտ հարաբերության և չափի զգացողությունն է, որ պիտի վերականգնվի: Դա կապված է մշակույթի և նորմերի հետ` առավել, քան իրավունքի: Իրավունքը հենվում է նորմերի վրա` այն կանոնների, որոնք տվյալ հասարակությունը կրում է: Ամեն իրավունք պիտի հենվի չգրված օրենքների վրա: Գրված օրենքները չեն կարող ինքնուրույն աշխատել, եթե չգրված օրենքներ չկան:

Հասարակությունը պարբերաբար մաքրվում է, ինչպես բնությունն իր ներսում` ծովերը, լճերը... Մարդու մարմինը աղտոտվում է և կարիք ունի մաքրման. նույնկերպ և հասարակությունը պիտի մաքրվի աղտոտվածությունից:

Մեկնաբանություններ (1)

Sarkis Chaghatsbanian
Bargeshd, daghantavor yev hayrenaser hor` bargeshd, daghantavor yev hayrenaser zavag.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter