HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան եզրափակիչ ակտը, 1975.միջազգային սահմաններով բաժանված ընտանիքների վերամիավորումը

Անահիտ Շիրինյան, Միջազգայնագետ

Նախապատմություն

1975 թվականի օգոստոսի 1-ին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողովում (ԵԱՀԽ) 35 երկրներ ստորագրեցին Հելսինկյան եզրափակիչ ակտը։ Սառը պատերազմի խորապատկերում դա Արեւմուտքի եւ Սովետական Միության միջեւ եղած լարվածության թուլացման՝ այսպես կոչված «ձնհալի» գագաթնակետն էր։

Հելսինկյան համաձայնություններում ստորագրող կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը բաժանվում էին չորս փաթեթների։ Առաջինը վերաբերում էր Եւրոպայի անվտանգության խնդիրներին։ Երկրորդն ուղղված էր տնտեսական, գիտական եւ բնապահպանական համագործակցությանը։ Երրորդում հումանիտար, տեղեկատվական, մշակութային եւ կրթական կապերն էին՝ ներառյալ ազատ տեղաշարժի եւ սահմաններով բաժանված ընտանիքների վերամիավորման իրավունքը։ Չորրորդում շարադրված էին դրանց իրականացման եւ վերահսկման մեխանիզմները։   

Հեկսինկյան համաձայնությունները Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եղած լարվածության թուլացման եւ ստորագրող կողմերի միջեւ համագործակցության սկզբունքների հաստատման կարեւոր քայլ էին։

Երկաթե վարագույրի երկու կողմերում էլ Հելսինկյան համաձայնությունները համարվում էին դիվանագիտական հաղթանակ, բայց տարբեր պատճառներով։

Եզրափակիչ ակտի՝ սահմանների անձեռնմխելության եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին դրույթը Սովետներն ընկալում էին որպես 2-րդ աշխարհամարտից հետո Արեւելյան Եւրոպայում ձեռք բերած տարածքների ամբողջականության երաշխիք։ Հետեւաբար՝ Խորհրդային Միությունը, ստորագրող մյուս կողմերի համեմատ, գերագնահատում էր (Եզրափակիչ ակտի) առաջին եւ երկրորդ փաթեթների դրույթները։ Մինչդեռ Արեւմուտքի համար կարեւոր էր Սովետների հավատարմությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի մարդու իրավունքներին վերաբերող դրույթներին։ Եւ ուրեմն շեշտը դրվում էր Համաձայնությունների՝ մարդու իրավունքներին եւ հումանիտար օգնությանը վերաբերող արձանագրումների վրա։ ԽՍՀՄ-ի եւ Արեւմուտքի հակասական այս գերադասությունները նրանց քաղաքական շահերի արտացոլումն էին՝ Արեւելք-Արեւմուտք գաղափարաբանական պայքարի համատեքստում։

Պատմաբանները Հելսինկյան համաձայնությունները հաճախ համարում են խորհրդային դիվանագիտության «մահացու հաղթանակ»։ Եզրափակիչ ակտը Արեւելյան Եւրոպայի երկրներում ոգեւորում էր այլախոհներին եւ մարդու իրավունքների ակտիվիստներին։ Համաձայնությունների հանձնառությանն ու իրականացմանը հետեւելու համար Խորհրդային Միությունում եւ Արեւմուտքում ստեղծվում էին Հելսինկյան խմբեր։ Շատերը կարծում են, որ համաձայնությունները դրեցին Արեւելյան բլոկի, ապա նաեւ՝ Խորհրդային Միության վախճանի սկիզբը։

Փաթեթ III  Ընտանիքների վերամիավորման դրույթը

Երրորդ փաթեթը, ի լրումն այլ արձանագրումների, ներառում էր մարդկանց միջեւ կապերի, ընտանիքի անդամների փոխայցելությունների եւ ընտանիքների վերամիավորման դրույթներ։ Մասնակից պետությունները պարտավորվում էին «դրական եւ մարդասիրական ոգով լուծում տալ իրենց ընտանիքների անդամների հետ վերամիավորվել ցանկացողների դիմումներին», անել դա «որքան հնարավոր է արագ» եւ «անհրաժեշտության դեպքում նվազեցնել դիմումներին առնչվող տուրքերն՝ այնպես, որ դրանք չափավոր լինեն»։

Հետպատերազմյան Եւրոպայում բաժանված (մասնատված) ընտանիքների միավորման խնդիրը բարդանում էր Խորհրդային Միության էմիգրացիոն քաղաքականության պատճառով՝ Սառը պատերազմի ողջ ընթացքում դառնալով խնդրահարույց հարց ԽՍՀՄ-Արեւմուտք հարաբերություններում։ Եզրափակիչ ակտում ընտանիքների վերամիավորման դրույթները ճշգրտորեն արտացոլում են այն դժվարությունները, որոնց բախվում էր Արեւելյան բլոկի երկրի բնակիչը՝ փորձելով օրինականորեն արտագաղթել իր երկրից։ Արտագաղթը Խորհրդային Միությունից եւ Արեւելյան բլոկի երկրներից սահմանափակված էր։ Դա համահունչ էր խորհրդային սոցիալիստական գաղափարաբանությանը եւ դրա հակադրությանը կապիտալիստական աշխարհին։ Արտագաղթի երեւույթն ինքնին հակասում էր կենտրոնացված կառավարմանը, կոլեկտիվ շահերին, անհատի կարիքներն անհրաժեշտ պետականին ստորադասելու ընդունված նորմերին, թշնամիներով շրջապատված լինելու զգացմանը։ Պատերազմի կորուստները, ծնելիության նվազ ցուցանիշները, աշխատուժի անբավարարությունը եւ ուղեղների հոսքն ամրապնդում էին այդ քաղաքականությունը։ Արտագաղթը դիտարկվում էր որպես ընդդիմացում սոցիալիստական համակարգին եւ հետեւաբար՝ համարվում դավաճանություն։

Թեեւ արտագաղթը արգելված չէր, բայց այն հանձնված էր վարչական մարմինների կամայական հայեցողությանը։ Երկիրը լքել ցանկացողներն այդ բանը կարող էին անել միայն իշխանության կողմից ելքի արտոնագիր ստանալով։ Դա ենթադրում էր ձգձգված, բարդ եւ ծախսատար գործընթաց՝ մերժվելու բարձր հավանականությամբ։ Սովորական դիմումը հաճախ դառնում էր աշխատանքից ազատվելու, երբեմն նաեւ՝ ձերբակալվելու պատճառ։ Ելքի վիզաներ (արտոնագրեր) տալը շատ հաճախ մերժում էին՝ հղում անելով «ազգային անվտանգությանը», պատճառաբանելով, օրինակ դիմողի՝ «պետական գաղտնիք» իմանալը։ Արտագաղթի արտոնությունները հիմնականում տրվում էին ընտանիքների վերամիավորման նպատակով եւ շատ դեպքերում երկարատեւ եւ բարդ վարչական ընթացակարգով։

Հելսինկյան համաձայնություններից առաջ էլ  գործում էին միջազգային պայմանագրեր եւ համաձայնություններ՝ ՄԱԿ-ի կանոնագիրը (1946 թ.), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թ.), Մարդու իրավունքների Եւրոպական կոնվենցիան (1950 թ.), Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիան (1965 թ.), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (1966 թ.), որոնք ազդեցության տարբեր ուժգնությամբ երաշխավորում էին ժամանակավորապես ճամփորդելու կամ մշտապես բնակվելու նպատակով երկիրը լքելու իրավունքը, ինչպես նաեւ ընտանիքի պաշտպանվածության ընդհանուր դրույթը։ Սրանք սակայն չէին պարտադրում ընտանիքների վերամիավորման ոչ մի կանոն։ Եզրափակիչ ակտը պարունակում էր այս իրավունքի իրականացման առավել մանրամասն դրույթներ։ Գործադրման պարտադիր ուժ չունեցող Հելսինկյան եզրափակիչ ակտն էր, որ արտագաղթի հարցերը դրեց ուշադրության կենտրոնում։ Սրա պատճառը թերեւս այն էր, որ իրավական նշանակությունից զատ, այն ուներ ավելի մեծ քաղաքական նշանակություն՝ որպես Արեւելք-Արեւմուտք լարվածության թուլացման կարեւոր հանգրվան։

Խորհրդային արտագաղթի ծավալը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների բարոմետրն էր։ Դրանով էր չափվում, թե Սովետները մարդու իրավունքների ասպարեզում որքանով են պահպանում իրենց հանձնառությունները։ Սակայն մինչ Արեւմուտքը մեծ ուշադրություն էր դարձնում մարդու այլ իրավունքների հետ միասին արտագաղթի իրավունքի իրականացմանը, ԽՍՀՄ-ը դա մեկնաբանում էր որպես միջամտություն իր ներքին գործերին։

Վախենալով ազատ տեղաշարժի նախադեպ ստեղծելուց՝ Արեւելյան բլոկի երկրները թույլ էին տալիս արտագաղթը միայն ընտանիքների վերամիավորման ու հայրենադարձության նպատակով։ Այս պրակտիկայից շահողը ազգային երեք խմբեր էին՝ հրեաները, գերմանացիները եւ հայերը։ Ի շահ նրանց արտաքին մեծ ճնշում կար Խորհրդային Միության վրա։ 1948-70 թվականներին, երբ արտագաղթը խիստ սահմանափակ էր, Իսրայելի կառավարության ճնշմամբ մի քանի հազար, հիմնականում տարեց հրեաների թույլ տրվեց վերամիավորվել իրենց ընտանիքներին։ Նույնկերպ մի քանի հազար գերմանացիներ Բոննի ճնշմամբ 1950-60-ականներին կարողացան տեղափոխվել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն։

Հայկական գործոնը, սակայն, մյուսներից տարբեր էր եւ կապված էր Սովետական Հայաստան ներգաղթած հայերի հետ։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդիկ եւ նրանց ժառանգները, որ սփռված էին աշխարհում, 2-րդ աշխարհամարտից հետո խորհրդային իշխանությունների կոչով եկել էին Հայաստան՝ օգնելու Հայրենիքի վերաշինմանը։ 1946-60 թվականներին շուրջ 100000 հայեր էին հայրենադարձվել Եւրոպայից, Մերձավոր Արեւելքից, Իրանից, Հյուսիսային Աֆրիկայից եւ Միացյալ Նահանգներից։ Հանդիպելով խորհրդային դառն իրականությանը եւ հիասթափվելով՝ նրանք սկսել էին բնակության նախկին վայերերը վերադառնալու ուղիներ փնտրել։

1950-ականներին ֆրանսիական կառավարության հորդորներով որոշ ֆրանսահայերի թույլ տրվեց գաղթել Ֆրանսիա՝ «հայրենադարձության» հիմքով։

«Ձնհալը» եւ արտագաղթի աճը

ԽՍՀՄ եւ Արեւմուտքի միջեւ «ձնհալի» շրջանում, սակայն, նկատվում էր Սովետների կողմից արտագաղթի քաղաքականության մեղմացում, եւ շատ մարդիկ 1971-80 թվականներին հեռանում էին։ Մեծ էր նաեւ Հելսինկյան Համաձայնությունների էֆեկտը։ Դրանց ստորագրումն Արեւելյան բլոկում հանգեցրել էր արտագաղթողների դիմումների կտրուկ աճի։ Սովետների՝ արտասահմանում քիչ թե շատ դրական կերպար ստեղծելու մղումը եւ ներքին վերահսկողության թուլացումը արտագաղթել ցանկացողներին տալիս էին ցույցեր անելու, հանրագրեր եւ պահանջագրեր ներկայացնելու առավել մեծ հնարավորություններ։

Այս զարգացումներից ոգեշնչված՝ Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եւրոպայում ստեղծվում էին Հելսինկյան կոմիտեներ, որոնք դիտարկում եւ հաշվետվություններ էին պատրաստում Արեւելյան բլոկում Եզրափակիչ ակտի իրագործման վիճակի մասին։ Այս կոմիտեներն աջակցություն էին ստանում ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եւրոպայի նմանատիպ խմբերից։ Նրանց զեկուցագրերում ներկայացվում էր մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով արտագաղթի եւ ընտանիքների վերամիավորման հետ կապված դժվարությունները, ինչը փակ տեղեկատվության պայմաններում աննախադեպ լուսաբանում էր տեղերում իրավիճակի վերաբերյալ։ Դրանց վրա հղումներ էին արվում Համաձայնությունների իրագործմանը նվիրված ԵԱՀԽ հաջորդ համաժողովներում։ Հելսինկյան համաձայնագրերի իրագործման վերաբերյալ դիտարկումները Հելսինկյան կոմիտեների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ կառավարությունների կողմից շոշափելի ճնշում էին Արեւելյան բլոկի երկրների վրա։

Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո ելքի վիզաներ տրամադրելու ընթացակարգում փոփոխությունները աննշան էին։ Այնուամենայնիվ, Արեւելյան բլոկի երկրներում ճամփորդել եւ ընտանիքներին վերամիավորվել ցանկացողների դիմումներին սկսեցին վերաբերվել առավել «դրական եւ մարդասիրական ոգով»։

1970-ից հետո ընտանիքների վերամիավորման հիմքով ավելի շատ հրեաներ սկսեցին դիմել արտագաղթի համար։ Նրանց մեծ մասը գնաց Իսրայել, մյուսները հաստատվեցին Միացյալ Նահանգներում։ 1973 թվականին Միացյալ Նահանգները ԽՍՀՄ-ում արտագաղթի քաղաքականության մեղմացումը որպես նախապայման դարձրեց իր կողմից առեւտրային մաքսերի վերացման համար։ Իր հերթին, գերմանացիների արտագաղթին նպաստեցին Արեւմտյան Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի «Օստպոլիտիկ»-ը եւ Բոննի ու Մոսկվայի մերձեցումը։ Արեւելյան բլոկի երկրները նաեւ ֆինանսական շահեր էին հետապնդում՝ արտագաղթի ալիք թույլ տալով։ Իսրայելը եւ Արեւմտյան Գերմանիան միգրանտների դիմաց ֆինանսական շարժառիթներ էին տրամադրում՝ այդ թվում «փրկագին» եւ վարկեր։ Օրինակ՝ Իսրայելի եւ Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության միջեւ գործարքի արդյունքում 235 000 հրեաներ Ռումինիայից արտագաղթեցին Իսրայել։ Ըստ գործարքի՝ յուրաքանչյուր մարդու համար  տրվում էր 2000-3300 ԱՄՆ դոլար։ Այս շրջանում հայերը նույնպես շարունակեցին արտագաղթել՝ հաստատվելով հիմնականում ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Արեւմտյան Եւրոպայում, Հունաստանում, Մերձավոր Արեւելքում, թեեւ հայերի համար որեւէ արեւմտյան կառավարություն լոբբինգ չէր անում։ Հակառակը, հայկական սփյուռքը, Սովետական Հայաստանը հայրենիք համարելով, մերժում էր արտագաղթը։ Պատմաբաններն առաջ են քաշում հրեաներին եւ գերմանացիներին զուգահեռ՝ հայերին արտագաղթելու արտոնություն տալու մասին տարբեր վարկածներ։ Ոմանք կարծում են, որ դա Խորհրդային Հայաստանի հանդեպ Մոսկվայի անտարբերության արտացոլումն էր, ինչպես նաեւ «խնդրահարույց տարրերից» ազատվելու ձգտումը, որն ունեին թե՛ Խորհրդային կենտրոնական իշխանությունները եւ թե՛ Հայաստանի պաշտոնյաները։ Մի այլ վարկածով՝ հեռանալ թույլ տալով հայերին, որոնց վրա եւս ակնհայտորեն տարածվում էր ընտանիքների վերամիավորման իրավունքը, Մոսկվան աշխատում էր ցրել այն տպավորությունը, թե հրեաների եւ գերմանացիների ելքն արտոնվում է արեւմտյան ճնշումներով։

Խորհրդային Միության այլ ազգերի ներկայացուցիչների արտագաղթը համեմատաբար քիչ էր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց, ովքեր ձգտում էին արտագաղթել ԱՄՆ կամ արեւմտյան այլ երկրներ, լիներ դա ընտանիքին վերամիավորվելու համար, թե՝ ոչ, խորհրդային իշխանությունները հորդորում էին դա անել Իսրայելում ազգականներին միանալու պատրվակով։

Խորհրդային զորքերի՝ Աֆղանստան մտնելուց հետո լարվածությունը կրկին աճեց եւ 1980-86 թվականներին արտագաղթը սահմանափակվեց։ 1986-ից հետո Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հրապարակայնության եւ վերակառուցման քաղաքականությունը հանգեցրեց վերահսկողության թուլացման եւ արտագաղթի նոր ալիքի՝ ԽՍՀՄ-ից ու Արեւելյան Եւրոպայից։

 

Bibliography:

Sidney Heitman, The Third Soviet Emigration, 1948-91, Refuge, Vol 13, No. 2 (May 1993)

Stephen H. Meeter, The Relation of the Helsinki Final Act to the Emigration of Soviet Jews, 1 B.C. Int'l & Comp. L. Rev. 111 (1977)

Basket Three: Implementation of the Helsinki Accords, Hearings before the Commission on Security and Cooperation in Europe, Ninety-fifth Congress,  First Session on Implementation of the Helsinki Accords, Volume I, Washington 1977

Implementation of the Final Act of the Conference on Security and Cooperation in Europe: Findings and Recommendations Two Years after Helsinki, Report Transmitted to the Committee on International Relations U.S. House of Representatives By the Commission on Security and Cooperation in Europe, Washington 1977


Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter