HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պաշտպանության նախարարը մեկնաբանել է պատասխան գործողությունը

ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սկզբից ևեթ նշեմ, որ Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը և դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ: Արցախի պաշտպանության բանակը երբևէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել և, այսուհետ ևս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին:

Ցավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել:

Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան: Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter