HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղքատության համայնապատկեր

Արփինե Հարությունյան
Օնիկ Գրիգորյան

Վեց երեխաներից միայն մեկն է տանը 

40-ամյա Համբարձում Սարգսյանը «Քիմռեակտիվ» գործարանի հանրակացարանի ամենահին բնակիչներից է: 17 տարի է իր ընտանիքով ապրում է այնտեղ: Ունի 6 երեխա: Մեծ աղջիկը` Նազիկը, արդեն 19 տարեկան է: Հեռացել է տանից: Սրճարանում մատուցողուհի է աշխատում: Չի ուզում ապրել հանրակացարանային պայմաններում, այլեւս չի տանում հոր հարբեցողությունը: 

Մյուս երեք աղջիկներն էլ արդեն մի քանի ամիս է Գյումրիում են`«Մայր Արուսյակի մանկատանը»: Երեխաները չեն ուզում տուն գալ, ասում են` այնտեղ իրենց լավ են զգում: Երեխաների մայրը` Մարգարիտան, չգիտի, թե ինչպես վարվի նրանց հետ: «Որ մնան Մայր Արուսյակի մոտ, գոնե կիմանամ, որ ապահով են, փողոց չեն ընկնի: Իսկ էստեղ ես չեմ կարողանում նրանց պահել»,-ասում է Մարգարիտան:

Հիմա Մարգարիտայի հետ ապրում է ամենափոքր դուստրը` Աստղիկը: Միակ որդին` Արթուրը (անունը փոխված է), գողության համար դատապարտվել Է եւ գտնվում է գաղութում: Արթուրը դպրոցում սովորել է մինչեւ 5-րդ դասարան: Հետո սկսել է աշխատել. տոպրակ է վաճառել: Ծնողների պատմելով` Արթուրն էր պահում ընտանիքը: Համբարձումը բողոքում է, որ Արթուրի ազատազրկման մեջ մեղավոր են նրա նոր ընկերները:

«Տղաս Կարմիր Խաչի միջոցով ճամբար գնաց ու ծանոթացավ մի խումբ տղաների հետ: Նրանք էլ սովորեցրին Արթուրին գողություն անել: Հիմա իրենք դուրս են եկել բերդից, իսկ իմ տղան դեռ էնտեղ է»,- ասում է Համբարձումը: Վերջերս Արթուրը նամակ էր գրել ծնողներին, որում գրված էր. «Ընտանիքիս նոր տարին շնորհավոր: Ուշադիր կարդա ինչ եմ ասում, պա: Հույսներդ հասկացա, որ կտրել եք, բայց ըտենց էլ չի լինի: Էս 1 տարի, 2 ամիս ա` փտեցի բերդերը: Եթե 100 դոլար չտաք, երեք տարի պիտի նստեմ: Արդեն երեք անգամ թոքաբորբ եմ ընկել: Մինչեւ ամսի տասը զոն եմ լինելու, եթե հասցրիք, լավ կլնի»: Տղայի նամակը ստանալուց հետո հայրը դիմել է իր ծանոթներին, բարեկամներին` այդ գումարը ձեռք բերելու համար, բայց չի կարողացել:

«Էրեխուս ճնշում են բերդում, ստիպում են, որ տարբեր գործեր իր վրա վերցնի: Ինքն էլ խելոք երեխա ա, զոհ ա գնում: Ես էլ չգիտեմ` ինչ անեմ, անճարությունից կնոջս վրա եմ թափում ջղայնությունս»,-ասում է Համբարձումը: 

Երբ առաջին անգամ գնացինք Համբարձումի տուն, կինն այնտեղ չէր: Հարբած վիճակում Համբարձումը ծեծել էր կնոջն ու, երեխան գիրկը, գիշերով դուրս հանել տանից: Մարգարիտան գնացել էր ծնողների տուն: «Էս առաջին դեպքը չի, որ ինձ ծեծում ա ու էս սառնամանիքին դուրս վռնդում: Ստիպված գնում եմ հորս տուն: Բայց նրանց վիճակն էլ է ծանր, ես էլ բեռ եմ նրանց վրա»,- պատմում էր Մարգարիտան: 

Անցյալ տարի Մարգարիտայի խնդրանքով Կարմիր Խաչը Համբարձումին տեղավորել է հիվանդանոցում` հարբեցողության դեմ բուժման կուրսեր ընդունելու համար: 13 օր բուժվել է, բայց որեւէ արդյունք չի տվել: ՙԷդ բուժման ընթացքում վիճակս ավելի վատացավ: Ով որ փող չէր տվել, գցել էին ցուրտ սենյակները: Հաց էլ չէին տալիս: Ինձ տալիս էին էն նույն դեղերը, ինչ հոգեկան հիվանդներին: Էդպես չեն բուժում: Բացի էդ, ամբողջ ընթացքում ընտանիքս անտեր ա մնացել, ոչ մի բանով չեն օգնել՚,-դժգոհում էր Համբարձումը: 

Հիմա Համբարձումը բեռնակրություն է անում: Նա է տան միակ աշխատողը: Բայց կնոջ ասելով` աշխատած գումարը ծախսում է օղու վրա, երեխաները սոված են մնում: «Տանը ոչինչ չի մնացել, ամեն բան վաճառել է, նույնիսկ կաթսաները: Ստացած օգնությունը` շաքար, բրինձ, տանում, ծախում է: Շատ բաներ հիմա փորձում եմ թաքցնել նրանից»,-պատմում է Մարգարիտան: 

Տանը մի պահարան կա, մահճակալ ու կիսաջարդ բազմոց: Լվացարան, զուգարան, խոհանոց չկա: Տանիքից մշտապես ջուր է կաթում: Այդ մի սենյակը երբեմն տաքացնում են էլեկտրական սալիկով: Բայց պատուհաններից ներս թափանցող քամին չի թողնում, որ տունը տաքանա: 

«Առաջ մի բազմոցին 3-4 հոգով էինք քնում, որ տաք լիներ: Բացի էդ, քնելու տեղ էլ չունենք: Ձմռանը էնքան ցուրտ է լինում, որ երեխաները տանը դողում են»,-նկարագրում է Մարգարիտան: Խոնավությունից ու ցրտից երեխաները շարունակ հիվանդ են: «Ես հավատացյալ եմ ու դրա համար էլ այսքան երեխա եմ ունեցել: Միշտ ասում էի` Աստծո տված են ու պետք է ունենալ: Հիմա եմ հասկանում, թե ինչ սխալ եմ եղել»,-ասում է նա: 

Նրանց տներում միշտ անձրեւ է գալիս 

«Արդեն 5 տարի է վարձով ապրում ենք այս հանրակացարանում: Ծանր պայմանների պատճառով վաճառեցինք մեր տունն ու մնացինք անօթեւան: Այս սենյակի համար հիմա ամսական վճարում ենք 10 000 դրամ: Երբեմն էդ փողը որ տալիս ենք, մնում ենք առանց հացի»,- պատմում է երկու անչափահասների մայր Նաիրա Գալստյանը: 

Երեւանի Էրեբունի համայնքում նախկին «Քիմռեակտիվ» գործարանին պատկանող հանրակացարանի 8-րդ հարկում վարձակալած բնակարանում է ապրում 41-ամյա Նաիրա Գալստյանի ընտանիքը: Երկրորդ երեխան ծնվել է հանրակացարանում ապրելու տարիներին: 1.5-ամյա դուստրը մինչ օրս ծննդյան վկայական չունի: Նաիրան ծննդաբերել է Էրեբունու հիվանդանոցում: Երեխային ծննդյան վկայական տալու համար բժիշկները 10 դոլար են պահանջել, բայց ծնողները վճարել չեն կարողացել:

Ամուսինը` Աշոտ Գալստյանը, վարորդ է, թեեւ բարձրագույն կրթություն ունի: Նաիրան մասնագիտությամբ մանկավարժ է, չի աշխատում: Ամուսնու աշխատած գումարը վարձավճարներին անգամ չի բավականացնում: Երեխաները հաճախ են հիվանդանում: Տանը ցուրտ է ու խոնավ: Տանիքից ջուր է կաթում, բետոնե հատակը սառն է. ծածկոցներ չկան: Երեխաները բոբիկ են քայլում հատակին, կոշիկ չունեն: 

«Փոքր աղջիկս համարյա միշտ հիվանդ է, չի լավանում: Արդեն երկու անգամ հիվանդանոց է պառկել: Տան խոնավությունից աչքերը մինչեւ հիմա բորբոքված են: Մյուս աղջիկս էլ մշտապես հազում է: Բժիշկ կանչել չեմ կարող, քանի որ վճարունակ չեմ: Ասում են` մինչեւ 7 տարեկան երեխաներին անվճար են սպասարկում տեղամասային պոլիկլինիկայում, բայց իրականում առանց փողի չեն օգնում»,-բողոքում է Նաիրան: Երկսենյականոց այս բնակարանը փորձում են տաքացնել փայտի վառարանով: Վառում են ամեն բան, ինչ ընկնում է ձեռքի տակ: Փայտը թանկ է, չեն կարող գնել: Նաիրան պատմում է, որ փողոցներից վառելու համար տարբեր իրեր է հավաքում: Վառել են նույնիսկ տան բազմոցն ու թախտը:

«Երբ տեսնում եմ երեխաներս դողում են, աչքիս ոչինչ չի գալիս: Ամեն բան կվառեմ, միայն թե տաքանան: Իմ կոշիկներն էլ եմ վառել: Երեխաներիս ջերմությունն ամեն ինչից կարեւոր է»,-ասում է Նաիրան: 

Ընտանիքը որեւէ նպաստ կամ օգնություն չի ստանում, քանի որ գրանցում չունեն: Բարեկամները մեկ-մեկ օգնում են, աջակցում են նաեւ հարեւանները: Ամեն օր հավաքվում են այն հարեւանի տանը, ով այդ օրը սուրճ է ունենում: Պատմում են իրենց կյանքից, խոսում օրվա հոգսերից: Այդպես հանգստանում են, այլ զբաղմունք չկա: Այս հանրակացարանի շատ բնակիչներ հեռուստացույց չունեն:

Բնակիչների ասելով` իրենց համար մեծագույն տոն է ջուր ունենալը, հոսող ջրով լվացվելը: 8-րդ հարկի կանայք ջուրը դիմացի շենքից են բերում: Այդ ընթացքում երեխաներին հետեւում են հարեւանները:

Միայնակ թողնել չեն կարող, քանի որ միջանցքները շատ վտանգավոր են. պատուհաններին ապակիներ չկան, ձմռանն աստիճանները սառած են: 

«Պատկերացնու՞մ եք, այս պայմաններում հյուրեր էլ ենք ընդունում: Աղքատ ենք, բայց մեծ սիրտ ունենք: Չնայած` մեր հյուրերին նախապես զգուշացնում ենք, որ անձրեւանոցով գան, որովհետեւ մեր տանը միշտ անձրեւ է գալիս առաստաղից: Անգամ Նոր տարուն Ձմեռ պապին մեծ աղջկաս անձրեւանոց էր նվեր բերել»,-հեգնանքով խոսում է Նաիրան:

Հանրակացարանում վարձակալած տները շատ չեն: Բայց նրանք, ովքեր բնակվում են

վարձակալած տներում, առավել ծանր վիճակում են: Չկա խոհանոց, լվացարան, զուգարան: Բաց են հոսանքալարերը, անձրեւոտ եղանակին սենյակների առաստաղից ջուր է կաթում: Վարձակալողները բնակարանների տերերին ամսական վճարում են մոտ 20 դոլար:

10 տարի է` սպասում են նոր բնակարանի

«Այս հանրակացարանում հնարավոր չէ ապրել: Հատկապես անձրեւների ժամանակ բոլոր սենյակները ջուր են լցվում: Խոնավությունից անընդհատ հիվանդանում ենք: Հարեւաններով մի քանի գերատեսչությունների դիմել ենք, բայց որեւէ բան չի փոխվել»,- բողոքում է հանրակացարանի բնակիչ Արարատ Խաչատրյանը:

Արդեն 20 տարի է` Ա. Խաչատրյանի ընտանիքն ապրում է այս հանրակացարանում: Արարատն ու կինը` Լաուրան, ծնունդով Արցախից են: Ապրել են Մարտակերտում, հետո տեղափոխվել են Երեւան: Արարատը մասնագիտությամբ գյուղատնտես է: Սկսել է աշխատել «Քիմռեակտիվ» գործարանում: Իր խոսքերով` լավից, վատից կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները: Հետո սեփականաշնորհել են բնակարանը: Այժմ բնակվում են հանրակացարանի 8-րդ հարկի 3 սենյականոց բնակարանում: Ժամանակի ընթացքում կարողացել են փոքր-ինչ վերանորոգել, լվացարան ու զուգարան են տեղադրել: Ինչպես 8-րդ հարկի մյուս բնակարաններում, այստեղ էլ ջուր չի հասնում:

«Ոչ մի կոմունալ հարմարություն չկա այս հանրակացարանում: Սարսափելի վիճակ է: Իբր թե մենք 3 սենյակ ունենք, բայց 2-ում ապրել հնարավոր չէ: Առաստաղից ջուր է կաթում»,-ասում է տիկին Լաուրան: Լաուրան ու Արարատն ունեն 2 երեխա` 22 ու 25 տարեկան: Իրենց հետ են ապրում նաեւ Արարատի ծնողները: Բայց գիշերելու տեղ չունենալու պատճառով արդեն մի քանի ամիս է ապրում են իրենց աղջկա տանը:

«Վաղուց ժամանակն է, որ երկու երեխաներս էլ ընտանիք կազմեն: Բայց մինչեւ նոր տուն չունենանք, նոր ընտանիք էլ չենք ունենա»,-բացատրում է Լաուրան:

Լաուրայի ու Արարատի որդիներից մեկը` 16 տարեկան Հայկը, զոհվել է Արցախյան կռիվների ժամանակ: 1993-ին միացել է կամավորական մի ջոկատի ու մեկնել Մարտակերտ: Նույն թվականին էլ սպանվել է: Կռիվների ժամանակ զոհվել է նաեւ Արարատի եղբայրը: Արարատն էլ է մասնակցել պատերազմին: Լինելով զոհված ազատամարտիկի ընտանիք` Պաշտպանության նախարարությունը խոստացել է նոր բնակարան տալ: 

«10 տարուց ավել է` սպասում ենք, բայց տուն չենք ստանում: Շարունակ քաշքշուկների մեջ ենք: Ամեն անգամ խոստանում են ու խաբում»,- պատմում է Արարատը:

Նոր տուն ստանալու պահանջով դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, Պաշտպանության նախարարություն, Նախագահին: 2003-ին ընտանիքին գրանցել են Պաշտպանության նախարարության Սոցիալական պաշտպանության հիմնադրամի կազմած ցուցակում, ըստ որի նախորդ տարի պետք է տուն ստանային: Սակայն հետո տեղեկացրել են, թե սեփականաշնորհած բնակարան ունեցողներին նոր տուն չի հասնում: 

Որպես զոհված ազատամարտիկի ընտանիք` ամսական 7000 դրամ նպաստ են ստանում: Այդ գումարը հազիվ է բավականացնում հոսանքի ամսական վարձը վճարելուն: Արարատի ներկայիս աշխատանքն էլ սեզոնային է: Զբաղվում է շինարարությամբ: Որպես կանոն` ձմռանն աշխատանք չի ունենում, ընտանիքը պահում են որդին ու կինը:

«Տան տղամարդու համար ավելի մեծ պատիժ չկա, քան անգործ նստելը: Սա պետություն չէ, մենք հայրենիք էլ չունենք: Ինչի համար գնացին, զոհվեցին մեր տղաները: Մի երկրի, որը գոյություն չունի՞: Ես անիծում եմ մեր ղեկավարներին, նրանք չգիտեն` ինչ է նշանակում որդի կորցնել: Գոնե ես մեռնեի»,-հոգոցով խոսում էր Արարատը: 

Հանրակացարանային անտերություն 

Երեւանի Էրեբունի համայնքում մի քանի հանրակացարաններ կան: «Էրեբունի» թանգարանից դեպի աջ տանող ճանապարհին նախկինում գործող երեք խոշոր գործարանների, ինչպես տեղացիներն են ասում, «Քիմռեակտիվների», «Վարորդների» ու «Դերժինսկու՚»երեք հանրակացարաններն են: Այնտեղ մինչ օրս բնակվում են գործարանների նախկին աշխատողները:

«Քիմռեակտիվ» գործարանի 8 հարկանի հանրակացարանը կառուցվել է 1972թ.: Այն ունի 200 սենյակ, որոնցում հիմա բնակվում է 370-380 մարդ: 1987-88 թթ. բնակարանները սեփականաշնորհվեցին: 5 տարի առաջ էլ ձեւավորվեց հանրակացարանի «Մուշ» համատիրությունը, որի պատասխանատվության տակ է այս կառույցը: Համատիրության նախագահը հանրակացարանի բնակիչներից է` Ժիրայր Մարտիրոսյանը: Հանրակացարանում ապրողներն առաջին հերթին նրան են մեղադրում, որ շենքը վատ վիճակում է:

«Մեր համատիրության ղեկավարը ոչ մի բանով չի զբաղվում: Շենքը քանդվում է, տանիքից ջուր է լցվում բոլորի բնակարանները: Գոնե փորձի մի ելք գտնել»,-բողոքում էր բնակիչներից մեկը: Իսկ Ժ. Մարտիրոսյանը պատճառաբանում է, որ ինքը ոչինչ անել չի կարող: 

«Համատիրությունն իր ուժերով պետք է գոյատեւի: Մեզ պետությունն ընդհանրապես չի օգնում: Մեր բյուջեն պիտի գոյանա բնակիչների սպասարկման վճարներից: Բայց քանի որ ի վիճակի չեն վճարելու, մնում ենք առանց բյուջեի: Բնակիչները մոտ 3 մլն դրամ են պարտք»,-բացատրում է Ժ. Մարտիրոսյանը: Հանրակացարանի բնակիչների 90 տոկոսը ծայրահեղ աղքատ է, չի կարողանում վճարել: Համատիրության նախագահը, սակայն, պատրաստվում է հարկադիր գանձումներով փող հավաքել: 

Շենքը երբեւէ չի վերանորոգվել: Տանիքը քանդված է, 8-րդ հարկի տների առաստաղից մշտապես «անձրեւ» է գալիս: Վերելակը չի գործում, միջանցքները մնացել են առանց դռների, պատուհանները` առանց ապակիների: Ձմռանը աստիճանները սառցակալած են, բոլոր կողմերից քամի է փչում: Միջանցքներում անտանելի ցուրտ է: 

Մարդիկ չեն կարողանում տաքացնել տները: Ամռանն էլ բնակիչներին հանգիստ չեն տալիս մոծակներն ու գարշահոտը, որը գոյանում է աղբակույտերից: Շենքերի վերջին հարկերը զրկված են ջրից: Դույլերով ջուր են բերում դիմացի շենքից: Բնակիչների ամենամեծ խնդիրը, սակայն, տանիքն է:

«Տանիքի վիճակը սարսափելի է: Հարեւաններով դիմել ենք թաղապետարան, քաղաքապետարան ու էլի տեղեր, բայց առ այսօր մեր գլխին ջուր է կաթում: Խոնավությունից հազար տեսակ հիվանդություններ ենք ձեռք բերում»,-պատմում է Սոնիկ Սարգսյանը: Տարիներ առաջ շենքի որոշ մասեր նորոգվել են, ջրատար խողովակներ են տարվել, միջանցքի պատուհաններն են վերականգնվել: Բայց դրանց մեծ մասը գողացել են:

«Երբ հանրակացարանը սեփականաշնորհվեց, գողությունները շատացան: 1989-95թթ. այս շենքը նմանվել էր գոմի: Անլույս տարիներին ցանկացած բան, որ հնարավոր էր վառել, գողանում էին: Գողացել են նաեւ շենքի անկյունաքարերից: Մեր շենքը դեռ վթարային չէ, բայց կարող է դառնալ»- ասում է Ժ. Մարտիրոսյանը: 

Իսկ կառավարությունը շարունակում է մշակել աղքատության կրճատման ծրագիր` ծախսելով հարյուր հազարավոր դոլարներ: Սեմինարներ, քննարկումներ են անցկացվում, ցույց են տրվում ցուցանիշներ, իսկ Երեւանում գտնվող այս հանրակացարանի բնակիչների կյանքում ոչինչ չի փոխվում. նրանք վաղուց հայտնվել են անդունդի խորքում, եւ վերադարձի ճանապարհ նրանցից ոչ ոք չի ակնկալում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter