HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն ԱՄՆ-ի բանտերը գերադասում են հայրենիքից

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ԱՄՆ ամենախոշոր ԷնԲիՍի (NBC) եւ ԷյԲիՍի (ABC) հեռուստաընկերությունների Կալիֆորնիայի կայանների ուշադրության կենտրոնում հայերն էին: Պատճառներից մեկն այն էր, որ այդ օրերին բավականին աղմկահարույց դատավարություն էր ընթանում: Ձերբակալվել էր 5 անձ: Նրանք մեղադրվում էին 30-ից ավելի խոշոր խանութներ թալանելու մեջ: Խմբի ղեկավարը æորջ Մուսա անունով մի լիբանանցի արաբ է, իսկ մնացած 5 անդամները հայեր են՝ Սարգիս Բալթաջյան՝ 38 տարեկան, Կարեն Թագվորյան՝ 29 տարեկան, Գեղամ Վերդիյան՝ 54 տարեկան, Տիգրան Սիմոնյան՝ 31 տարեկան: 

 Ձերբակալված հայերն ԱՄՆ-ում ապրելու իրավունք չունեն, եւ նրանց ապրուստի հիմնական միջոցը թալանն ու կողոպուտն էր: Հանցախմբին հաջողվել էր մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի ծխախոտ, հիմնականում «Dunhill» տեսակի, կրակայրիչներ եւ ոսկեղեն գողանալ: Նրանք իրենց այնքան ապահով էին զգացել, որ խոշոր պահեստ ունեին եւ գողացած իրերը երկար ժամանակ այնտեղից են սպառել: Լոս Անջելեսի ոստիկանությունն այս օրերին զբաղված է գողացած ապրանքների սպառողների որոնումներով: Ոստիկանությունը վստահ է, որ սպառողները հայեր են: 

ԱՄՆ-ի ազատազրկման վայրերում պաշտոնական տվյալների համաձայն այսօր ավելի քան 14.000 հայ կա: Նրանց մի մասին ԱՄՆ կառավարությունը որոշել էր ազատ արձակել՝ հայրենիք վերադառնալու պայմանով, սակայն մեր հայրենակիցները մերժել են առաջարկը՝ ԱՄՆ-ի ազատազրկման վայրերը գերադասելով «ազատությունից» Հայաստանում: 

 ԱՄՆ ազատազրկման վայրերում հայերի հայտնվելու հիմնական պատճառը կեղծարարությամբ զբաղվելն է: Այս հարցում, որքան էլ ծանր է խոստովանելը, ներքաշված է հայկական եկեղեցին՝ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի Սուրբ Աստվածածին Հայց. Առաք. եկեղեցին: Ի դեպ, այս եկեղեցին հայտնի է նաեւ նրանով, որ նկուղում «Բինգո» ունի, ինչի շնորհիվ երեկոյան կյանքն ակտիվանում է, իսկ օրվա ընթացքում եկեղեցում հոգեւորականները մեր հայրենակիցներին խորհուրդ են տալիս թանկարժեք զարդեր չկրել, հնարավորինս հնոտիներով ման գալ, որպեսզի կառավարությունից օգնություն ստանան: Օգնություն ստանալուց հետո մեր հայրենակիցները, չկարողանալով զսպել իրենց գայթակղությունը, շքեղ մեքենաներ են գնում: Ընդհանրապես, Կալիֆորնիա նահանգում հայերի շնորհիվ ավտոմեքենան դադարել է փոխադրամիջոց լինել եւ սկսել է հուշել տիրոջ ով լինելը: Փողոցում առանց դժվարության կարելի է գուշակել, թե որ մեքենայի տերն է հայ: 

 Այս հանգամանքն արդեն չի վրիպում նաեւ հայերի կողքին բնակվող այլ ազգերի աչքից: Նրանցից մի քանիսը զանգահարել է ԷնԲիՍի (NBC) հեռուստաընկերություն եւ պատմել հայ հարեւանների եւ հայկական եկեղեցում տիրող իրավիճակի մասին: 

 Գլենդելի ոստիկանության հետաքննչական բաժնի պետը հայերի մասին ավելի լավ կարծիքի է: Կապիտան Ռոնալդ Դեփոփմանի խոսքերով` ԱՄՆ 44.000 քաղաքների համեմատ Գլենդելն անվտանգության կղզի է: «Դա ոչ միայն ոստիկանների լավ աշխատանքի շնորհիվ է, այլեւ տեղի հայ համայնքի: Գլենդելի բնակչության մեծամասնությունը հայեր են, սակայն հայերի կողմից կատարված հանցագործություններն ընհանուր հանցագործությունների ընդամենը 17 տոկոսն են կազմում: Այստեղ ընդամենը մեկ հայկական հանցավոր խմբավորում կա «Armenian power» անվանումով, որը մեքսիկական հանցավոր խմբավորումների համեմատ շատ թույլ է»,- մեզ հետ հանդիպման ընթացքում ասաց պարոն Դեփոփմանը: Ըստ նրա` Գլենդելի ոստիկանությունն այսօր իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է փողոցային հանցագործությունների վրա, որոնց մեջ հիմնականում ներգրավված են մեքսիկացիները: Գլենդելի 1000 բնակչին միջին հաշվով ընկնում է 1,2 ոստիկան: Պարոն Դեփոփմանի կարծիքով, Գլենդելում անհրաժեշտ է ավելացնել ոստիկանների թիվը: 

 Քաղաքային խորհրդի անդամ Բոբ Յուսեֆյանը կարծում է, որ Կալիֆորնիայում հանցագործությունների մեջ ներգրավվածները հիմնականում Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ ժամանած հայերն են: «Խորհրդային Միության փլուզումից հետո ԿԳԲ-ի աշխատակիցները մնացին անաշխատանք: Նրանք, ովքեր կարողացան գալ ԱՄՆ, այսօր հանցագործությունների մեջ են ներքաշված: Ես գիտեմ նման հայեր, որոնք զենքը ձեռքին պարբերաբար գալիս են, դուռդ ծեծում ու ասում. «Ապեր, ես եկել եմ, տուր գնամ, թե չէ կսպանեմ»: Նա, ով մի անգամ արդեն գումար է տվել դրանց, չի կարողանում ձեռքներից պրծնել: Ինչպես իտալական մաֆիան էր իտալացիներին շորթում, այսօր էլ հայերն են հայերին շորթում»-ասաց պարոն Յուսուֆյանը: 

ԱՄՆ-ի ազատազրկման վայրերում հայերի հայտնվելու պատճառներից մեկն, ինչպես ասաց Գլենդելի «Հայ Դատի» գրասենյակի տնօրեն Արտաշես Ղասակյանը, այն է, որ նրանք ծնվել են Իրանում, Իրաքում, Լիբանանում, եւ ամերիկյան կառավարությունը նրանց շփոթում է մուսուլմանների հետ: Սեպտեմբերի 11-ից հետո 20-80 տարեկան բոլոր տղամարդիկ, ովքեր ծնվել են մուսուլմանական երկրներում եւ գտնվում են ԱՄն-ում, չունենալով մշտական բնակության իրավունք` պարտավոր են ներկայանալ ոստիկանություն եւ գրանցվել: «Սեպտեմբերի 11-ից հետո 800 հայ հայտնվել է բանտում, եւ մինչ օրս նրանց որեւէ մեղադրանք առաջադրված չէ: Պատճառն այն է, որ նրանց շփոթել են մուսուլմանների հետ: Այդ մարդիկ չունեն քաղաքացիություն եւ որեւէ կերպ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց Արտաշես Ղասակյանը: 

 Պարոն Ղասակյանի ասելով` «Հայ Դատի» գրասենյակը փորձում է աջակցել նաեւ այն հայերին, որոնց ընտանիքները գտնվում են այլ երկրներում եւ չեն կարողանում մուտք գործել ԱՄՆ: Օրինակ` Իրանի հայերը չեն կարող միանալ ԱՄՆ-ում գտնվող իրենց ընտանիքներին միայն այն պատճառով, որ Իրանում ամերիկյան դեսպանատուն չկա: «Խորհրդային միության տարիներին ԱՄՆ-ն հայերին խրախուսում էր գալ ԱՄՆ, իսկ այսօր, երբ հայերն Իրանից կամ Իրաքից են ուզում գալ, նրանց անվանում են ահաբեկչական երկրների ներկայացուցիչներ: Այդ պատճառով էլ բազմաթիվ հայեր Իրանից եւ Իրաքից մեկնել են Ավստրալիա, սակայն այնտեղից չեն կարողանում գալ ոչ ԱՄՆ, եւ ոչ էլ վերադառնալ իրենց երկրները: Իրանում եւ Իրաքում, իմանալով, որ նրանք ԱՄՆ քաղաքացիություն են խնդրել, նրանց միանգամից զրկում են ունեցվածքից եւ աշխատանքից»,- ասաց պարոն Ղասակյանը: 

 «Հայ Դատի» գրասենյակի տնօրենը վստահեցրեց, որ իրենք պարբերաբար հանդիպում են Սենատի եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ եւ փորձում օգնել մեր հայրենակիցներին, սակայն պարոն Ղասակյանին չհաջողվեց նշել գոնե մեկ հայի անուն, որին «Հայ Դատի» գրասենյակը կարողացել է օգնել: Արտաշես Ղասակյանը նաեւ չթաքցրեց, որ այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չեն կատարում սփյուռքի մեր քաղաքական ուժերը եւ բարեգործական կազմակերպությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter