HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարարտանյութը վճարունակների համար է

«Դրամաշնորհի շրջանակներում ստացված պարարտանյութի բաշխումը գյուղում շատ ժամանակ նմանվում է «պատերազմի»,- ասում է Զառ գյուղի գյուղապետ Մաթեւոս Մաթեւոսյանը: Պրն. Մաթեւոսյանի այս արտահայտությունը կրկնում էին Կոտայքի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում՝ Կամարիս, Սեւաբերդ, Սարալանջ, Զովք, Հատիս եւ այլն: Բնակիչները դժգոհում էին պարարտանյութի սակավությունից, շատերն էլ պնդում էին, որ իրենք ընդհանրապես չեն կարողանում օգտվել գյուղ հասած համեմատաբար էժան պարարտանյութից: 

Հայաստանում ազոտական պարարտանյութ ներկրվում է երկու եղանակով՝ կոմերցիոն, որն ազատ է վաճառքի համար, միաժամանակ թանկ՝ սպառողի համար եւ երկրորդը` դրամաշնորհային ճանապարհով: «Վերջին վեց տարիների ընթացքում Ճապոնիայի եւ ՀՀ կառավարությունների միջեւ 1998թ.-ի մարտի 26-ին պարենային արտադրության ընդլայնման ծրագրի իրականացման վերաբերյալ փոխանակած նոտայի համաձայն տրամադրված դրամաշնորհի հաշվին ՀՀ ներկրվել է 62 հազար 143 տոննա ազոտական պարարտանյութ,- ասաց Գյուղնախարարության Ագրովերամշակման եւ գործարարության աջակցության վարչության սպասարկումների բաժնի պետ Արամ Միքայելյանը: 

 ՀՀ կառավարության որոշումով, դրամաշնորհային ճանապարհով ստացված պարարտանյութի տարեկան պաշարը բաշխվում է հանրապետության տարածքով՝ ելնելով մարզերի հողատարածքների չափերից: Այնուհետեւ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի ու Գյուղատնտեսության նախարարությունները պարարտանյութի աճուրդային վաճառքն իրականացնում են գործակալ կազմակերպությունների միջոցով՝ աճուրդային կարգի հիման վրա: Կոտայքի մարզին այս տարիներին հատկացվել է 500 տոննա պարարտանյութ` տոննան միջինը 46 000 դրամով»: Պարոն Միքայելյանի պնդմամբ, մշակված է բնակչության իրազեկման համակարգ, նախապես մարզպետարանների, գյուղապետարանների միջոցով տեղի բնակչությանը տեղյակ է պահվում աճուրդի իրականացման մասին, իսկ վաճառքի արդյունքներին գյուղերի բնակիչները կարող են ծանոթանալ Գյուղնախարարության «Ագրո լրատու» թերթից: Գյուղնախարարությունը պարարտանյութերի հետագա իրացումը վերահսկելու այլ իրավասություն չունի: 

 Գործակալ կազմակերպությունը, որն իրականացնում է դրամաշնորհային պարարտանյութի աճուրդային վաճառքը, «Ագրոքիմիա» ՓԲԸ-ն է: «Ագրոքիմիա» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանի համոզմամբ դրամաշնորհային պարարտանյութը հասնում է իր հասցեատիրոջը՝ գյուղացուն։ «Պարարտանյութի աճուրդների մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը գյուղապետերն են կամ նրանց կողմից լիազորված անձինք։ Աճուրդի մասնակիցները ներկայանում են համայնքների անունից, գյուղերի հողատեսքերի համաձայն մարզպետարանների՝ նախապես կազմված ցուցակներով»,-ասում է նա։ 

 Պարոն Մանուկյանը հիշեց, որ Կոտայքի մարզի հետ կապված խնդիրներ եղել են. գյուղերից մեկի, որի անունը նա այդպես էլ «չմտաբերեց», գյուղապետը պարարտանյութը գնել էր, բայց գյուղ չէր հասցրել։ «Ագրոքիմիա» ընկերության առաքման բաժնում իրավապահ մարմինները համապատասխան ստուգումներ կատարել եւ համոզվել էին, որ պարարտանյութի առաքումը իրականացվել է։ «Կառավարության եւ մեր խնդիրն է, որ նշված ապրանքը հասնի ժողովրդին»,-- ասում է Վլադիմիր Մանուկյանը: Մարզերի հետ մենք համաձայնեցնում ենք աճուրդն իրականացնելու օրը: Նրանք նախապես իրենց տեղական մամուլով, հեռուստատեսությունով իրազեկում են բնակչությանը աճուրդի իրականացման օրվա, ժամի, սակագնի մասին: Օրինակ՝ Կոտայքի մարզում այս տարի «Կոտայք» անկախ թերթում աճուրդից 4 օր առաջ Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից հայտարարություն է հրապարակվել»: 2003թ.-ին Կոտայքի մարզի մասնաբաժինը եղել է 900 տ, որը բաշխվել է հետեւյալ կերպ. Կամարիս՝ 11 տ, Ջրաբեր՝ 12տ, Բուժական՝ 15տ, Գառնի՝ 20տ, Սեւաբերդ՝ 13տ, Սարալանջ՝ 8տ, Զովունի՝ 10տ, Հատիս՝ 6տ, Զառ՝ 12տ եւ այլն։ 

 «Դրամաշնորհի շրջանակներում տրամադրած պարարտանյութի քանակությունը չնչին է,- ասում է Զառի համայնքապետ Մ. Մաթեւոսյանը։ Համայնքապետի ասելով՝ Գյուղնախարարությունից պատճառաբանում են, որ նրանք չեն կարող բավարարել ողջ համայնքի պահանջարկը եւ առաջարկում են բաշխելիս առաջնահերթությունը տալ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Պարոն Մաթեւոսյանը գտնում է, որ պետության սահմանած ժամկետները շատ սուղ են եւ չեն հասցնում հավաքել պարարտանյութի գումարները գյուղացուց։ «Մեզ տրված ազոտական պարարտանյութի առավելագույն քանակը եղել է 20 տոննա, որ 240 պարկ է կազմում, սակայն գյուղում ունենք 316 սեփականատեր»։ Տվյալ պահին գյուղացիները վճարունակ չեն»: Զառի համայնքապետի ասելով՝ պարարտանյութն էլ իր գնով վաճառելը դժվար է, քանի որ փոխադրման ծախսերը համայնքապետարանը պետք է կատարի, իսկ դրամահավաքման ժամկետները սեղմ են։ «Պարարտանյութը հանվում է վաճառքի, գումարն արագ հավաքելու պատճառով վաճառում ենք 4-5 պարկով, տվյալ պահին ով վճարունակ է, նա էլ գնում է։ Փաստացի պարարտանյութը հասնում է վճարունակին, ոչ թե սոցիալապես անապահովին»,-իրականությունն է փաստում համայնքապետը։ 

 Գյուղացիները դժգոհում էին վաճառքի կարճ ժամկետներից եւ պարարտանյութի սակավությունից. «Մի տուփ սելիտրան 4550 դրամ է մեզ վաճառում գյուղապետը, յուրաքանչյուր տնտեսությանն էլ` մի պարկ: Դրանից ավել եթե ցանկանում ես վերցնել, քեզ կտան նրա բաժինը, ով գումար չի ունեցել գնելու»,- ասում է Բուժական գյուղի բնակիչ Հայկարամ Մելոյանը։ «Հողերն ուժից ընկած են, ազոտական սելիտրան չեն կարողանում գնել, որովհետեւ 50 կգ-ը 3050 դրամով են վաճառում գյուղացիներին: Բուժանյութ չեն կարողանում գնել»,-ասաց Զովքի համայնքապետի տեղակալ Ալիկ Գեւորգյանը: 

 «Ագրոքիմիա» ընկերության տնօրենը բնակչության դժգոհությունը բացատրում է հանրապետությունում պարարտանյութի պահանջարկի կտրուկ անկմամբ։ «Հայաստանում ազոտական պարարտանյութի պահանջարկը 80-ականներին հասնում էր մինչեւ 200 հազար տոննայի։ Այժմ, երբ գյուղացու պահանջարկը պայմանավորված է ֆինանսական վիճակով, այն գնալով իջնում է։ Այսօր իրական պահանջարկը 100-120 հազար տոննա է։ Սակայն Հայաստանում կոմերցիոն եւ հումանիտար ճանապարհներով 40 000 տոննայից ավել պարարտանյութ չի վաճառվում,- ասում է պարոն Մանուկյանը։ Նրա ասելով, հումանիտար պարարտանյութի մասնաբաժինը բավարարում է հանրապետության պահանջարկի միայն 25%-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter