HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սահմանամերձ անտառները չեն վերահսկվում

«Հետք»-ը տեղեկատվություն ու լուսանկարների փաթեթ է ստացել այն մասին, որ Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում իրականացվել են ապօրինի ծառահատումներ։

Լուսանկարներում պարզ երեւում են հատված երիտասարդ ծառեր, ինչպես նաեւ կոճղեր, որոնց մի մասը, հետքերը թաքցնելու նպատակով, այրած։ Տեղեկատվության աղբյուրը նշել է, որ լուսանկարներն արվել են Արծվաբերդի անտառտնտեսության Ծաղկավանի անտառպետության Կոծոծկուտ հանդամասի եւ Արծվաբերդի անտառպետության տարածքում։

Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամլո ծառայության միջոցով իրականացրած հարցմանն ի պատասխան, խնդրել էր իրեն ժամանակ տրամադրել՝ անձամբ նշված տարածքներում դիտարկումներ իրականացնելու համար։

Մի քանի օր ուսումնասիրություններ կատարելուց հետո Ադամյանը «Հետք»-ին պարզաբանեց, որ Արծվաբերդի անտառպետության տարածքում հայտնաբերել է 7 ապօրինի հատված ծառ եւ արձանագրել խախտումները։

Իսկ ինչ վերաբերում է Ծաղկավանի Կոծոծկուտ հանդամասին, ապա, անտառտնտեսության տնօրենի խոսքով, այն հանրապետության լավ պահպանված տարածքներից մեկն է, այնտեղ նման հատումներ չի հայտնաբերել։ Փոխարենը, ըստ Ադամյանի, վատ վիճակ է արձանագրվել Կոծոծկուտի հարեւան հանդամասում, որին պայմանականորեն ասում են Թուրքի ղաշ։

Թուրքի ղաշը, Ավետիք Ադամյանի խոսքով, անհնար է վերահսկել, քանի որ այն ռազմական գոտուն հարակից տարածք է՝ սահմանակից է հայ-ադրբեջանական շփման գծին։

«Դա դեպի Ճամբարակի ուղղությունն է, Բերդից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ հատումներ շատ կան, բայց անտառապահն ի վիճակի չէ պատշաճ վերահսկել։ Ուղղակի անհնար է։ Տարածքում ռազմական հենակետեր էլ կան։

Բազմիցս դիմել եմ մեր ղեկավարությանը, առաջարկելով կամ նշված ավելի քան 50 հեկտար տարածքը հանձնել ՊՆ-ի վերահսկողությանը, կամ այլ լուծում գտնել առավել արդյունավետ կառավարման նպատակով։

Դա Բերդից շատ հեռու տարածք է, եւ շամշադնեցին չի գա հասնի էնտեղ՝ ծառ հատելու համար։ Էդ տարածք ավելի շատ Ճամբարակի շրջանից են գալիս»,-ասաց անտառտնտեսության տնօրենը:

Նա նշեց, որ անտառտնտեսության տարածքում չի կարող իդեալական վերահսկողություն լինել, հատումներ լինում են, քանի որ տեսուչների եղած կազմով դժվար է վերահսկել ողջ տարածքը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի անտառներում վերջերս բազմաթիվ աղմկոտ պատմություններ են եղել։ Իսկ ամենաաղմկոտը անկասկած Դիլիջան ազգային պարկում արձանագրված բացահայտումներն են։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավելի քան 6000 ծառ է հատվել վերջին տարիների ընթացքում։

Մեր տեղեկություններով, վնասի ընդհանուր չափը մոտենում է 200 միլիոն դրամին։ Եվ սա՝ ազգային պարկի ընդամենը 70 տոկոսի ստուգման արդյունքում։

Ազգային պարկում տեղի ունեցածից հետո ուժեղացվել է հսկողությունը մարզից դեպի Երեւան տանող ճանապարհին։ Դիլիջանից դեպի Երեւան տանող ուղղության առաջին ոլորանի մոտ տեղադրված է 24-ժամյա հսկողություն իրականացնող ուղեկալ։ Ոստիկանության եւ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները համատեղ ծառայություն են իրականացնում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter