HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

«Թունաքիմիկատների գերեզմանոցից արտանետումներ կան»,- պնդում է էկոլոգ Լիլիկ Սիմոնյանը

«Մինչեւ հիմնական լուծում գտնելը պետք է առաջնահերթ ցանկապատել, առուներ սարքել եւ ուսումնասիրել սողանքի մարմինն ու գերեզմանոցը: Այս ամենի համար նախահաշիվը կազմում է 10մլն դրամ»,-ասում է Արտակարգ իրավիճակների վարչության /ԱԻՎ/ Տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լյուդվիգ Նազարյանը:

Ինչպես արդեն նշել ենք, Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող 500 տոնա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է սողանքի գոտում: Բնապահպանների եւ գիտնականների կարծիքով՝ հնարավոր է էկոլոգիական աղետ:

Հետաքննող լրագրողների ընկերակցության՝ Արտակարգ իրավիճակների վարչությանն (ԱԻՎ) ուղղված նամակից հետո ԱԻՎ-ը վտանգի մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վարչապետի հանձնարարականով Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարությունների, ԱԻՎ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները քննարկել են գերեզմանոցի վիճակի կարգավորման հարցը: «Առաջարկությունները ներկայացրել ենք կառավարություն: Հիմա նրանք պիտի որոշեն, թե որ առաջարկն են ընդունում եւ ինչպես է ֆինանսավորվելու այն: Հետո կառավարությունը կհանձնարարի համապատասխան կառույցին ու մասնագետներին զբաղվել դրանով»,-ասաց ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը:

Վարչապետի հանձնարարականով քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն: Սակայն ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը ներկա է եղել որպես հրավիրված եւ հնարավորություն չի ունեցել մասնակցել քննարկմանը: Այս կազմակերպությունը մի քանի տարի արդեն զբաղվում է այս գերեզմանոցի խնդիրներով: «Մենք ուսումնասիրություն ունենք, որ գերեզմանոցից թունաքիմիկատների արտանետում կա: Այսինքն՝ այն վտանգավոր է մարդու առողջության համար: Պետք է էկոլոգիապես ճիշտ լուծում գտնել: Հաշվի առնելով մեր պետության հնարավորությունները` մենք կարծում ենք, որ պարտադիր է միջազգային կազմակերպությունների միջամտությունը»,-ասում է Լ. Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետությունը 2001թ. ստորագրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի համաձայնագիրը, որի նպատակն է «պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից»: Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ անդամ-պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի կայուն օրգանական աղտոտիչների հայտնաբերման, հաշվառման ու դրանց անվտանգ, արդյունավետ եւ էկոլոգիապես ռացիոնալ կարգավորման համար: Բացի այդ, համաձայնագրի անդամ զարգացած երկրները պարտավորվում են տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներ զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին (հոդված 12, 13):

Համաձայնագրի պատասխանատուն Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանն է: Նա հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մշակվում է Ազգային ծրագիր եւ պետք է հաշվառել, թե մեր պետությունում ինչ տեսակի եւ ինչ քանակությամբ թունաքիմիկատներ կան: Համաձայնագրի շրջանակներում հաշվառվե՞լ է արդյոք 500 տոննա թունաքիմիկատ պարունակող գերեզմանոցը՝ մեզ չհաջողվեց պարզել: Անահիտ Ալեքսանդրյանը ժամանակ չգտավ պատասխանել մեր հարցերին` ասելով, թե ինքը զբաղված է ավելի կարեւոր եւ հրատապ հարցով: Ավելացնենք, որ Ա. Ալեքսանդրյանի նշած վերոհիշյալ ազգային ծրագիրը գրելու համար Հայաստանը ստացել է 500 000 դոլարի դրամաշնորհ: Դրամաշնորհը տնօրինում է հենց Անահիտ Ալեքսանդրյանը: 

Չնայած ԱԻՎ-ը դեռ չի ուսումնասիրել սողանքն ու գերեզմանոցի վիճակը՝ Լյուդվիգ Նազարյանը պնդում է, որ «20-25 տարի ոչինչ չի եղել, այդքան ժամանակ էլ այդ գերեզմանոցին ոչինչ չի պատահի, սողանքը դեռ հեռու է ու չի հասնի թունաքիմիկատների գերեզմանոցին»: Իսկ գերեզմանոցի տարածքն ուսումնասիրած միակ երկրաբանը` ԳԱԱ-ի ԵԳԻ գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ռ. Յադոյանը վստահեցնում է, որ այդ տարածքում կա ակտիվ սողանք եւ բավական է հավասարակշռության թեթեւ խախտում եւ այն կակտիվանա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter