HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գերակա շահ հռչակված տարածքում հյուրանոցային համալիր կառուցվելու է»

վստահեցնում է «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն

50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը մեկնարկեց 2009 թ. վերջին` «Տաթեւեր» ճոպանուղու կառուցմամբ: Ծրագիրը կազմված է մի շարք բաղադրիչներից` Տաթեւի վանական համալիրի պահպանում, վանական եւ գիտական ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային ապրանքի մշակում Որոտան գետի կիրճում ու հարեւան համայնքներում:

Ճոպանուղու կառուցման նպատակով Տաթեւ եւ Հալիձոր համայնքներին պատկանող հողատարածքների մի մասը կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 848 Ն որոշմամբ հռչակվեց գերակա շահ: 2010 թ. հոկտեմբերի 16-ին 6 հա-ի վրա կառուցված ճոպանուղու 2 կայանները հանձնվեցին շահագործման, իսկ ահա գերակա շահ հռչակված 11 հա-ի հետ կապված` շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության համար անսպասելի խնդիրներ ծագեցին:

Նշված տարածքում նախատեսվում էր կառուցել հյուրանոցային համալիր, բիզնես կենտրոն, ձիարշավարան, քոթեջներ, թենիսի կորտեր, փակ լողավազան, մարզասրահ, ռեստորան եւ այլն:

Հողերի ձեռք բերման եւ շինարարական աշխատանքների իրականացման գործով զբաղվող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի գործողությունների դեմ բողոքող 12 հալիձորցիներ դիմեցին դատարան: Նրանք հրաժարվում էին գերակա շահ հռչակված իրենց սեփականությունը հանդիսացող հողերը վաճառել «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին մեկ քմ-ի համար առաջարկած, ըստ իրենց պնդմամբ, կադաստրային արժեքից շատ ցածր գնով:

Այս խնդրի հետ կապված` 2010 թ. նոյեմբերին պարզաբանումներ տվեցին «Ազգային մրցունակության հիմնադրամի» այժմ արդեն նախկին ղեկավար Բեկոր Փափազյանն ու Տաթեւի ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի շինարարական ծրագրի նույնպես նախկին ղեկավար, Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ Արտաշես Ղազախեցյանը:

Մեկ տարի առաջ պարոն Ղազախեցյանը պնդում էր, որ ամեն ինչ արվել է ճիշտ: Իրենց հողակտորները կազմակերպությանը վաճառած 40 հալիձորցիներն ամեն դեպքում գոհ են եղել գործարքից, իսկ դժգոհող կողմը պարզապես ցանկացել է օգտվել առիթից:

Քանի որ այդ մարդկանց հողակտորները գտնվում են արդեն իսկ վաճառված հողակտորների արանքում, նրանք էլ հասկանալով` «...որ իրենք գտնվում են ճիշտ մեջտեղում, եւ առանց իրենց համաձայնության` ցանկացած ծրագիր կձախողվի, որոշել են, որ իրենք գտնվում են բարվոք վիճակում, դրա համար էլ փորձում են մինչեւ վերջ պնդել իրենց ասածը»,- մեկ տարի առաջ ահա այսպիսի կարծիք հայտնեց Արտաշես Ղազախեցյանը:

Վերջինիս պնդմամբ` իրենք աշխատանքներ իրականացրել են միայն գնված տարածքներում, որոնց համար վճարել են սեփականատեր գյուղացիներին:

Մեկ տարի առաջ ներկայացվեց նաեւ ահա այս մակետը, որտեղ հստակ գծանշված են կառուցապատվող տարածքում նախատեսված օբյեկտները: Մեկ տարի առաջ Ա. Ղազախեցյանը պարզապես համոզված էր, որ շատ շուտով կլուծվեն գործարքից դժգոհ հալիձորցիների խնդիրները, եւ կսկսվեն համալիրի շինարարական աշխատանքները:

Ծրագրի մեկնարկից 2 տարի անց Հալիձոր գյուղ տանող ճանապարհի հարեւանությամբ գտնվող այդ տարածքում դեռ ոչ մի աշխատանք չի կատարվել: Ավելին, այս տարվա հոկտեմբերին լինելով նշված վայրում` արձանագրեցինք, որ տարածքից բացակայում է նախկինում այստեղ գտնվող «Ռենկո» կազմակերպությանը պատկանող շինարարական տեխնիկան:

Նոյեմբերի 1-ին «Հետքը» հարցում ուղարկեց «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին, որի ղեկավարը նույնպես փոխվել է: Պարզվեց, որ նորանշանակ տնօրենը Տիգրան Ղազարյանն է` «Տաթեւեր» ճոպանուղու կառավարիչը:

Վերջինիս խնդրել էինք պատասխանել հետեւյալ հարցերին` ինչու՞ արդեն երկրորդ տարին է` հյուրանոցային համալիրի կառուցման համար ձեռք բերված 11 հա տարածքում շինարարություն չի ընթանում, ի՞նչ է կառուցվելու նշված տարածքում` բացի հյուրանոցից, կա՞ն, արդյոք, նախագծային փոփոխություններ, եթե այո, ապա խնդրում ենք նշել ինչպիսի, որքա՞ն գումար է ներդրվելու շինարարությունն իրականացնելու համար եւ ի՞նչ աղբյուրներից:

Դատական վեճի կողմ հանդիսացող գյուղացիներն այդպես էլ չեն վերցրել նրանց համար կազմակերպության բացած հաշվեհամարներին փոխանցած գումարները, որը գործարքի կայացման երաշխիք կլիներ: Ի՞նչ է պատրաստվում այս առումով անել «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն` շարունակելու է սպասե՞լ, թե՞ ամեն դեպքում կսկսի շինարարական աշխատանքները եւ այլն:

Պատասխան նամակում «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի տնօրինությունը նշել էր հետեւյալը. ««ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցի պահանջարկը ուսումնասիրման փուլում է, այն է` տարածքում իրականացվում է շուկայի ուսումնասիրություն, ուսումնասիրվում է կառուցվելիք հյուրանոցի տեսակի եւ տրամադրվելիք ծառայությունների պահանջարկը: Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կամբողջացվի առաջարկվելիք հյուրանոցային ծառայությունների ձեւաչափը, որից հետո միայն, ըստ անհրաժեշտության, կսկսվեն հյուրանոցի շինարարական աշխատանքները: Այս փուլում դեռեւս հայտնի չեն շինարարության ծավալները, այդ թվում նաեւ ներդրումների չափը»:

Պատասխան նամակում նշված էր նաեւ 12 հալիձորցիների դեպոզիտային հաշվեհամարին փոխանցված գումարների չափը, ինչպես նաեւ հավաստիացումն այն մասին, որ ճոպանուղին շահագործող «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ն եղել եւ մնում է օրինակելի հարկատու:

ՀՀ Կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 848-Ն որոշման հավելվածի «ՏԱԹԵՎ» Զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն ու գերակա խնդիրների իրականացման միջոցառումները բաժինն ուսումնասիրելիս հանդիպեցինք հետեւյալ երկու դրույթներին, այն է`

4) առաջարկել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնում ներառված տեղական ինքնակառավարման մարմիններին հողահատկացումներն իրականացնել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի եւ քաղաքաշինական փաստաթղթերը հաստատվելուց հետո,

5) ընտրված վայրերում, «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրին, քաղաքաշինական փաստաթղթերին եւ սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով իրականացնել հողահատկացումներ մասնավոր ներդրողներին` հողի նկատմամբ իրավունքների ձեւակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով:

Սրանից հետեւում է, որ «Ազգային մրցունակության հիմնադրամը» հստակ պատկերացում է ունեցել, թե որքան տարածք պիտի ինքը ձեռք բերի, որպեսզի իրականացնի իր քաղաքաշինական ծրագրերը, հաշվարկել է նաեւ, թե որքան է արժենալու այն ամբողջ համալիրը, որ պատրաստվում են կառուցել 11 հա-ի վրա: Եվ միայն դրանից հետո է սկսել գյուղացիներից տարածքներ գնել: Այսինքն, եթե ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, ապա նախ ներկայացվել է հստակ ծրագիր` իրականացման սկիզբ-ավարտով:

Քանի որ «Հետքի» 8 հարցից 5-ին տրվել էր մեկ ամփոփ պատասխան, որոշեցինք մի քանի պարզաբանումներ ստանալ` հեռաձայնելով «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի տնօրենին: Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ` իրենք ժամկետները չեն խախտել, ծրագիրը եռամյա է, եւ 2012 թ. անպայման կսկսեն հյուրանոցային համալիրի շինարարությունը:

Իսկ այն, որ «Ռենկոն» տարածքից հեռացրել է շինտեխնիկան, կապված է միայն եղանակային փոփոխությունների եւ այլ վայրում նրանց կողմից շինաշխատանքներ իրականացնելու հետ:

«Մենք հետեւում ենք մեր ծրագրերի ժամանակացույցին եւ այն իրագործում ենք հերթականությամբ: Նախ` ճոպանուղին էր, այս տարի շահագործման հանձնեցինք սպասասրահը, հաջորդ տարի կկառուցենք հյուրանոցային համալիրը»,- հավաստիացրեց Տիգրան Ղազարյանը:

Մեկնաբանություններ (6)

gayane
1. Վարազ Սյունի (Ամստերդամ) 2. Վարազ Սյունի (Ամստերդամ) Inch dar@ chshmartutyun eq grel: Ev woreve mek@ chamarcakvi asel, vor drsum aprox hay@ petq e lri: henc drsi hayern en pahum zhoxovrdin u erkir@: Nranc uxarkac gumarner@ darnum en kexc karag u zhamketanc mankakan snund, vor hayreni oligarxian bargavachi, axorzhak@ bacvi u nor uxiner gtni zhoxovrdi aryun@ ccelu:
nare
............ Մենք ՑԻԳԱՆ ԱԶԳ ենք. մենք ՀՈՂ ՉՈՒՆԵՆՔ: Մեր ազգի 2/3-ը ցիգանի պես անապագա թափառում է աշխարհի 4 կողմերում: Ուստի ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ հայրենի հողը ԿԼԱՆԻ ու տեղը անիմաստ ու անբովանդակ բաներ սարքի....lriv hamamit em paron Varaz Syunii het. Ete piti aydqan mec tsragir irakanacnen, guce dadarecnen hanqardunaberutyan gaxaparn ayd taracashrchanum arach hreluc????
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(3) - Հարցեր ՊԻՏԻ լուծեն նրանք ում որ ԸՆՏՐԵԼ եք Հայաստանում: Թեև Հայաստանում հիմա դժվար է տարբերություն տեսնել ընտրվածի ու չընտրվածի միջև:
Arsen
Վարազ Սյունի Ամստերդամից ստեղ հարցեր մի լուծի, կլինի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պատկերացնում եմ արդեն, թե ինչպես օտար ու տեղական այդ հարուստ տուրիստները նստած այդ հյուրանոցում պիտի զմայլվեն «Տաթեւեր»-ի կողքին փորփրվող հանքի հանքային փոշուց առաջացած օդային պատկերներով: Ու օդ նետված առողջարար կապարն ու ցինկը, գումարած հարավային Սյունիքի տասնյակ անուշահոտ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԸ հաստատ այդ մարդկանց շուտափույթ հետ պիտի բերեն Տաթև:................................ Իսկ այդ 50 մլն ԱՄՆ դոլարը կարելի էր շատ ավելի արդյունավետ օգտագործել-թեկուզ հենց բարենպաստ միկրո-կրեդիտներ տալով կողքի գյուղացիներին. փոքր ֆերմաներ ստեղծելու համար:.................................... Մենք ՑԻԳԱՆ ԱԶԳ ենք. մենք ՀՈՂ ՉՈՒՆԵՆՔ: Մեր ազգի 2/3-ը ցիգանի պես անապագա թափառում է աշխարհի 4 կողմերում: Ուստի ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ հայրենի հողը ԿԼԱՆԻ ու տեղը անիմաստ ու անբովանդակ բաներ սարքի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չասեցի? ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ բլեֆ է(ր) այս «Տաթեւեր»-ը: Դեռ 2 տարի առաջվա իմ կոմենտում եմ գրել,որ մի քանի տարի հետո Տաթևի վանքը արդեն չի երևալու օլիգարխային պսպղուն ու անհոգի յուղոտ օբյեկտների արանքում: Դուբայյան 2-րդ ձեռ ցուցադրական ջիպերով, հաստավիզ, ու խաշի բուդը ձեռքներին «նախկին ազատամարտիկ» ՀՀԿ-ականները սա էլ են կլանել. ՍԿԶԲԻՑ ԿՈՒԼ ԵՆ տալիս, հետո նոր միայն ծածում: Իսկ կողքի ԽԵՂՃ ու վարկերի տակ կորացած գյուղացիները ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ հազիվ ՄԻ ՔԱՆԻ ՓՇՈՒՐ փախցնեն միշտ անկուշտ օլիգարխների ճանկերից: Չտեսաք, որ այդ ԼՔՏԻՆԵՐԸ բացման արարողության ժամանակ գյուդացիներին ՆՈՒՅՆԻՍԿ դարբասից ներս չթողեցին: Իրենց ԳԵՆՈՑԻԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ «քաջ ու խելացի» պապերն էին երևի այդ հողը պաշտպանել: Ւսկ Տաթևի վանքի նախկին առեղծվածային մենությունը արդեն ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ է: Բոլորս դեպի կողքի պոնչիկանոցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter