HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ է Սյունիքի մարզպետարանը լայնածավալ փոփոխություններ կատարել հիվանդանոցներում

Սյունիքի մարզպետարանը որոշել է միավորել Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնները (ԲԿ): Այս մասին մեզ հայտնել են մարզպետարանից, որին գրավոր հարցում էինք ուղարկել:

Առաջարկը ներառվել է կառավարությանը ներկայացված մարզի զարգացման ծրագրում: Մարզպետարանը երկու ԲԿ-ների միավորումը հիմնավորում է «հանրապետությունում առողջապահական համակարգի օպտիմալացմամբ, երկու ԲԿ-ների գործունեության վերաբերյալ իրականացված ֆինանսատնտեսագիտական ուսումնասիրությունների արդյունքներով, ինչպես նաեւ մարզի բնակչությանն առավել որակյալ բուժծառայություններ մատուցելու նպատակով»:

Միավորումից սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ մարզպետարանը նշում է, որ բազմապրոֆիլ քննարկումներ են ընթանում կադրային փոփոխությունների, միավորված կենտրոնը բժշկական նոր սարքավորումներով հագեցնելու, բուժծառայություններ մատուցող նոր սարքավորումների ստեղծման ուղղությամբ: ԲԿ-ների միավորումից հետո տնօրենի գործունեության հիմնական հասցեն լինելու է Կապանը:  

Կադրային փոփոխությունների պատճառը

Մարզի մի քանի քաղաքներում գրեթե միաժամանակ փոխվեցին բժշկական կենտրոնների տնօրենները: Այս հանգամանքը, ըստ մարզպետարանի, պայմանավորված էր տարբեր պատճառներով՝ «կենսաթոշակային տարիքին հասնելը, անձնական դիմումը եւ այլն» (մյուս պատճառները պատասխանի մեջ չեն հստակեցվել):

Տնօրենների ազատմանը զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Կապանի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու ԲԿ-ներում: Մարզպետ Վահե Հակոբյանին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք հակիրճ ներկայացնել դրանց պատճառները, ինչին Հակոբյանի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը պատասխանել է. «Ինչպես առողջապահական, այնպես էլ բոլոր այլ բնագավառներում մարզպետի կողմից իրականացվող կադրային քաղաքականությունը պայմանավորված է բացառապես տվյալ պաշտոններում նշանակվող անձանց պրոֆեսիոնալիզմով եւ տվյալ համակարգի զարգացման մեր տեսլականն իրականացնելու կարողությամբ»:

-Կապանի ԲԿ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի պայմանագիրը լուծելու վերաբերյալ նշել էիք, որ ԲԿ-ում 20 օրում 5 մահ է արձանագրվել, 4-ը՝ երեխայի: Այս դեպքերի եւ նույն ԲԿ-ում բռնաբարության միջադեպի արդյունքում քանի՞ հոգի է ազատվել աշխատանքից: Խնդրում եմ նշել ազատված աշխատակիցների քանակը՝ ըստ զբաղեցրած դիրքի ու դեպքերի:

-Կապանի ԲԿ-ում գրանցված մահերի հետ կապված աշխատանքից ազատվել են նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը, տնօրենի բուժական գծով տեղակալ Ալինա Առաքելյանը, մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանը, գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Նիկոյանը։ Բռնաբարության փորձի հետ կապված ազատվել է բժիշկ-անեսթեզիոլոգ Անուշավան Կարապետյանը։ Պահպանելով անմեղության կանխավարկածի իրավունքը եւ հաշվի առնելով, որ դեպքերի մեծ մասով հարուցված քրեական գործերով դեռեւս իրականացվում է նախաքննություն՝ հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ աշխատակիցները, բացառությամբ Սմբատ Օրբելյանի, աշխատանքից ազատվել են անձնական դիմումի համաձայն։

-Մամուլին նաեւ հայտնել էիք, որ մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է բոլոր դեպքերը, ի հայտ բերել կազմակերպչական եւ բուժանձնակազմի հետ կապված թերություններ: Հանձնաժողովում եղել են միայն մարզպետարանի՞, թե՞ նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցները: Խնդրում եմ հակիրճ ներկայացնել, թե կոնկրետ ինչ թերություններ է հայտնաբերել հանձնաժողովը:

-Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով՝ Կապանի բժշկական կենտրոնում մահվան դեպքերը ուսումնասիրելու եւ դրանց հնարավոր պատճառները բացահայտելու նպատակով։ Հանձնաժողովը բաղկացած է եղել մարզպետարանի աշխատակիցներներից։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի կողմից հայտնաբերված թերություններին, ապա պետք է նշենք, որ դրանք եղել են ինչպես կազմակերպչական, այնպես էլ այլ բնույթի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքերի մեծ մասով հարուցվել են քրեական գործեր, ապա մենք զերծ կմնանք դրանք մեկնաբանելուց՝ նախաքննության շահերը չվնասելու նպատակով։

Քանի՞ աշխատող է ազատվել եւ ընդունվել 2017-ին

Սյունիքի ԲԿ-ներում աշխատանքից ամենաշատն ազատվել են Կապանում: Ըստ մարզպետարանի՝ այս տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում Կապանի ԲԿ-ից ազատվել է 43 հոգի, ընդունվել՝ 37-ը: Այս թվերը ներառում են թե բուժաշխատողներին, թե տեխնիկական անձնակազմին: Մյուս կենտրոնների տվյալները կարող եք դիտել ինֆոգրաֆիկայում:

Սյունիքի ԲԿ-ներ
Infogram

Հ.Գ. Սյունիքի մարզպետին հարց էին ուղղել նաեւ Կապանի շտապօգնության ծառայության մասին:

-Կապանի շտապօգնության ծառայության 2 մեքենաները, կարծես, չեն հասցնում սպասարկել ամբողջ քաղաքը, եւ կանչ գրանցած քաղաքացուն այցելում են ուշացումով: Ի՞նչ քայլեր է նախատեսում մարզպետարանն այս ուղղությամբ: Ինչու չի՞ համալրվում ծառայության ավտոպարկը:

-Կապանի շտապօգնության ծառայությունը ունի 6 շտապօգնության մեքենա, որոնցից երկուսը՝ ռեանիմոբիլ (ռեանիմոբիլներից մեկն այս պահին գտնվում է վերանորոգման եւ վերազինման փուլում)։ Կիսելով ձեր մտահոգությունը, ցանկանում ենք վստահեցնել, որ մարզի առողջապահական համակարգը գտնվում է մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում։ Ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ Կապանի շտապօգնության վեց մեքենաները լիովին բավարար են քաղաքացիներին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Միեւնույն ժամանակ նշենք, որ անհրաժեշտության դեպքում մարզպետարանը պատրաստ է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, շտապ օգնության ծառայության ավտոպարկը համալրելու ուղությամբ։