HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Ականատեսների եւ ցուցարարների վկայություններ

Ավետիս Բաբաջանյան – «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող - Հանրահավաքները ես եմ լուսաբանում: Էդ օրն էլ արդեն գրվել էր հանրահավաքի մասին, ուղղակի գնացինք ես ու Հայկը, մեր ֆոտոներն ինքն է անում, որ տեսնենք ինչ նորություն կա, որ մտցնենք նյութի մեջ: Երեկոյան 1-ին-1-անց կեսի կողմերն էր: Մենք գնացինք, արդեն Բաղրամյան պողոտան մթի մեջ էր, մի քիչ քայլեցինք, մարդկանց հետ խոսեցինք: Ժողովուրդը շատ հանգիստ էր, անգամ մի մասը քնած էր: 2-ի կողմերն իրարանցում սկսվեց, ջրցան մեքենանները սկսեցին աշխատել, պայթուցիկ նյութերը շպրտել: Մենք սկսեցինք հետ քաշվել: Ժողովրդի մեջ էինք, անգամ Հայկի հետ առանձին էլ չէինք, հետո խուճապ սկսվեց: Ազգային ժողովի ընդունարանից` Բաղրամյանի կողմից, հոսքով դուրս եկան հատուկ ջոկատից ինչ-որ մարդիկ` սաղավարտավոր, պլաստմասսայե սաղավարտով: Սկսեցին մահակներով հարվածել: Շատ էին, բայց ոչ բոլորն էին հարվածում: Նրանցից մեկը ոլորեց ձեռքերս, տարավ Ազգային ժողովի բակ, մտցրեց ոստիկանական մեքենան: Քիչ հետո բերեցին էլի մարդկանց` մեր Հայկին, Շավարշ Քոչարյանին ու էլի մի քանի հոգու, որոնց մինչ այդ չէի ճանաչում: Հետո ծեծված քաղաքացիների էլ բերեցին, ուրիշ մեքենա նստեցրին: Ժամը 3-ի կողմերը մեր էդ 5 հոգանոց խմբին տարան Նոր Նորքի ոստիկանական բաժին: Մենք էնտեղ ասացինք, որ լրագրողներ ենք, մեր նկատմամբ շատ բարեկիրթ էին, բոլորի նկատմամբ էին բարեկիրթ: Ոստիկանները շատ հարգանքով էին: Մեզ մոտ 7 ժամ պահեցին: Վկայի բացատրություն վերցրեցին եւ ազատ արձակեցին: Երբ մեզ տարան բաժանմունք, միանգամից շտապ օգնություն կանչեցին, բժիշկ եկավ, որը բոլոր վնասվածք ունեցողներին տիրություն արեց, բացի ինձնից ու Շավարշ Քոչարյանից` մեր վնասվածքները բավական թույլ էին, արնահոսություն չկար: 

Էմիլ Դանիելյան – «Ազատություն» ռադիոկայան - Ամեն ինչ սկսվեց 1-անց կեսից: «Նյամ-նյամ»-ում նստած հաց էինք ուտում: Էդ սրճարանի դիմացի մայթեզրի մոտ 4-5 մեքենա ոստիկաններ բերեցին: Զարմացանք, մտածեցինք երեւի 2 կողմից ուզում են փակել, բայց սրա իմաստը որն է: Մթության մեջ լավ չէր երեւում, բայց ոստիկաններ էին եւ ոչ թե Ներքին զորքերի տղաներ: Հետո մտածեցի` գուցե եկել են «Հանրապետություն» կուսակցություն մտնելու: Շարժվեցին էդ կողմ: Գրասենյակը երեւի նորմալ վիճակում էր: Բայց ոստիկանները կուտակվում էին, օպերայի մոտ..... քաղաքացիական հագուստով, ինչ-որ ծառայողական հագուստով. երեւի հատուկ նշանակության ջոկատներ էին: Մենք մի քիչ քայլեցինք, անգամ հրապարակ մտանք, մեզ ոչինչ չասեցին: Հետո հարցրեցին` ովքեր ենք: Որ իմացան լրագրող ենք, խորհուրդ տվեցին, որ մեր անվտանգության համար գնանք դեպի Թումանյան փողոց: Զգացվեց, որ ինչ-որ գործողություն է պլանավորված: Էդ երեւի 2-ից 20 պակասի կողմերն էր արդեն: Հետո գնացինք ՙՀանրապետություն՚ կուսակցություն: Աշխատող կանանցից մեկն ինչ-որ հեռախոսազանգ ստացավ, մի 5-10 րոպե էր անցել, ինչ-որ մեկն ասաց, որ փշալարերի մոտ ինչ-որ բան է կատարվում: Մենք անմիջապես գնացինք վերեւ: Մոտենում էինք Ամերիկայի դեսպանատանն ու ուժեղ պայթյուններ լսվեցին, երեւում էին ջրցան մեքենաները: Մենք վերջի կողմն էինք, ամեն ինչ լավ չէր երեւում, բայց ինչ-որ պլաստիկ շշեր էլ էին մարդիկ նետում: Անընդհատ պայթյուններ. մարդիկ սկսում էին վազել հետ: Ժողովուրդը խուճապի մեջ էր. վազում էին հետ, հետո միտինգավորներն ասացին` մի վախեցեք, նորից ժողովուրդը կանգնեց. մարդիկ էդ պայթյունների տակ խուճապի մեջ էին: Մարդիկ վազում էին Բաղրամյանով ներքեւ. շատ արագ ցրվում էին, փողոցն ազատվում էր, բայց էդ ընթացքում շարունակվում էին նետվել էդ նռնակներ էին, ինչ էին. շատ մեծ խուճապ էր առաջանում: Ես իմ աչքով տեսել եմ, որ նետում էին ամբոխի մեջ, մարդկանց ոտքերի տակ, մարդիկ էլ գոռում էին: Գրողների տան մոտ որոշեցինք մտնել բակերը, մարդիկ էլ էին փախչում: Ես էդ ծեծ ու ջարդի պահերը չեմ տեսել, որովհետեւ հետ էի: Էդ պայթյուններից ես էլ վախեցա, մտածեցի` ավելի լավ է կողք անցնենք. էն տրամադրությունն էր, որ ամեն ինչ կարող են անել, ու հաստատ չէին էլ նայի` լրագրող ես, թե ինչ ես: Մարդիկ կողքի բակերն էին վազում` ով որտեղ պատահեր: Մի 30 հոգով մի բակում հայտնվեցինք: Լուռ կանգնած էինք: Մարդիկ մտածում էին, որ կլսեն իրենց ձայները, կգան կբռնեն: Արտաշես Գեղամյանն ու Արամ Սարգսյանն էլ էին.ինչ-որ բակ էր, պարտեզ էր, տենց մի բան, էդտեղ մնացինք: Մի 40 րոպե դրսում էինք, հետո էդտեղ ապրող տանտերերը, մի 30 հոգի էինք, բոլորիս հրավիրեցին տուն: Ընդդիմության առաջնորդներն իրենց մարդկանցով, սովորական մարդիկ` միտինգավորները, բոլորս ուժասպառ լցվել էինք էդ 2 սենյակի մեջ: Մենք մոտ 1 ժամ մնացինք էդտեղ, որոշեցինք չսպասել մինչեւ լուսաբաց ու զարտուղի ճանապարհներով` մի 2 պատ անցնելով, գնացինք գրասենյակ: 

Էդ մթությունն ահավոր ճնշող էր, էդ ծեծելը որ լույսով լիներ, մարդիկ չէին ընկճվի, բայց էդ մութը շատ էր ընկճում, ու մարդիկ փախչում էին: Սարսափի մթնոլորտ էր: Ու լրագրողներն էլ են մարդիկ ու մենք էլ էինք վախեցել: Ես չգիտեի, թե ինչ կլինի ինձ հետ, եթե ես դուրս գայի փողոց ու լուսաբանեի. այսինքն` իմ գործն անեի: 

Անժելա Սարգսյան - Երեւանի բնակիչ - Մենք նստացույց էինք անում Օպերայի բակում: Նստացույցից հետո ժողովրդով բարձրացել ենք Բաղրամյան` Ազգային ժողովի մոտ: Ժողովուրդը պահանջում էր, որ հրաժարական տան Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Մեր համբերությունը հատել է, ուզում ենք մի քիչ շունչ քաշենք: Փշալարերի մոտ ժողովուրդը հանգիստ կանգնել էր, որ արտահայտեինք մեր մտքերը, 10 րոպեն մեկ հաղորդում էին, որ էս խումբն է գալիս, էն խումբն է գալիս, բայց ճանապարհները փակ են: Հետո նվագ խփեցին, մենք սկսեցինք պարել, որ էս ամեն ինչը հաջողությամբ պսակվի: Հաջողության փոխարեն լույսերն անջատեցին, ժողովուրդը մի քիչ գոռգոռաց, բայց էդ մթության մեջ էլ ժողովուրդը պարում էր: Անշնորհքություն չկար, ամեն ինչ շատ խաղաղ էր: Բացարձակ սուտ է, թե իբր շշերի մեջ պայթուցիկներ կային ու քցել են, պարսատիկներով ոչինչ չի եղել. էս ամենը բացարձակ սուտ է: Ու ուզում եմ ասել, որ մեր Հանրային հեռուստատեսությունը թող մի անգամ ճիշտ բան խոսա, հա, դրանից հետո ոչինչ, որ կարող ա մեռնենք, թող ճիշտ խոսեն: Ժամը 2-ի կողմը, երբ մարդիկ պառկած քնած էին, փշալարերից այն կողմ գտնվող ջրցան մեքենան կամաց-կամաց առաջ էր գալիս, ինչ-որ պայթուցիկներ գցեցին, որ ուժեղ ձայն դուրս գար: Տղաները գոռացին, որ կանայք հետ գնան, որ հանկարծ չվնասվեն: Սկսեցին ջրել, հետո Ազգային ժողովի դուռը բացվեց ու զորքն էդտեղից դուրս թափվեց. կամ ՙսպեցնազ՚-ն էր կամ էլ Ղարաբաղից բերած զորք, որ անխնա կոտորում էին, վերջին աստիճանի բառերով հայհոյում էին: Ես չեմ պատկերացնում, որ մեր տեղացիները տենց բաներ կանեն, դուբինկեքով կանանց ոտքերը կջարդեն: Դուբինկեքով ընկան հետեւներիցս... Մի հատ բակ ենք մտել: Թող չգազազացնեն հային, որ հայը գազազեց, շատ վատ կլինի: Բիբարը մանր է, բայց շատ կծու է. թող լավ իմանան, թեկուզ բռնի էլ, նստացնի էլ: 

Հրանտ Սարիբեկյան - Երեւանի բնակիչ - Ժամը 10-11-ն էր, որ ժողովուրդը հանգիստ, խաղաղ կանգնած էր Բաղրամյանի վրա, երեխաներն էլ նստած էին. ոչ մի անկարգություն չկար, հակառակը` պարում էին: Հետո ժողովուրդը պահանջեց, ասում էր` մեր զինվորներ, մեր երեխաներ, ճանապարհը մի° փակեք, թողեք անցնենք: Պահանջում էինք բացել ճանապարհը, բայց չբացեցին: Հետո ես վատառողջ եմ, լավ չզգացի ու գնացի: 

Սամվել Գասպարյան - Երեւանի բնակիչ - Կռված մարդ եմ, ես գնդակից չեմ վախեցել, հայրենիք եմ պաշտպանել, բայց է±ս հայրենիքն եմ պաշտպանել: Էս ինչ բարբարոսություն է: Ես եմ երեկ տեսել մի մարդու լրիվ արյան մեջ, մի երեխա ահավոր վիճակում... Երեկ էլ չեմ վախեցել, ինչքան հնարավոր է պաշտպանել եմ ծերերին ու մայրերին, բայց ումից եմ պաշտպանել, հո սրանք էլ թշնամի՞ չեն: Էս հայրենիքում ոտնահարվում են մեր բոլոր իրավունքները: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Մենք անտեր ժողովուրդ ենք, ամբողջ աշխարհից օգնություն ենք պահանջում, թող հեռանա Քոչարյանը:

Սա ղարաբաղյան զորք էր, ես մեծ մարդ եմ ու բարբառը, ակցենտը լավ եմ հասկանում` սա ղարաբաղյան զորք էր: Մեզ սպառնացին, թե հիմա վազելով կփախնեք եւ այլն... Ես ջոկեցի, որ ասողները ղարաբաղցիներ էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter