HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պաշտոնյաները գրավում են Երեւանի կենտրոնը

Օպերայի դիմացի այգին 1988 թվականին անվանվեց «Ազատության» հրապարակ: Ազատության, որովհետեւ այնտեղից սկսվեց Հայոց Համազգային շարժումը, որը երեք տարի անց հռչակեց Հայաստանի անկախությունը: Այս պուրակը հանրային այգի էր, որտեղ սաղարթախիտ ծառերի տակ տեղադրված էին նստարաններ: Տարեց մարդիկ այստեղ հանգստանում էին, զբոսնում իրենց թոռների հետ, երեխաները չմուշկ էին քշում, սիրահար զույգերը` համբուրվում: Այգու մեջ կար նաեւ հանրային զուգարան: Ազատության հրապարակում Հայաստանի ընդդիմադիր ուժերն այսօր հանրահավաք են անում` պահանջելով երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Ցուցարարներից քիչ այն կողմ 12 բացօթյա եւ փակ սրճարաններ են: Ամռան ամիսներին այստեղ միշտ մարդաշատ է: Սրճարանների սահմանները երբեմն հնարավոր չէ զատել, դրանք մեկը մյուսի շարունակությունն են:

Տարբեր սրճարանների երաժշտությունները խառնվում են իրար ու երբեմն չես կարողանում ընկալել, թե ինչ է հնչում: Սրճարանների այցելուները հիմնականում երիտասարդներ են: Այստեղ կարելի է հանդիպել շատ սփյուռքահայերի, որոնք ըմբոշխնում են հայրենիքը: Տարբեր կուսակցություններ այստեղ ունեն իրենց սրճարանները` Դաշնակցությունը` «Մեղեդի» անունով, «Օրինաց երկիր»-ը` «Մագնոլիա» անունով, ՀՀՇ-ի ղեկավարի սրճարանը շինարարության ընթացքում է: 

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասում է. «Եթե այսքան սրճարաններ են բացում, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա»: Նա աշխատում է վերջին երեք քաղաքապետերի օրոք, եւ բոլոր հողահատկացումներն անցնում են նրա ձեռքի տակով: Բայց առանց սրճարանների էլ այս տարածքը միշտ մարդաշատ էր:

«Ես թոռնիկիս հետ այլեւս չեմ գալիս այստեղ, որովհետեւ ամենուր սրճարաններ են, նստելու տեղ չկա: Երեխան մի բան է ուզում, չեմ կարող առնել, ամեն ինչ այստեղ շատ թանկ է: Առաջ բոլոր երեկոներն այստեղ էինք, հիմա էլ գնալու տեղ չունենք»,-ասում է 72-ամյա թոշակառու Սարգիս Թորոսյանը: «Այո, գուցե մենք հաշվի չենք առել այդ խավին, բայց սրճարանները այսօր լիքն են»,-արդարանում է Նարեկ Սարգսյանը: 

«Այս տարի կազմակերպության անդամները ոչ պաշտոնական հարցումներ կազմակերպեցին կանաչ տարածքներում սրճարան-ռեստորան տեղադրող գործարարների շրջանում: Պարզվեց հետեւյալը. ներդրած միջոցները չեն արդարացնում այդ օբյեկտների շուրջ 40%-ը, իսկ 40%-ին դա բոլորովին չի հետաքրքրում, մնացած 20%-ը շահույթն ապահովում է` խուսափելով հարկային պարտավորություններից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Էկոլոգիապես չհիմնավորված որոշումները բացասաբար են ազդում ինչպես շրջակա միջավայրի, մարդկանց կենսապայմանների, այնպես էլ շուկայական հարաբերությունների զարգացման վրա»,- ասում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: 

Օպերայի դիմացի տարածքում այսօր գործում է 12 սրճարան ու դիսկոտեկ: Քաղաքապետարանի որոշումներով պետք է կառուցվեն եւս երեք սրաճարաններ, եւ այսօր արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում: Քաղաքապետարանի ճարտարապետության վարչության հաստատած նախագծերով այս սրճարանները պետք է կառուցվեին թեթեւ կոնստրուկցիաներով, եւ դրանք ցանկացած պահի կարելի էր քանդել ու տեղափոխել:

Սակայն այսօրվա կառույցերի մեծ մասը հիմնական քարե պատերով են եւ ունեն փակ ձմեռային սրահներ ու ընդարձակ տարածություններ ամառային սրճարանների համար: Օպերայի շրջակայքում այսօր վեր են խոյացած 5 ֆունդամենտալ կառույցներ: Սրճարանների կառուցման ընթացքում հատվել են տասնյակ ծառեր, վերացվել են կանաչ գազոնները: 

«Ու՞ր կորան հիմալայան մայրիները, որոնք մեր քաղաքում խիստ հազվադեպ են հանդիպում: Կամ էլ՝ հինավուրց խաղողի վազերը, ունաբի ծառերը, որոնք աճում էին “Աստրալ” դիսկո ակումբի տեղում: Եղեւնիների մեծ մասը պարբերաբար չորանում է, երբ նրանց արմատները դեմ են առնում սրճարանի բետոնե հիմքերին: Չորացել է սոսին, որի մի ճյուղը սերտաճել է այգու ցանկապատին: Դեռ նախանցյալ տարի դա հրաշալի, կենսունակ ծառ էր: “Ատլանտիկի” ծառուղու երկարությամբ աճող սոսիները նույնպես չորանում են: Անցյալ սեզոնում նրանց սաղարթը համարյա զրկվեց տերեւներից, որովհետեւ արմատները խորքում վնասվել էին»,-ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան: 

 Այս սրճարանների կառուցման հողհատկացումները կատարվել են էկոլոգիական եւ քաղաքաշինական նորմերի խախտումներով: Յուրաքանչյուր կառույցի շինարարություն սկսելուց առաջ նախագիծը պետք է բնապահպանական փորձաքննություն անցնի: Բնապահպանության նախարարության լիազոր մարմնի տվյալների համաձայն` Օպերայի բակի 12 սրճարաններից միայն «Աստրալն» է փորձաքննություն անցել 2002 թվականին: 

Երեւանի քաղաքապետարանի թիվ 555Ա որոշման համաձայն` 20 քմ հողհատկացման դեպքում աճուրդ չի հայտարարվում: Քաղաքապետարանն այդպես էլ անում է` առանց աճուրդի տալիս է 20 քմ, իսկ հետո սկսում է ընդլայնել: Քաղաքապետարանի այդ որոշումը թույլ է տալիս ընդլայնել կառուցապատումը` ինչքան ուզես:

Եթե քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հողակտորները հատկացվեին աճուրդով, բնականաբար, հսկայական գումարներ կմտնեին պետական բյուջե: Նշենք մի օրինակ` Օպերայի այգում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սրճարաններից մեկը վաճառվել է 250 հազար դոլարով: Սեփականատերերը սրճարանը կառուցելու համար հավանաբար ծախսել են 15 հազար դոլար:

Փաստորեն, քաղաքապետարանից չնչին գումարներով ձեռք են բերել այդ տարածքը եւ վաճառել: 250 հազար դոլարից նվազագույնը 200 հազարը հնարավոր էր մուտք անել պետբյուջե, սակայն, իմանալով ովքեր են այդ տարածքի տերերը, հասկանալի է, թե ինչու հողհատկացումները աճուրդային կարգով չեն կատարվել: Եթե փորձենք հաշվել այդ վնասը միայն Օպերայի այգում հատկացված տարածքներով, (այստեղ 15 ընկերությունների սրճարաններ կառուցելու համար տարածք է հատկացվել), այն կանցնի մեկ մլն դոլարը: 

 Երեք օրինակով պատմենք, թե ինչպես են դրանք կատարվել: 

«Մագնոլիա» ՍՊԸ-ին այսօր արդեն նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ 2002 թ. սկզբին հատկացվել է 20 քմ տարածք: 2002-ի նոյեմբերին քաղաքապետի մեկ այլ որոշմամբ «Մագնոլիա» ընկերությանը լրացուցիչ տրամադրվել է եւս 20քմ: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանը մեզ հայտնել է, որ «Մագնոլիա» սրճարանի տարածքը ներկայումս կազմում է 2615 քմ: Օպերայի հանրային այգին զավթած սրճարանների մեջ ամենամեծ տարածքն ունի հենց այս սրճարանը:

Ո՞վ է «Մագնոլիայի» տերը, որ կարողացել է «համոզել» քաղաքապետ Ռ. Նազարյանին այդչափ ընդլայնել տարածքները: Նույն ինքը` ԱԺ պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Մարգարյանը (մականունը` Բելաջիո Գրիշ): 

«Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ն Ազատության հրապարակին հարող տարածքում (Թումանյան փողոցի կողմից) կոմպյուտերային խաղերի սրահ կառուցելու նպատակով հողատարածք էր խնդրել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանից: 

Քաղաքապետի 2002թ. հունվարի 11-ի թիվ 24 որոշմամբ 10 տարի ժամկետով 20 քմ տարածք է տրամադրվել վերոհիշյալ ընկերությանը: Սրահի սահմանները որոշված էին Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագծով:

Մոտ մեկ ամիս անց` փետրվարի 22-ին, Ռ. Նազարյանի թիվ 273 որոշմամբ «Օնլի մերիմենթ» ՍՊԸ-ին կոմպյուտերային խաղերի սրահին կից բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարան կազմակերպման նպատակով լրացուցիչ 312,0 քմ մակերեսով հողամաս է տրամադրվում: Այս անգամ` արդեն 25 տարով: Սակայն, սա դեռ վերջը չէ:

Մեկ ամիս անց Ռոբերտ Նազարյանի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվում նախորդ որոշման մեջ: Ահա որոշման 2-րդ կետը. «Որոշման 1-ին կետում «բացօթյա (ընդգծումը մերն է) սրճարանի կազմակերպման» բառերը փոխարինել «կոմպյուտերային խաղերի կենտրոնի եւ սրճարանի կառուցման բառերով»:

Կարծում եմ` հասկանալի է այս բանաձեւը: Այս փոփոխությամբ, փաստորեն, սեփականատերերը հնարավորություն ստացան կառուցելու հսկա մի շինություն: Ավելին, շինությունը կառուցվել է կոպիտ խախտումներով: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը նման նախագիծ չի հաստատել:

Այդ ընթացքում «Օնլի մերիմենթը» վերագրանցվել է իբրեւ «Ատլանտիկ Գարդեն» ՍՊԸ: Փաստաթղթերով նրա զբաղեցրած տարածքը պետք է կազմեր 312+20=332 քմ: Իսկ թե իրականում որքան է զբաղեցրել «Ատլանտիկ Գարդեն» ընկերությունը Օպերայի այս հատվածում, այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի:

Շինարարության ընթացքում ընդլայնումներ են եղել 4 ուղղություններով: Ինչու՞ էր այսքան «հոգատար» նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը այս կառույցի տիրոջ նկատմամբ: Բացատրությունը մեկն է` սրճարանի տիրոջ` Անուշ Ղազարյանի (հասարակաության մեջ առավել հայտնի է «Կամվոլնի», «Սիրուն» Անուշ մականվամբ) տանիքը Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանն է: Այս կառույցը նույնպես ենթակա է քանդման: Սակայն ո՞վ կհամարձակվի նման քայլի դիմել: 

Օպերայի շենքին հարող մեկ այլ հատվածում ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանին տարածք է հատկացրել դարձյալ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Իհարկե, ամեն ինչ օրինական ձեւակերպված է: ԱԺ պատգամավոր Լ. Խաչատրյանը, ինչպես նկարագրված է վերեւում, ստացել է 20քմ եւ ապա` ընդլայնել:

Նրա կառուցած սրճարանը Սայաթ-Նովա փողոցի կողմից փակում է օպերայի շենքի մի հատվածը: Երբ երկու ամիս առաջ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին հարցրինք` «Օպերայի տարածքում կա՞ մի օբյեկտ, որտեղ պահպանված լինի քաղաքապետարանի ճարտարապետության վարչության կողմից հաստատված նախագիծը», պատասխանեց` ոչ: 

 Պետությունը դրամաշնորհներ է ստանում հակակոռուպցիոն ծրագիր գրելու համար, հանրապետության նախագահը խորհրդական է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Օպերայի շրջակայքը կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն դաշտն է, պարոնայք, իրականացրե՛ք հակակոռուպցիոն ազգային ծրագիրը: Կարո՞ղ եք պայքարել այս օբյեկտների տերերի դեմ: Իհարկե, ոչ: 

«Ցավոք, մեր քաղաքի ուժեղների ագահությունը վեր է օրենքներից: Բայց նրանք չեն նկատում, որ իրենք էլ են կորցնում: Մեր քաղաքի մթնոլորտն է կորչում` ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստով: Մնում է միայն հուշել, որ եւս մեկ անգամ նայեն Օպերայի շրջակայքի գծապատկերին: Այնտեղ փոքրիկ օղակներով նշված են դեռ կենսունակ հողակտորները: Դա նշանակում է, որ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել իրենց համար պատառ պոկել, դեռ շանս ունեն»,-շարունակում է Գոհար Օգանեզովան: 

Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը 2003թ. նոյեմբերին, իր պաշտոնանկությունից երկու ամիս անց, մամուլի ասուլիսում նշեց, որ Օպերայի այգում կառուցված սրճարանների 99 տոկոսը ապօրինի կառույցներ են: «Մենք այդպիսի նախագծեր չենք հաստատել»,-հայտարարեց նա լրագրողներին:

Սակայն այս հայտարարությունը հենց այնպես էր արված, որովհետեւ որեւէ կառույց դրանից հետո չքանդվեց, ավելին` այդ տարածքում նոր շինություններ հայտնվեցին: Թե ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանն ինչու «ձեռք չի տալիս» այդ շինություններին, կարծում ենք՝ բոլորի համար պարզ է. այդ կառույցների տերերը հանրապետությունում «հայտնի դեմքեր» են:

«Ինչու՞ չեն կարողանում վերահսկել այդ սրճարանների տերերին»-հարցին ի պատասխան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասում է. «Ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ փորձում եմ անել, սակայն շատ են այսօրվա իշխանության բարձրաստիճան պաշտոնյանները: Նրանք կատարում են կառուցապատում եւ իրեն օրենքից դուրս համարում»: Իհարկե, քաղաքաի գլխավոր ճարտարապետն անուններ չի տալիս, թե ովքեր են այդ տերերը, որոնց հնարավոր չէ «պահել» օրենքի շրջանակներում: 

Անկասկած, Երեւանի գլխավոր ճարտարապետն անզոր է իրենց օրենքից դուրս համարող պաշտոնյաների առաջ: Բոլորին է հայտնի, թե Երեւանի կենտրոնի կանաչ տարածքներում որ սրճարանը որ նախարարին կամ պաշտոնյային է պատկանում:

Այս փաստը իրենք էլ չեն հերքում, դեռ ավելին` մեծ հպարտությամբ են հաճախում սեփական օբյեկտները, սակայն փաստաթղթերում գերադասում են նշել իրենց զոքանչների կամ ավելի հեռու ազգականների անունները: 

Հայաստանի Հետաքննող լրագրողների ընկերակցության բոլոր ջանքերը` ձեռք բերել Երեւանի քաղաքապետերի բոլոր որոշումները Օպերայի այգու տարածքում սրճարաններ կառուցելու համար կատարված հողահատկացումներրի մասին, որեւէ արդյունք չտվեցին:

Հասարակության համար բաց այդ փաստաթղթերը քաղաքապետ Երվանդ Զախարյանը կամայականորեն չի տրամադրում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լրագրողների ուղղած դիմումը եւս արդյունք չտվեց: Հետաքննող լրագողները դիմել են դատարան, որպեսզի վերջինիս օգնությամբ ձեռք բերեն քաղաքապետերի որոշումները: Մայիսին կսկսվի դատավարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter