HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել ՀՀ-ՀԲ գործընկերության 25-ամյակին նվիրված ֆորումի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: 

«Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս 25 տարվա ընթացքում ՀԲ աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: ՀԲ խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին: Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր, որը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաև Հայաստանի գործընկերների կողմից և գոհունակությամբ փաստել, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են: 

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության առանցքային հենասյունը: ՀԲ լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը: Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն և արդյունավետ պետական կառավարում, և ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ: 

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ և նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից և շարունակվի անընդհատ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգի կայացման և զարգացման գործընթացում ինչպես ՀԲ թիմից, այնպես էլ Հայաստանից ներգրավված մասնակիցները կշարունակեն համատեղ ջանքերով իրենց փորձառությունն ու գիտելիքները լավագույնս ծառայեցնել ապագա Հայաստանի տեսլականի իրագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter