HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական հիմնարկների պետերի «համեստ» ունեցվածքը

«Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն ներկայացնելուց հետո 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների, դրամական միջոցների վերաբերյալ առաջին անգամ հայտարարագիր են ներկայացնում նաև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները:

«Հետք»-ը ներկայացնում է քրեակատարողական հիմնարկների պետերի հայտարարագրից տեղեկություններ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների թվով ամենամեծ քրեակատարողական հիմնարկի՝ «Նուբարաշեն»-ի պետ Սերոբ Հարությունյանը, հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 1 բնակարան, 2 ավտոտնակ և MERCEDES-BENZ S 500 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնյայի եկամուտները գոյացել են միայն աշխատավարձից՝ 1 միլիոն 926 հազար դրամ: Փոխարենը ունեցած դրամական միջոցներն են մեծ՝ 16 միլիոն 500 հազար դրամ և 53 հազար 500 դոլար:

 «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը համեմատաբար ավելի «համեստ» հայտարարագիր է ներկայացրել: Հուլիսի 1-ի դրությամբ նրա եկամուտները կազմել են ընդամենը 1 միլիոն 926 հազար դրամ, որը աշխատավարձն է, իսկ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ:

Որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ բնակարան:

Վահան Մարգարյանը, ով «Հրազդան» ՔԿՀ-ի պետն է, դարձյալ միայն աշխատավարձն է հայտարարագրել որպես եկամուտ՝ 1 միլիոն 954 հազար դրամ: Փոխարենը ունի զգալի չափի դրամական միջոցներ՝ 5 միլիոն դրամ և 75 հազար դոլար;

Հայտարարագրել է նաև 4 միավոր հողամաս և մեկ բնակարան:

«Գորիս» ՔԿՀ-ի պետ Արտուշ Մաքունցը հուլիսի 1-ի դրությամբ իր հաշվին ունեցել է 300 հազար դրամ, իսկ որպես եկամուտ՝ 1 միլիոն 982 հազար դրամ աշխատավարձը:

Նա հայտարարագրել է նաև INFINITI QX4 3.5 մակնիշի ավտոմեքենա և 1 բնակարան:

Փոխարենը «հարուստ» հայտարարագիր է ներկայացրել  «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը: Նա հայտարարագրել է աշխատավարձից ստացված 1 միլիոն 873 հազար դրամ եկամուտը, ինչպես նաև իր հաշվին ունեցած դրամական միջոցները՝ 11 միլիոն դրամ և 45 հազար դոլար:

Լյովա Բաղդասարյանն ունի առանձնատուն, 2 բնակարան և MERCEDES-BENZ S 350 մակնիշի մեկ ավտոմեքենա:

Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ չի հրապարակել «Արմավիր», «Վարդաշեն», «Վանաձոր», «Արթիկ», «Սևան», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց»   ՔԿՀ-ների պետեր՝ Տիգրան Նավասարդյանի, Հովհաննես Հակոբջանյանի, Գևորգ Մկրտչյանի, Արտյոմ Մխոյանի, Արամ Խաչատրյանի, Արսեն Աֆրիկյանի, Մանուկ Միքայելյանի հայտարարագրերը, որոնց կանդրադառնանք առաջիկայում: