HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Անտառները կփոխանցվեն ԲՆ-ին և կհսկվեն դրոններով ու տեսախցիկներով

Կառավարությունում, այսպես ասած, ներքին պայմանավորվածություն կա, որ Հայաստանի ողջ անտառները լինեն Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո։

Այսպիսով «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու է Հայաստանի անտառների մեծ մասի համար, դուրս կբերվի Գյուղատնտեսության նախարարության ենթակայությունից։  Տեղեկությունը «Հետք»-ին հաղորդեց «Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։

Նշենք, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր համապատասխան ցանկության մասին ավելի վաղ նշել էր «Հետք»-ի հետ զրույցում։ Այսօր արդեն հարցը կարծես թե ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանի աջակցությունը։

Սակայն սա միակ փոփոխությունը չէ, որ կառավարությունը պատրաստվում է իրականացնել անտառների ոլորտում։

Առաջիկայում պետական անտառային տարածք մուտք գործող եւ դուրս եկող անտառային ճանապարհների սկզբնամասում կտեղադրվեն հենակետեր եւ ուղեփակոցներ, տեսախցիկներ, անտառային տարածքներում՝ ֆոտո-ծուղակներ։ Այս ամենի նպատակն է կատարելագործել անտառապահպանական ծառայությունները, կանխարգելել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխումը։

Կօգտագործվեն դրոններ ու GPS սարքեր, դրանց օգնությամբ կիրականացնեն մոնիտորինգ։ Այս ամենը կիրագործվի 2018-2022 թթ․ ընթացքում, պետական բյուջեի եւ դրամաշնորհների, դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով։

Մշակվել է հայեցակարգ, որը, չի բացառվում, քննարկվի արդեն կառավարության առաջիկա նիստում։

Կառավարությունը քննարկում է նաեւ անտառային կազմակերպությունների վերակառուցման, տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների հզորացման հարցը։ Ինչպես հայտնի է, ներկայումս «Հայանտառ»-ը չունի այլ լիազորություն, բացի խախտումների վերաբերյալ ահազանգելը։ Միքայել Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտություն կա անտառապահների սոցիալական պաշտպանվածությունը բարձրացնելու, նրանց փոխադրամիջոցներով, զենքով, անհրաժեշտ համազգեստով զինելու, որպեսզի անտառների կառավարումը լինի ավելի արդյունավետ։

«Էսօր ունենք անտառապահների ինստիտուտ, որն աշխատում է ժամը 9-ից մինչեւ 18-ը, վարձատրվում է 61 հազար դրամով, նաեւ պատասխանատու է 24-ժամյա պահպանության համար, որը, կարծում եմ, անհնար է։ Նաեւ խնդիր ունենք նորմալ անտառապահ աշխատանքի ընդունելու։ Երբ մեկը թերանում է, աշխատանքից ազատում ես, տեղը նորմալ մարդ գտնելը՝ այդ պայմաններով, խնդիր է։  Չի կարող մարդը աշխատել 9 ժամ, շաբաթ-կիրակի օրերին էլ հանգստանալ, բայց պատասխանատու լինել ամեն ինչի համար։ Էստեղ բաց ունենք, որը փորձում ենք լրացնել հայեցակարգի միջոցով»,-ասաց «Հայանտառ»-ի տնօրենը։

Անտառները, միանալով, կպահպանվեն առանձին ռեժիմներով։ Ազգային պարկերն՝ իրենց ռեժիմով, հատուկ կարգավիճակ չունեցող անտառներն՝ իրենց։ Պարզապես դրանք կլինեն միասնական համակարգի ներքո։

Ի՞նչ է արվում, որպեսզի հսկողության ուժեղացումը հարակից բնակավայրերի բնակիչների գլխին գիլիոտին չդառնա։ Հարցին Միքայել Մանուկյանը պատասխանեց․ «Անտառը բաց է լինելու բոլորի համար։ Ցանկացած քաղաքացի ազատ մուտք է ունենալու, բնականաբար՝ ոչ բենզասղոցով։ Եթե նկատի ունեք Տավուշի մարզի դժգոհող քաղաքացիներին, ապա էստեղ խոսքը բիզնեսի մասին է։ Նրանք տարիներով ապրել են անտառին մոտ, օգտվել են անտառից եւ ուզում են շարունակել օգտվել` եկամուտ ապահովելով այդտեղից։ Բայց դա կարող է լինել եւ օրինական։ Վարչապետի մոտ նաեւ խորհրդակցություն է եղել, եւ նա հրահանգել է վերանայել հատատեղերի ծավալները, բնականաբար՝ խելամիտ սահմաններում։ Օրինակ վերանայում ենք խնամքի հատումների ծավալները, որոնք, ինչպես գիտեք, անտառի վերաճի համար նպաստավոր է։ Դեռ ուսումնասիրում ենք։ Իսկ ինչ վերաբերում է անտառամերձ համայնքի բնակչին, ապա որեւէ մեկը վառելափայտից զրկված չի եղել եւ չի լինելու։ Ես չեմ տեսել, որ մի գյուղացի բողոքի, թե՝ ինձ չեն թույլատրել վառելափայտ ունենալ։ Անտառը միայն փակ է լինելու ապօրինի բիզնեսի համար»։

Հայեցակարգի ընդունման դեպքում՝ անտառապահները կունենան ավտոմեքենա կանգնեցնելու, տեղում վնասի չափ հաշվելու, ակտ կազմելու լիազորություններ։  

Մինչեւ հայեցակարգը կընդունվի, «Հայանտառ»-ի աշխատակիցները ոստիկանության հետ միասին հենակետեր են տեղադրել Երեւան եւ Արարատյան դաշտ տանող ճանապարհներին։ Նպատակը այնտեղ տեղափոխվող փայտի օրինականությունը ստուգելն է։ Ստուգվում են հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի նույն ապրանքագիրը երկրորդ անգամ չօգտագործվի։

Հարցին՝ որքանո՞վ եք վստահում ոստիկանությանը, Մանուկյանը պատասխանեց․ «Մեր աշխատակիցներին եմ վստահում, ոստիկաններն էլ միասին են։ Չեմ կարող չվստահել, մինչեւ հակառակը չեմ տեսել»։

Կառավարության մշակած հայեցակարգին ծանոթ է CNF-Հայաստանի համակարգող Արման Վերմիշյանը։

Նա «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս գործընթացում մի կարեւոր բան կա․ վերջապես անտառների կառավարումը տեղափոխվում է Բնապահպանության նախարարության ենթակայություն։

«Հստակ է, որ Հայաստանի անտառներն ունեն պահպանական նշանակություն։ Դա նշանակում է, որ դրանք պետք է լինեն Բնապահպանության նախարարության համակարգում` շեշտադրելով անտառների պահպանական նշանակությունը։

Փաստացի մինչեւ հիմա մենք ունեինք մի ՊՈԱԿ, որը կառավարում է Հայաստանի անտառների մի մեծ մասը, բայց չուներ համապատասխան ֆինանսավորում։ Ունի անտառային արգելավայրեր, որոնք ոչ մի կարգավիճակ, պաշտպանվածություն չունեն եւ տարիներ շարունակ դիտարկվել են որպես ռեսուրս, շահագործվել ամենավայրենի ձեւով։ Իսկ այս նոր պարագայում, օգտագործելով հատուկ պահպանվող տարածքների փորձը` միգուցե հնարավոր լինի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ»,- նշեց Արման Վերմիշյանը։