HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բարեգործական համերգ և ինտելեկտուալ խաղի մրցույթ` հանուն գյումրեցի անօթևան ընտանիքի

Տարիներն անցնում են, իսկ Գյումրու ծայրամասային թաղամասերում, նաեւ կենտրոնական որոշ հատվածներում, դեռ պահպանվում են 1988-ի աղետի դիմագիծն ամբողջացնող տնակային տնտեսությունները: Երկու տարի առաջ Գյումրիում պետական բնակարանաշինությունն ավարտվեց: Կառավարությունը հայտարարեց, որ կատարել է պարտավորությունն անօթևանների նկատմամբ՝ Գյումրիում կառուցվել է ավելի շատ բնակարան, քան ավիրվել է երկրաշարժի ժամանակ: Տնակներում ծվարած մոտ 3000 անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու բեռն իրենց ուսերին վերցրեցին տարբեր բարեգործական կազմակերպություններ ու անհատներ:

2015թ.-ի դեկտեմբերի 24-ին Գյումրու քաղաքապետի առաջարկով ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի նպատակը անօթեւաններին բնակարանով ապահովելն է: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի փոխանցամբ, 2016-17թթ. կարողացել են 22 անօթեւան ընտանիքի ապահովել բնակարանով: Դրանք սոցիալական բնակարաններ են: Ընտանիքը չի կարող այն տիրապետել սեփականության իրավունքով, վաճառել կամ նվիրել ուրիշին:

«Հոգաբարձուների խորհուրդն այդ որոշումն ընդունեց գիտակցված, քանի որ տարիներ շարունակ պետությունից, հիմանդրամներից կամ բարերարներից սեփականության իրավունքով ստացած բնակարանները, որոշ ընտանիքներ, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, վաճառել են եւ կրկին վերադարձել տնակներ»,- բացատրեց Ղարիբ Հարությունյանը:

Հիմնադրամը ուսումնասիրություններ է իրականացրել Գյումրիում եւ առանձնացրել տնակներում ապրող մի քանի խմբերի պատկանող անօթեւանների: Առաջին մեծ խումբը նրանք են, որոնց ընտանիքների անդամների թիվը ժամանակի ընթացքում աճել է, եւ բնակարան ստանալով` բոլորը չեն կարողացել տեղափոխվել՝ մի մասը շարունակում է ապրել նախկին տնակում: Մյուս երեւույթը, որ երկար տարիներ տիրապետող էր Գյումրիում, ստացած բնակարանը վաճառելով ու տնակ գնելով՝ հին կենցաղավարությանը վերադառնալն էր:

Մյուս խմբում այն ընտանիքներն են, որոնք թեեւ տնակային պայմաններում են բնակվում, սակայն չունեն անօթեւանի կարգավիճակ՝ տնակը գնել են կամ վարձակալել: Այս խմբին պատկանող տնակատերերն հիմնականում գյումրեցիներ չեն՝ եկել են հարակից գյուղերից, այլ մարզերից՝ անգամ Ջավախքից: Եվ մի փոքր խումբ էլ կազմում են պաշտոնապես անօթեւանի կարգավիճակ ունեցող այն ընտանիքները, որոնք, չկարողանալով պետության կողմից հատկացրած «Բնակարանների գնման վկայագրով» բնակարան ձեռք բերել, հետ են վերադարձրել ու մնացել տնակներում:

«Հիմնադրամն իր առաջ խնդիր է դրել տնակներից տարածքների ազատումը կատարել թաղամաս առ թաղամաս: Հիմա մենք կենտրոնացել ենք Բարեկամության այգու տարածքի վրա, որ երկրաշարժից հետո ամբողջապես ծածկված էր տնակային տնտեսություններով: Նպատակ ունենք տարածքն ազատել ու վերադարձնել քաղաքին` որպես կանաչ գոտի, ինչպես որ եղել էր նախկինում»,- նկատեց զրուցակիցս:

7 հա տարածք զբաղեցնող այգում դեռ 11 ընտանիք բնակվում է տնակներում: Ղարիբ Հարությունյանի փոխանցմամբ, 4 ընտանիքի գործերը գտնվում են իրավական հարթությունում: Նրանցից մեկն, օրինակ, պարզվել է, որ ժամանակին ստացել է բնակարան, սակայն այդպես էլ չի տեղափոխվել: Բնակարանը կա, վաճառված չէ, եւ քաղաքապետարանը համապատասխան միջոցներ պիտի ձեռնարկի` ընտանիքին այնտեղ տեղափոխելու:

Հոկտեմբերին կհայտարարվի եւս մեկ ընտանիքի բնակարան հատկացնելու մասին: Այդ նպատակով Գյումրիում սեպտեմբերի 12-ին կազմակերպվել էր աշուղական երգերի բարեգործական համերգ Վարդան Բադալյանի եւ «Շերամ» անսամբլի մասնակցությամբ: Հարկավոր գումարը լրացնելու նպատակով, սեպտեմբերի 24-ին Բարեկամության այգու նախկին պարահրապարակի տարածքում հիմնադրամի եւ «ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարեգործական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, որին մասնակցության հայտ ներկայացրած 13 խմբերը դրամական մուծումներ էին կատարել: Խաղին մասնակցում էր նաեւ Շիրակի մարզպետարանի թիմը` մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անօթեւանների հարցը լուծենք,- նշեց մարզպետ Արթուր Խաչատրյանը,- շատ դրական եմ գնահատում այս տիպի ակցիաները, որոնք բարեգործական նպատակ են հետապնդում ու հնարավորություն ընձեռում եւս մեկ-երկու անօթեւան ընտանիքի բնակարան գնելու: Հոկտեմբերին մենք էլ ենք պատրաստվում բարեգործական համերգ կազմակերպել, շատ տաղանդավոր ազգությամբ հայ ջութակահարուհի կա Անգլիայում, իրեն հրավիրելու ենք, ու համերգից առաջացած հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին: Սա բարեգործական խաղ է, կխաղանք, բայց կարեւորը դրամական ներդրումն է, որ արել են բոլոր խմբերը»:

Նշենք, որ հիմնադրամի միջոցները ստեղծման օրվանից գոյանում են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձից կամավորության սկզբունքով կատարվող փոխանցումներից՝ սկսած 0,5 տոկոսից: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ամեն ամիս իր աշխատավարձն ամբողջությամբ փոխանցում է հիմնադրամին: Պակասող գումարները հիմնադրամը փորձում է հայթայթել բարեգործական ակցիաների միջոցով:

«Դեկտեմբերի 7-ին մենք կհայտարարենք համահայկական հեռուստամարաթոնի մասին: Հույս ունենք, որ մեծ արձագանք կունենա եւ հնարավորություն կտա միանգամից ավելի մեծ քանակությամբ անօթեւանների բնակարանների հարց լուծել»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter