HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շրջում է Հայաստանի մարզերում

Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որն առանց փոփոխման ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական ընդվզման օր է հայտարարել, որն իրագործելու համար կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ  շարունակում է իրականացնել քարոզարշավ: Շրջելով Հայաստանի Հանրապետության մարզերով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքացիներին է ներկայացնում կուսակցության ծրագիրը՝ համահայկական մեծ ընդվզման օրվա, Գլոբալ հայկական համազգային համաժողովի և ժամանակավոր կառավարության վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է՝ համախմբել Հայաստանի և Սփյուռքի ողջ  հայությանը նախատեսված նույն օրը և նույն ժամին դուրս գալ կենտրոնական փողոցներ՝ անվստահություն հայտնելով ու հիմնահատակ քանդելով ներկայիս ապօրինի իշխանությունն ու այն սպասարկող ավտորիտար համակարգը՝ հիմնելով նոր համակարգ, որը զերծ կլինի  քաղաքական ու տնտեսական մենաշնորհներից և պայմաններ կստեղծի ողջ հայության համար մասնակցություն ունենալու հայոց պետականության քաղաքական կյանքին:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը  առաջնորդվում է քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն է և ուժ, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական ընտրախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը:

Համահայկական մեծ ընդվզման միջոցառմանը հաջորդելու է Գլոբալ հայկական համազգային համաժողովի գումարումը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Գլոբալ հայկական համազգային համաժողովի պատվիրակները պետք է ընտրեն ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք կսպասարկեն օրենսդիր և գործադիր իշխանության ձևավորման  նախապատրաստական փուլը`  ազատ, անկախ, հավասար պայմաններ ստեղծելով նոր կայանալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների (անկախ նրանից, թե որտեղ են նրանք բնակվում), այդ թվում նաև արցախահայության համար:

Հայաստանի ներկայիս ծանր իրավիճակի լուծումը Հայաստանի ժողովրդի և  աշխարհասփյուռ հայության  խնդիրն է: Համայն հայությունը  պետք է հավատա ինքն իրեն և իր ուժին: Միայն ինքնաազատագրման, ինքնակազմակերպման և ինքնահամախմբման միջոցով է հնարավոր հաղթահարել աղետը և արձանագրել հաղթանակ»,- ասվում է հայտարարությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter