HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր բրենդ հայկական շուկայում՝ «Քյավառա կարտոլ» (ֆոտոռեպորտաժ)

Ազատուհի Խաչատրյան

Գոմաղբի մոխրի մեջ պատրաստվող «Քյավառա կարտոլը» արդեն երրորդ տարին իր մոտ է բերում հարյուրավոր կարտոֆիլասերների: Սարուխան և Կարմիր գյուղերի միջև ընկած Ծաղկավանք կոչվող տարածքում հեռվից նկատելի են գունավոր տաղավարները և փռից ելնող թանձր ծուխը:

«Մեծ փուռ» փառատոնի գաղափարը տեղացիներինն է, աջակիցը՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) բարեգործական կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է, որ խմբերը առանց միջնորդ հանդիպեն սպառողին, ներկայացնեն իրենց արտադրատեսակները, կապեր հաստատեն և հետագայում վաճառք իրականացնեն:

Միջոցառման կազմակերպիչ, Գեղարքունիքի մարզի ՎՎՀ տնտեսական ծրագրերի համակարգող Աստղիկ Հովեյանն ասում է, որ այս տարի մասնակցում են Գանձակի, Սարուխանի և Կարմիր գյուղերի կարտոֆիլագործները և մարզում գործող 24  արտադրողների խմբեր ու անհատ մարդիկ: Ներկայացված է նաև տաղավար Ջավախքից:

Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ուտեստներ կարտոֆիլից և այլ տեղական մթերքներից պատրաստված՝ չիչխան, կտավատ, բռոկոլի, մեղր, չրեր, դեղաբույսեր և այլն: «Այսօր այստեղ ներկայացվում են միայն ու միայն գյուղացիների ձեռքով պատրաստված մթերքներ: Այս տարի նախորդ տարվա համեմատ հինգ անգամ ավել այցելուներ ունենք. դա նշանակում է, որ փառատոնը սիրված է».-ուրախությամբ նշում է Աստղիկը:

Անվանակարգերը նույնպես տիպիկ էին տեղի մշակույթին՝ «Լավագույն փռնչի» «Ամենահյուրասեր փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի», «Ամենաընտանեկան փուռ»:

Հատուկ անվանակարգ էր «Կարտոֆիլից պատրաստված ամենանորարար ուտեստը», որը  ժյուրիի գնահատմամբ  ճանաչվեց կարտոֆիլի մուրաբան: Ներկայացված էին նաև կարտոֆիլի չիր, օղի, կոնյակ, կարտոֆիլի ալյուրից հաց:

Նախորդ տարվա լավագույն  փռնչի  2-րդ հորիզոնական զբաղեցրած  Վիգենը այս տարի արժանացավ ամենահյուրասերի  կոչմանը: Իր  տաղավարում ուտելիքներից բացի նաև պատվոգրեր են շարված. 2016-ին նա աճեցրել է ամենախոշոր կարտոֆիլը, որը կշռել 1,680 գ: Ախթալայի խորովածի փառատոնին նույնպես մասնակցել ու ճանաչվել է «Խորովածի վարպետ»:

Վիգենը հեշտությամբ բացում է փռի մեջ համեղ կարտոֆիլ խորովելու իր գաղտնիքը. «Պետք ա սկզբում աթարը վառել, հետո մոխիրի մեջ շարել կարտոլն ու ծածկել, բայց ուրիշները հենց սկզբից են դնում, կարտոլը վառում ա, լավ չի եփում»: Վիգենը նաև պատմում է ավանդույթի մասին, թե ինչպես են դաշտում կարտոֆիլը հողից  հանելիս մարդիկ հավաքել գոմաղբը, կրակ արել ու մեջը եփել կարտոֆիլը. սա էլ հենց փուռն է:

Փառատոնի վերջում Աստղիկը հրավիրում է.- «Հոկտեմբերի 15-ից սկսած կարտոֆիլագործ խմբերը Կասյան շուկայում կիրակի օրերին կարտոֆիլ կվաճառեն: Ովքեր որ հավանեցին մեր կարտոֆիլը, հրավիրում ենք Կասյան շուկա՝ «Քյավառա կարտոլ» տաղավար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter