HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Նրանք նկարում էին պատերազմը». Արցախյան պատերազմի վավերագրության փորձ

«Նրանք նկարում էին պատերազմը» գիրքը, որը լույս է տեսել այս տարի՝ մայիսին, համանուն խորագրի ներքո ներկայացնում է 34 հարցազրույց նրանց հետ, ովքեր 1991-94թթ․ եղել են ճակատում եւ «պատրաստել» Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքի նախաբանում նշվում է, որ չափազանց դժվար է եղել ընտրության սկզբունքների սահմանման պահը․ ընդգրկե՞լ լրագրողներին, թե՞ ոչ, անդրադառնա՞լ նաեւ ռեժիսորներին, ովքեր ճակատում չեն եղել, բայց անդրադարձել են իրադարձություններին վավերագրական ֆիլմերով, թե՞ ոչ․․․ Ի վերջո գրքում ընդգրկվել է 34 վավերագրողի պատմութուն եւ հարցազրույց, ովքեր մեզ ներկայանում են իրենց հիշողության, պատերազմական դրվագների, էմոցիոնալ շերտի եւ կարեւոր տարեգրության անցքերից։

Գրքի ստեղծման եւ ներկայիս աշխարհագրության մասին զրուցեցինք կազմողներից մեկի՝ Ռուզաննա Բագրատունյանի հետ (կազմողները երկուսն են․ մյուսը՝ Անահիտ Հարությունյանը)։

Տիկին Բագրատունյան, ինչպես տեղեկանում ենք գրքի նախաբանի տեքստից, հիմքում «Կինոաշխարհի»-ի «Պատերազմի վավերագրողները» շարքն է։ Գրքի ստեղծման նախնական զրույցների, կարեւորության եւ անհրաժեշտության մասին կպատմե՞ք։

Շարքը գրքի վերածելու առաջին եւ կարեւորագույն նպատակը մեկն էր՝ հասարակությունը պետք է ճանաչի այն մարդկանց, ովքեր, իրենց սեփական կյանքը վտանգելով, ռազմաճակատի առաջին գծում կատարել են մասնագիտական պարտքը․ այլ խոսքով՝ կյանքի գնով նկարված կադրերի հեղինակներին պետք է բոլորը ճանաչեն եւ գնահատեն։

Ինչ վերաբերում է գրքի ստեղծման պատմությանն ու աշխատանքներին, այո, 2012 թ․ դեկտեմբերից «Կինոաշխարհ»-ում (սկզբում այն ամսաթերթ էր, հետագայում արդեն կայքի վերածվեց) սկսեցինք տպագրել «Պատերազմի վավերագրողները» շարքը, որը վարում էր Ալիսա Գեւորգյանը։

Շուտով մենք հասկացանք, որ հարցազրույցները մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, միեւնույն ժամանակ տվյալ նյութի հետ կապված բազմաթիվ հարցեր կային, որոնք, ըստ էության, պատասխանների կարիք ունեին՝ ովքե՞ր են եղել վավերագրողները, ինչպե՞ս են հայտնվել ճակատում, ի՞նչ պայմաններում են աշխատել նրանք, արդյո՞ք նրանք միայն նկարել են, թե՞ նաեւ կռվի անմիջական մասնակիցն էին ․․․

Շատերն են անտեղյակ այն անձնվեր անհատների մասին, ովքեր իրենց կյանքը վտանգելու գնով նկարել են պատերազմը՝ ռազմաճակատի առաջին գծում (հաճախ մենք պատերազմական կադրեր ենք տեսնում հեռուստացույցով, բայց չգիտենք` ում ձեռքով են դրանք նկարվել, ով է դրա հեղինակը)։

Այսպիսով, մենք՝ կայքի խմբագիր Անահիտ Հարությունյանն ու փոխխմբագիր Ռուզան Բագրատունյանը, հասկացանք, որ այս շարքը պետք է մի ամբողջական գիրք դառնա։ Եվ 2014 թվականից, սկսեցինք ֆինանսական միջոցներ փնտրել․ ուր ասես չգնացինք, ում ասես չդիմեցինք, միեւնույնն է, ոչինչ չէր ստացվում։ Արդեն հույսներս կորցրել էինք, երբ 2016թ․-ին վերջապես ստացանք 1,5 մլն դրամի համապատասխան ֆինանսավորում։

Գիրքը (բացի տպագրությունից եւ լրագրողների հոնորարներից) անվճար է կազմվել։ Ձեւավորման աշխատանքները իրակացրել է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, իսկ անգլերեն թարգմանությունը (նույնպես անվճար) «AFI» հիմնադրամը։

Արխիվային նյութին անդրադառնալը, այն էլ այնպիսի նյութի, որը վերաբերում է պատերազմին, մանրակրկիտ աշխատանք է պահանջում։ Եթե ամփոփելու լինեք երեսունչորս վավերագրողների հետ արված հարցազրույցները եւ մեկ ընդհանուր ֆոնով փորձեք ներկայացնել պատերազմի «վավերագրողին», ո՞ր հատկանիշն է դառնում առաջնային բոլորի համար։

Ինքնին, այո, պատերազմական նյութը բավականին ծանր է, էլ չասեմ, թե որքան պատասխանատու է դրա հետ աշխատելը։ Գրքի հերոսները (ես նրանց այդպես եմ անվանում), պատերազմ անցած մարդիկ են, ովքեր տեսել են ամեն ինչ՝ կորուստ, ցավ, մահ, արյուն։ Բոլոր տղաները անմնացորդ նվիրումով մեկնել են ճակատ՝ ունենալով այն խորը գիտակցումը, թե իրենց աշխատանքը որքան կարեւոր է նորանկախ պետության, ժողովրդի ոգին պահելու եւ վերջապես աշխարհին Արցախի մասին տեղյակ պահելու տեսանկյունից։

Նրանց մեծ մասը մասնակցել է մարտերի, նրանցից ոմանք գերի են ընկել աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, կան նաեւ զոհվածներ․․․ Պատերազմ տեսած մեր վավերագրողները, վստահ եմ, այսօր էլ վտանգի պահին մեկ մարդու նման կհայտնվեն մարտադաշտում՝ հայրենիքի ու մասնագիտական պարտքը կատարելու այդ նույն խորը գիտակցումով։

Նրանք միայն վավերագրողներ չեն․ նրանք Արցախյան պատերազմի վկաներն են։ Ուզում եմ ասել, որ նրանք բացի նկարելուց, ամբողջ ընթացքում շփվել են խաղաղ բնակչության, զինվորականների հետ, ականատեսն են եղել մարտերի ու բարդ ռազմական օպերացիաների, նրանք տեսել են պատերազմը ծայրից ծայր։ Կարծում եմ՝ նրանց ներկայությունը կարեւոր է պատմության ու անգնահատելի է նյութի գիտական ուսումնասիրության համար։

Զինվորի եւ վավերագրողի տարանջատման մասին հարցադրման պատասխանները թույլ են տալիս եզրակացնել, որ ռազմաճակատ մեկնած վավերագրողը հաճախ անցել է գիծը՝ զինվոր է եղել նաեւ ․․․ Սա չէ՞ր դժվարացնում մասնագիտական հարցադրումներ ուղղելու հարցում։

Պատերազմ լուսաբանող օպերատորները եւ լրագրողները մի տեսակ երկու գործ են արել ռազմաճակատում։ Այս պատերազմում նրանք եւ՛ կռվել են, եւ՛ նկարել են․․․ Արցախցի ռեժիսոր, օպերատոր եւ ազատամարտիկ Վարդգես Ուլուբաբյանը, ով սկզբից կռվել է կամավորական ջոկատներում, ասում է, որ «պատերազմի ժամանակ քարոզչությունն ուրիշ կանոնների է ենթարկվում եւ լուծում է մարտավարական խնդիրներ»։

Հիմա գամ Ձեր հարցի պատասխանին․ ամենեւին ոչ, նրանք եւ՛ կռվել են, եւ՛ աշխատել երկու հրացան ունեցող զինվորի պես։ Նրանք մասնագիտական աշխատանքն են հմտորեն կատարել, իսկ երբ անհարժեշտ է եղել կռվել, անմնացորդ նետվել են մարտի․․․ Օրինակներն առանձնացնելն անիմաստ է, որովհետեւ բոլորի մոտեցումն այս հարցին նույնն է եղել։

Սեպտեմբերի 7-ին Բեյրութում «Զարթոնք» թերթի 80-ամյակի միջոցառումների շրջանակներում նույնպես շնորհանդես եղավ։ Գրքում զետեղված նյութը հետաքրքրության ի՞նչ շրջանակ է առաջացրել։

«Նրանք նկարում էին պատերազմը» գրքի շնորհանդեսը Լիբանանում կազմակերպելու նախաձեռնությունը  ռադիո «Սեւանի» գործադիր տնօրեն Միքայել Վայեջյանինն էր։ Միջոցառմանն անդրադարձել են Լիբանանի բոլոր հայալեզու պարբերականները, այդ թվում՝ «Ազդակը», «Զարթոնքը», «Արարատը», ռադիո «Սեւանը» եւ այլք։

Ժողովածուի շնորհանդեսին ներկա էին Վերապատվելի դոկտ․ Պոլ Հարդոսթյանը, ԹՄՄ Հիմնադիրների Մարմնի ատենապետ ընկ․ Հակոբ Քասարջյանը, «ՌԱԿ» Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ․ Ավետիս Դաքեսյանը, Լիբանանում ՀՀ  հյուպատոս Աշոտ Վարդանյանը, Լիբանանի հայկական թերթերի խմբագիրները, հարգարժան հյուրեր եւ «Զարթոնքի» բարեկամները:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ «Զարթոնքի» խմբագիր Սեւակ Հակոբյանը, ռադիո «Սեւանի» հայկական լուրերի պատասխանատու, լրագրող Շիրազ Ճերեճյանը ներկայացրեց գիրքը, նշելով, որ աշխատանքի բերումով, վավերագրողները ծանոթացել, ապրել ու աշխատել են Արցախյան պատերազմի բազմաթիվ հրամանատարների եւ հերոսների հետ, ինչպիսիք են Մոնթեն, Վազգեն Սարգսյանը, Թաթուլ Կրպեյանը, Սպիտակ Արջը, Ռեմ Մարդանյանը եւ շատ ուրիշներ: Գրքում շարադրված են նաեւ նրանց պատմությունները եւ հերոսությունները: Այս առումով այն բավականին հարուստ է առաջին ականատեսի վկայություններով, ինչը հարստացնում է Արցախի մասին արդեն իսկ գոյություն ունեցող տարեգրությունը եւ նյութերը:

Գրքի կազմողներս հանդիպեցինք Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանին, եղանք հայկական կրթօջախներում, այդ թվում՝ Հայկազյան համալսարանում, գրադարաններում, այցելեցինք Անթիլիաս, Զմմառ եւ այլ վայրեր։ Գրքերից մի քանիսը նվիրեցինք հայկական կրթօջախներում գործող գրադարաններին, հայկական թերթերի խմբագրություններին եւ անհատների։

Քառօրյա պատերազմի ընթացքում մասսայական դարձան Արեգ Բալայանի լուսանկարները։ Արեգն ինքը, որպես կամավոր, մասնակցում էր քառօրյային։ Նրա լուսանկարները նաեւ միջազգային ուշադրության արժանացան։ Եթե խոսենք տեխնոլոգիա-պատերազմ-վավերագրություն համադրության մասին, ինչպիսի՞ առանձնահատկություններով է ներկայանում ներկայիս վավերագրողը։

Ասեմ, որ այս հարցն էլի են տվել։ Ուղղակի ուզում եմ, որ չմոռանանք՝ Արցախյան գոյամարտի տարիներին մեր երկիրը գտնվում էր ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակում։ Օրական մեկ կամ երկու ժամ լույսի առկայությամբ աշխատող օպերատորները չունեին բավարար տեխնիկա, չունեին էլեկտրասնուցման հզոր մարտկոցներ, տեսախցիկներն աշխատում էին 15-20 րոպե, չկային տեսաերիզներ։ Շատ հաճախ նկարահանված կադրերի վրա նորն էին նկարում այս խնդիրների պատճառով։ Եվ դա դեռ քիչ չէր, պետք էր տեղ հասցնել նկարած ռեպորտաժներն ու նյութերը։ Մեծ դժվարությամբ էր այդ ամենը հասնում բնակչությանը։ Այնպես որ, ժամանակները էապես տարբեր են հասանաելիության, նյութի տարածման առումով։

Ծանր քառօրյայի օրերին ամբողջ աշխարհը միանգամից տեսավ՝ ինչ է կատարվում․ համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությունը վայրկյանների ընթացքում տարածեց լուրը։ Բայց նորից, 1991-94թթ․ չկար այս հնարավորությունը, եւ հույսը միայն տղաների անկոտրում կամքն ու ոգին էր։

Ընթերցողը, ում հետաքրքրում է նյութը, որտեղի՞ց կարող է ձեռք բերել գիրքը։ Հասանելիությունն ապահովվա՞ծ է։

Գրքի 100 օրինակը ձեռք է բերել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ իրենց խողովակներով տարածելու նպատակով։ Գիրքն ուղարկվել է Արցախի պաշտպանության նախարարություն, նվիրել ենք բոլոր օպերատորներին, ում պատմությունը կա գրքում։ Տրվել են օրինակներ գրադարաններին, անհատների, բոլոր այն գերատեսչություններին, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն նյութի հետ։

Հիշեցնեմ, որ Երեւանում գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 29-ին։ Շուտով, սպասվում է մեկ այլ շնորհանդես արդեն Արցախում։

Հ․Գ․Գիրքը հրատարակության են պատրաստել Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Հոգեւոր Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն։

Կազմողներ՝ Ռուզաննա Բագրատունյան, Անահիտ Հարությունյան, խորհրդատու`  Սենոր Հասրաթյան, խմբագիր՝ Անահիտ Հարությունյան, թարգմանիչ՝  Սյուզաննա Սարգսյան։ Հարցազրույցները վարել են Ալիսա Գեւորգյանը, Նաիրա Փայտյանը, Նանա Պետրոսյանը, Ռուզաննա Բագրատունյանը։ Ձեւավորումը՝  Անի Պապյանի, էջադրումը՝  Ժագ Թոփալագյանի, սրբագրիչ՝  Սամվել Խաչատրյան։

Տպագրվել է «Զանգակ» հրատարակչությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter