Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության ծրագրերը կերկարացվեն մինչև 2021 թվականը
Կառավարությունն առաջարկում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում սոցիալական աջակցության ծրագիրը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված է, որ կառավարության հաստատած ցանկում ներառված համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցներից:
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու վերը նշված օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 2018թ. հունվարի 1-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության ծրագրի իրականացումը:
Ծրագրի էությունը հետևյալն է. հաշվարկային տարում գումարային մինչև 360 խորանարդ մետր ծախսված բնական գազի, գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի, ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50% փոխհատուցում:
Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խորանարդ մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Իսկ սահմանամերձ բնակավայրերում առկա են՝
Տնտեսություն՝ |
17 238 |
Բնակիչ՝ |
56 068 |
Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ |
17 048 |
Գազի բաժանորդ՝ |
9 978 |
Փոխհատուցում է նախատեսված նաև սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների չափով:
Կառավարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար 2015թ. սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928 միլիոն 871 հազար դրամ գումար:
Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից և կառավարության կողմից արդեն ուղարկվել է Ազգային ժողով:
Լուսանկարում՝ Սևքարը
Մեկնաբանել