HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարմարիկի համայնքապետարանը պարտքով գումար է վերցրել և հայտնվել դատարանում

Կոտայքի մարզի Մարմարիկի ավագանին 2016թ. ապրիլի 27-ի արտահերթ նիստով որոշել է համայնքի խմելու ջրի բաշխիչ ցանցի կառուցման նպատակով 1 մլն 495 հազար 653 դրամի չափով փոխառություն վերցնելու համաձայնություն տալ: Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանը 02.05.2016թ. գրությամբ դիմել է «Զավա գրուպ» ՍՊԸ-ի տնօրենին և խնդրել է տրամադրել նշված գումար: 

«Զավա գրուպ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզի Մարմարիկի համայնքապետարանի միջև  2016թ. մայիսի 3-ին կնքվել է փոխառության պայմանագիր: ՍՊԸ-ն 6 ամիս ժամկետով համայնքապետարանին պարտքով տրվել է 1,495,653 դրամ: Պայմանագիրը ստորագրել են «Զավա գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն ու Մարմարիկի համայնքապետ Արտակ Պետրոսյանը: Կողմերը պայմանագրով նախատեսել են, որ փոխառության գումարը պետք է վերադարձվի 6-ամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրը, իսկ սահմանված ժամկետում այն չվերադարձվելու դեպքում յուրաքանչյուր կետանցի օրվա համար վճարվելու է տույժ 0.5%-ի չափով: 

Պայմանագրով գումարի վերադարձման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016թ. նոյեմբերի 3-ը: Նշված ժամկետը լրանալուց հետո «Զավա գրուպ» ՍՊԸ-ն պահանջել է վերադարձնել փոխառության գումարը, սակայն համայնքապետը հայտնել է, որ գումար չունենալու պատճառով չի կարող վերադարձնել: 

Մեկ անգամ էլ գրավոր է դիմել, սակայն որևէ պատասխան չի ստացել, ինչից հետո դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով համայնքապետարանից հօգուտ հայցվորի բռնագանձել 1,495,653 դրամ պարտքի և 100,000 դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաև պարտքի գումարի վրա միչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվեգրել քաաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված վճարման ենթակա տոկոսները: Այն է՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

«Զավա գրուպ» ՍՊԸ-ն միջնորդել էր դատարանին, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել համայնքապետարանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Դատարանը միջնորդությունը բավարարվել է մասնակի. արգելանք է դրվել պատասխանողի գույքի վրա: 

Մարմարիկի համայնքապետարանը հայցադիմումին պատասխան չի ներկայացրել: Ավելին՝ չի ներկայացրել դատարան:

Դատարանն սեպտեմբերի 11-ին բավարարել է «Զավա գրուպ» ՍՊԸ-ի հայցը: Բացի փոխառության գումարը, դատարանը որոշել է՝ սկսած 04.11.2016թ. մինչև պարտքի գումարի ամբողջական մարումը պարտքի գումարի չվճարված մասին հաշվեգրել և Մարմարիկի համայնքապետարանից հօգուտ «Զավա գրուպ» ՍՊԸ-ի բռնագանձել օրենքով նախատեսված տոկոսները: Համայնքապետարանից հօգուտ պետական բյուջեի հաշվարկվել և բռնագանձվել է պետական տուրք` փաստացի վճարման պահին ժամկետանց գումարի նկատմամբ հաշվեգրված տույժերի գումարի 2%-ի չափով: Համայնքապետարանի վրա է մնացել նաև պետական տուրքի գումար՝ 30,000 դրամ, ինչպես նաև 100,000 դրամ փաստաբանի վարձատրության գումարը:

Մարմարիկի համայնքապետ Արտակ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրագծի կառուցման համար գումարը հատկացրել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ պայմանով. Որ գումարի մի մասը համաֆինանսավորի համայնքապետարանը: Մոտ 2 մլն դրամի չափով համայնքային բյուջեից հատկացրել են, սակայն պակասել է մոտ 1,5 մլն դրամ և որոշել են փոխառություն վերցնել:

«Այդ մարդիկ մեր գյուղացիներ էին, խնդրեցինք, որ պարտքով գումար տան, հետո կվերադարձնենք: Այդ ընթացքում հողի աճուրդ պետք է լիներ: Մարդիկ կային, գյուղացիները վարձակալություն ունեին, պայմանավորվել էինք: Բայց ֆինանսական վիճակից ելնելով, թե ինչ, աճուրդ հայտարարեցինք, չգնեցին այդ հողերը»,-ասում է Ա. Պետրոսյանը:

Համայնքապետն ասաց, որ ՍՊԸ-ի տնօրենի հետ պայմանավորվածություն կա, որպեսզի տոկոսագումարը համայնքապետարանը չվճարի և վերադարձնեն միայն մայր գումարը:

«Էլի աճուրդ ենք հայտարարել, հլը տեսնենք ինչ է լինում: Աճուրդի հույսով ենք, ուրիշ գումար չունենք»,-ավելացրեց համայնքապետ Պետրոսյանը:

Նշենք, որ Մարմարիկը խոշոր համայնք չէ, զբաղեցնում է ընդամենը 51 հա մակերես: Բնակչության թիվը մոտ 900 է: Համայնքային բյուջեն փոքր է՝ 16 մլն 261 հազար դրամ: Գյուղը չունի մշակութային, մարզական հաստատություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter