HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել մանկահասակ երեխային պատանդ վերցնելու և երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ դանակի գործադրման սպառնալիքով ակնհայտ անչափահասին պատանդ վերցնելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արմավիրում գործող «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ կոմիտեն ներկայացնում է որոշ տվյալներ՝ նախաքննության այս փուլում պարզված հանգամանքների վերաբերյալ։

Այսպես՝ ըստ նախնական քննության տվյալների՝ 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի բնակիչը գնացել է «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ կինը աշխատում է որպես դաստիարակչուհի՝ պահանջելով դուրս գալ՝ պատճառաբանելով, թե նրա հետ ցանկանում է առանձնազրույց ունենալ: Կինը հրաժարվել է տղամարդու պահանջը կատարելուց, ինչից հետո վերջինս հանել է դանակը և բռնություն գործադրելով՝ քարշ տալով, փորձել է նրան դուրս բերել շենքից։

Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը դանակը դրել է կնոջ պարանոցին՝ փորձելով հարվածել, սակայն վերջինս բռնել է շեղբից, ապա նրանց է մոտեցել մանկապարտեզի տնօրենը։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է տնօրենին, որի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել պարանոցի և ականջի հատվածում, այնուհետև փորձել է կնոջը բռնությամբ տանել մանկապարտեզի ննջասենյակներից մեկը, սակայն օգնության հասած ազգականը հարվածել է տղամարդուն, ինչի հետևանքով կնոջը հաջողվել է դիմել փախուստի՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Ժամը 16։30-ի սահմաններում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի ննջասենյակում գտնվող ակնհայտ անչափահասին՝ մանկահասակ երեխային՝ նրան ազատ արձակելու համար իրավապահ մարմիններից պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ժամը 20-ի սահմաններում վնասազերծել տղամարդուն և անվնաս ազատել փոքրիկին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter