HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին

Իմ երիտասարդության տարիներին մի խոսք կար` դանիական կուտ ուտել, այսինքն կամավորապես ստանձնել ուրիշի համար ձեռնատու դիրքորոշում: Ճիշտն ասած, առ այսօր չգիտեմ ինչո՞ւ էր կոչվում հատկապես դանիական: Բայց, որ այսօր որոշ մարդիկ կերել են թուրքական կուտը դա ակնհայտ է: Իսկ ի՞նչ է թուրքական կուտը` դա ես արդեն գիտեմ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջին քննարկումների առիթով ոմանք, մինչևիսկ հայեր, գրում էին և են, որ ցեղասպանությունների  հանրային ժխտման քրեականացումը սխալ է, քանզի սահմանափակում է ազատ խոսքը, ինքնուրույն կարծիք ունենալու իրավունքը:

Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ «խոսքի ազատություն» կամ «կարծիք ունենալ»:  Գնացեք, օրինակ, Կանադա և հանրայնորոեն «կարծիք արտահայտեք» որ, օրինակ, սևամորթները կամ հայերը փնթի են կամ ալարկոտ: Գիտեք չէ՞ ձեզ ինչ կանեն` «ատելություն հրահրելու» (hate speech) համար` դուք կհայտնվեք բանտում կամ կկրեք այլ պատիժ: Գերմանիայում ասեք, որ Հիտլերը իր պատճառներն ուներ հրեաներին կոտորելու համար: Մի ժխտեք Հոլոքոստը, այլ պարզապես փորձեք որոշակի արդարացում-հիմնավորում բերել դրա համար: Հետևանքները կարծում եմ ինձանից լավ գիտեք: Բա ու՞ր մնաց «խոսքի ազատությունը»: Թե՞ որոշ մարդիկ կարծում են, որ հայերս ավելի ժողովրդավոր ենք, քան կանադացիք կամ գերմանացիք:

Ընթացիկ երևույթները հասկանալու համար անհարաժեշտ է ընդգծել  մի շարք կարևոր հանգամանքներ` ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն: Այն ծանրագույն հանցագործություն է, ինչպես բնութագրում են իրավագետները` «հանցագործությունների հանացագործությունը» (crime of the crimes), քանզի այն իր մեջ պարունակում է մի շարք ծանրագույն հանցագործություններ` սպանություն, բռնաբարություն, մանկապղծություն, ստրկավաճառություն, մարդուն ապօրինի ազատությունից զրկում, ուրիշի ունեցվածքի յուրացում  կամ փչացում, մշակութային արժեքների ոչնչացում կամ յուրացում և այլն: Ըստ էության, այս հանցագործությունն իր մեջ ներառում է քրեական ողջ օրենսգիրքը:

Հետևաբար, ցեղասպանության հանրայնորեն ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, ըստ էության հանցագործության խրախուսում է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն, այլև հանցագործություն: Կրկնում եմ, ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի մասին լինեն տարբեր կարծիքներ, այն հանցագործություն է, իսկ հանցագործությունն ունի միայն մեկ վերաբերմունք` դա պատիժն է, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում` դատապարտումը, որոնց նպատակներից է հանցագործության  կանխարգելումը: Ոչինչ չի խրախուսում ոճրագործին և դրում նրան նույն արարքը կրկնելու, որքան անպատիժ մնացած հանցագործությունը:

Ես վերը գրել էի «ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն»: Ինչո՞ւ «հատկապես հայերի»: Շատ պարզ պատճառով, որովհետև հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունն է, որը դեռ շարունակվում է, քանի որ սույն հանցագործության հետևանքներն ունեն շարունակական բնույթ: Բացատրեմ միտքս` բոլոր նախորդ ցեղասպանության մեղավորները այս կամ այն կերպ պատժվել են, զոհերը մասնակի կամ ամբողջական հատուցումներ են ստացել և դեռ ստանում են, այսինքն ցեղասպանության հետևանքները որոշակիորեն հաղթահարվել են:    

Հայերի ցեղասպանությունը միակն է, երբ ոչ միայն հանցագործները միջազգայնորեն պատժված կամ գոնե դատապարտված չեն (հայերի կողմից իրականացված արդարահատույց գործողությունները չեն կարող դիտարկվել որպես միջազգային), այլև ցեղասպանությունն ընթացքի մեջ է, քանի որ շարունակվում են ցեղասպանության հետևանքները:

Հայաստանն այսօր  շրջափակելի է դարձել ցեղասպանություն պատճառով, Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանության հետևանքով է կորցրել իր տարածքների զգալի մասը` հետևաբար կորցրել է զարգացման համար այդքան անհրաժեշտ ելքը դեպի ծով և կենսատարածքը, ինչպես նաև դարձել է ռազմականապես շատ ավելի խոցելի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասն այսօր վատ է ապրում: Դրա համար կան բազում պատճառներ` այդ թվում բազմաթիվ ներքին: Բայց էական են, եթե ոչ վճռորոշ, արտաքին պատճառները:

Իսկ արտաքին պատճառներից կարևորագույնը հայոց ցեղասպանության մնայուն հետևանքներն են: Հետևաբար, քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող ունենալ ապահով և բարկեցիկ կյանք: Իհարկե լավ կառավարման միջոցով կարելի է հասնել որոշակի բարելավման, սակայն դա կլինի խիստ սահմանափակ, անկայուն և խոցելի:

Մնացած տարաբնույթ խոսակցությունները կամ իշխանության գալու խաբեպատիր քարոզ են կամ ազնիվ ինքնախաբեություն: Երկրի հզորությունը, հետևաբար քաղաքացիների բարեկեցությունը,  խիստ նյութական հասկացությունը է և այն խարսխվում է  նույնքան նյութական հասկացությունների վրա: Իհարկե կառավարման ձևը հույժ կարևոր է, անգամ ունի առօրյա նշանակություն` առանց որի հնարավոր չէ բնականաոն կյանքը: Այն նման է թթխմորի` առանց որի չես կարող որակյալ հանապազօրյա հացդ ունենալ: Սակայն եթե չունես ցորեն կամ այն հողը, որի վրա պիտի աճեցնես ցորենը` թթխմորը դառնում է արագ փչացող ճոխություն:

Պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը կամ ժխտման քրեականացումը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը նպատակաուղղած քայլեր են: Առավել ևս տվյալ պարագային, երբ Ֆրանսիայում առաջին անգամ փորձ է արվում Հայոց ցեղասպանությունը դնել Հոլոքոստի հետ նույն հարթության վրա` այդտեղից բխող բոլոր իրավական հետևանաքներով:

Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

Մեկնաբանություններ (1)

Tamar
Հարգելի Արա Պապյան, հոդված գրելուց առաջ ճշտեք փաստերը։ Հայաստանը շրջափակելի չի դարձել ցեղասպանության պատճառով։ Թուրքիայի հետ ահմանը փակվել է Ղարաբաղ–Ադերբեջան հակամարտության պատճառով։ Ավելին, ֆրանսիական այս օրենքը ոչինչ էլ չի փոխի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում։ Հայաստանի իշխանությունները և Սփյուռը պետք է լավ գիտակցեն, որ մինչև Հայաստանը տարածաշրջանում քիչ թե շատ կշիռ ունեցող երկիր չդառնա ցեղասպանության ճանաչումը հնարավոր չի լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է տեղեկացված և կրթված հասարակություն և խելացի ու հայրենասեր առաջնորդներ այլ ոչ թե օլիգարխներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter