HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում ձեւավորվում է ընդդիմադիր ավագանի

Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձեւավորված երեք փնջերից Մարմաշենում նոյեմբերի 20-ին նշանակված ավագանու անդրանիկ նիստը տապալվել էր: Ավագանու ընտրված 11 անդամներից 6-ը երդման արարողությունից հետո ընդմիջում էին խնդրել եւ պարզապես հեռացել: Հետագայում որպես բոյկոտի պատճառ նշվել է նիստի օրակարգը սահմանված ժամկետում ավագանու անդամներին չտրամադրելը: 15 բնակավայրից բաղկացած Մարմաշեն խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Արշակյանի փոխանցմամբ, 7 կետից բաղկացած օրակարգը պատրաստ է եղել նոյեմբերի 18-ի երեկոյան, փակցվել է համայնքապետարանում, ավագանու անդամները տեղեկացված են եղել նիստի օրվա եւ ժամի վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, թե բուն պատճառը դա էր,- ասում է համայնքապետ Կարեն Արշակյանը,- պետք է հաշվի առնել, որ այս պահին ես միակ աշխատողն եմ եւ հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի մարդիկ տեղեկանան: Ում հետաքրքրել է, եկել վերցրել են օրակարգը, ովքեր չեն վերցրել, ենթադրում եմ, որ շահագրգիռ չեն եղել պարզապես»:

Նրա խոսքով` ավագանու նիստը բոյկոտող անդամները հայտարարել են, թե տեղյակ չեն օրակարգից, չնայած նշում է, որ օրակարգում ընդգրկված հարցերին հնարավոր էր ծանոթանալ նաեւ տեղում:

Օրակարգում 7 հարցից առաջինը վերաբերել է ավագանու առաջին նիստի օրակարգը հաստատելուն, հաջորդ կետով պետք է ընդունեին համայնքի ավագանու կանոնակարգը, 3-րդ կետը «ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու եւ կանոնադրությունը հաստատելու մասին էր, հաջորդ կետը Մարմաշեն փնջում ներառված 15 համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու մասին էր:

Օրակարգում ընդգրկված էին Մարմաշեն համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրը որոշելու, Մարմաշեն համայնքի ղեկավարի աշխատավարձի դրույքաչափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ հարցերը:

Մարմաշեն փնջի ոչ բոլոր բնակավայրերն ունեն իրենց ներկայացուցիչներն ի դեմս ավագանու անդամների: Կան գյուղեր, որ ընդանրապես ներկայացուցիչ չունեն: Վահրամաբերդից, օրինակ, ընտրվել է 3 հոգի, ամենամեծ համայնքից՝ Մարմաշեն գյուղից՝ մեկ հոգի եւ այլն: Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն իր 3 մրցակիցների նկատմամբ առավելություն է ունեցել եւ հաղթել ընտրություններում 1.463 ձայնով: Նրա մրցակիցները Մարմաշեն, Քեթի եւ Մայիսյան գյուղերի նախկին ղեկավարներն էին:

Կարեն Արշակյանը դեմ չէ ավագանիում ընդդիմադիր կեցվածք ունեցող անդամներին, սակայն կարծում է, որ ճիշտը հարցերին կառուցողական մոտեցում ցուցաբերելն է: «Եթե իրենք ընտրվել են ու պիտի աշխատեն հանուն ժողովրդի, ուրեմն հարկ էր, որ մնային, մասնակցեին, քննարկեին, եթե իրենց դուր չեկած կետ կար, թող էդ կետի շուրջ լիներ բոյկոտը, բայց իրենք ընդհանրապես անտեսեցին ամբողջը: Նիստը տապալելուց հետո ես ավագանիներից գրություն եմ ստացել իմ աշխատավարձի չափի վերաբերյալ, որտեղ առաջարկ կա այն սահմանել 231 հազար դրամ: Մյուս կողմից էլ` այս վերաբերմունքը չեմ հասկանում, քանի որ Կապս փոքր համայնքի ղեկավարի աշխատավարձը եղել է 200 հազար դրամ, Մարմաշեն գյուղի ղեկավարինը՝ 256 հազար, ինչպե՞ս կարող է 15 հազար բնակչությամբ խոշորացված համայնքի ղեկավարը ստանա ավելի ցածր: Չէ՞ որ, ըստ այդմ, սահմանվելու է նաեւ մյուսների աշխատավարձը, որ գնալով նվազելու է համայնքի ղեկավարի աշխատավարձի համեմատ»:

Գործարար աշխարհից ՏԻՄ ոլորտ տեղափոխված համայնքապետը խոստովանում է՝ երբեք չի աշխատել այս համակարգում, սակայն պատրաստ է բիզնեսի ղեկավարման իր հմտությունները ներդնել բնակավայրերի զարգացման գործում: Ջայլամաբուծությամբ եւ ազնվամորու մշակությամբ զբաղվող գործարարն ասում է, որ պատրաստ է համայնքում ծրագրեր բերել հատկապես ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների մշակման եւ էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ:

«Էս պահին սկսվել են համայնքապետարանների ընդունման-հանձնման գործընթացները: Դեռ տեղերում չունենք նշանակված վարչական ղեկավարներ: Այս պահին չգիտենք, թե ինչքան է լինելու խոշորացված համայնքի բյուջեն, որովհետեւ դեռ թղթատարությունն ենք ուսումնասիրում: Մարմաշենի թիվը կա՝ մոտ 80 մլն դրամ, Մայիսյանինը՝ 43 մլն, մնացածը ուսումնասիրության փուլում է: Հիմա առաջնահերթն ավագանու նիստի կայացումն է, որ կարողանանք մնացած գործերն էլ կարգավորել»,- շեշտում է համայնքապետը:

Ձախողված ավագանու նիստը օրակարգային նույն կետերով նշանակվել է այսօր` նոյեմբերի 24-ին: Նիստի օրակարգից հանվել է միայն առաջին կետը: Նիստին ներկա էին ավագանու բոլոր անդամները: Այս անգամ նիստը չբոյկոտվեց, սակայն օրակարգի վերջին երկու կետերի վերաբերյալ կրկին համաձայնություն չեղավ՝ կապված աշխատակազմի դրույքաչափերի եւ համայնքապետի աշխատավարձի չափի հետ: Վիճահարույց հարցերի քննարկումը տեղափոխվեց նոյեմբերի 27-ին կայանալիք ավագանու հաջորդ նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter