HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես սահմանափակել «գրպանային» փաստաբանների գործունեությունը

«Դուք ձերբակալված եք, դուք իրավունք ունեք լռել, չպատասխանել մեր հարցերին, քանի որ ձեր պատասխանները կարող են դատարանում օգտագործվել ձեր դեմ: Դուք պաշտպան ունենալու իրավունք ունեք»: 

ԱՄՆ-ում ձերբակալման պահին յուրաքանչյուր ոք տեղեկացվում է իր այս իրավունքների մասին: Այդ պահից սկսած ձերբակալվածն առանց իր փաստաբանի որեւէ գործողության չի մասնակցում: 

Հայաստանում ձերբակալված անձը դժվար թե հենց առաջին պահին փաստաբանի մասին հիշի՝ չնայած ՀՀ Սահմանադրությունը նրան նման իրավունք վերապահում է: 

«Փաստաբանի անհրաժեշտ լինել-չլինելը օրենսդիրը թողնում է տվյալ անձին: Իհարկե, կան այնպիսի դեպքեր, երբ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է` անչափահասների, ֆիզիկապես անառողջների դեպքում»,-ասում է ՀՀ գլխավոր դատախազության՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Արմեն Աշրաֆյանը: 

«Պաշտպանը նրա համար է, որ դատարանում վեր հանի մեղադրյալին արդարացնող կամ նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները: Այլ առաքելություն պաշտպանը չունի»,-կարծում է քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը: 

Մեր երկրում փաստաբանի դերի ոչ ճիշտ ընկալումը փաստաբան Մասիս Ղազանչյանը բացատրում է մի քանի հանգամանքով: Նա վստահ է, որ մեզանում չկա իրավական կուլտուրա, եւ որպեսզի կայանա փաստաբանական ինստիտուտը, անհրաժեշտ է փաստաբանական դպրոց ունենալ. «Փաստաբանի մակարդակը գրեթե նույնն է, ինչ որ դատավորներինը, երկուսն էլ արժեն իրար: Այսինքն՝ եթե ուզում են, որ այս ինստիտուտը զարգանա, ապա երկուսն էլ համաչափ պետք է զարգանան»: 

Պարոն Ղազանչյանի տեսակետը կիսում է նաեւ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը. «Մեր երկրում փաստաբանին խանգարում է դատական ինստիտուտի կայացումը: Եթե այդ մարմինը կայացած չէ, եթե դատարանը կոռումպացված է, ինչքան էլ ուզում ես խոսի, նա մուրճը խփում է եւ քեզ չի լսում»: 

Բնականաբար, փաստաբանների տեսակետներին համամիտ չեն դատախազության եւ դատական համակարգի ներկայացուցիչները: 

«Քրեական դատավարությունն ընթանում է մրցակցային սկզբունքով: Դա նշանակում է, որ պաշտպանական կողմն ու մեղադրող կողմն օրենքով սահմանված իրենց իրավունքներն իրականացնելիս օգտվում են հավասար իրավունքներից»,-կարծում է Արմեն Աշրաֆյանը: 

Փաստաբան Մասիս Ղազանչյանը ճիշտ հակառակ կարծիքին է եւ գտնում է, որ մրցակցային սկզբունքի մասին խոսելը դեռեւս բավարար պայման չէ դրա կիրառման համար: «Եթե մենք ասենք, որ քրեական գործերով մրցակցության սկզբունքն ապահովված է, մեծ սուտ կասենք, որովհետեւ մինչեւ հիմա էլ մեր դատարանները խմբագրում են մեղադրականները եւ խմբագրի դեր են կատարում: Օրինակ՝ առանձին դեպքերում դատավորը դատարան է մտնում նախօրոք կայացրած վճռով: Ո՞րն է այստեղ փաստաբանի դերը»,-հարցնում է նա: 

Դատարաններում մրցակցային սկզբունքի խախտման մի շարք օրինակներ ներկայացրեց փաստաբան Արա Զոհրաբյանը. «Կարող եմ ասել, որ նույնիսկ քրեական գործեր են եղել, երբ պաշտպանյալին կալանավորել են՝ պատճառաբանելով, թե նրա պաշտպանն իրեն լավ չի պահել: Դատավորը 3 ժամ ուշացած է գալիս: Դատավորը դատարան է ներկայանում առանց պատմուճանի: Դատավորի կողմից չի բացատրվում կողմերի իրավունքները: Դատավորը փորձում է տնավարի նիստեր անցկացնել, եթե փաստաբանն առարկում է, դատավորը նրան տուգանում է, ինչի իրավունքը չունի: Նման դեպքերը բազմաթիվ են»: 

Որոշ փաստաբաններ իրենց իրավունքների ոտնահարման կապակցությամբ դիմել են համապատասխան մարմիններին: «Ես մի քանի անգամ դիմել եմ Արդարադատության խորհրդին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, սակայն մինչ օրս արձագանք չկա»,-ասում է փաստաբան Զարուհի Դանիելյանը: 

ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արմեն Աշրաֆյանը նույնպես հավաստեց, որ դատավարության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքը խախտվում է, բայց հիմնականում՝ փաստաբաների կողմից. «Կան այնպիսի դեպքեր, երբ քրեական գործի նյութերի վատ, անբավարար իմացությունը հասցնում է գործի բարդացման, խճճման: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ դա դիտավորություն է, հետո պարզվում է՝ գործի վատ իմացության հետեւանք է»: 

«Եթե գիտելիքների առումով վերցնենք, ապա մյուս կողմն ուղեղի ավելի մեծ պակաս ունի, քան փաստաբանը: Այո, կան վատ փաստաբաններ, բայց ո՞վ է մեղավոր: Արդարադատության նախարարությունն է նրանց լիցենզիա տալիս, թող չտա»,-ասաց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: 

Բացի դատախազությունից եւ դատարանից, փաստաբանի գործունեությանը խոչընդոտող մի շարք այլ հանգամանքներ կան: 

Ամերիկյան իրավաբաների ընկերակցության հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փաստաբանի գործունեությանը խոչընդոտում են պաշտպանյալի եւ փաստաբանի հանդիպումների սահմանափակումները, գործի նյութերին, որոշ հանգամանքների մասին փաստաբանին տեղեկացնում են, երբ գործն արդեն դատարանում է: Փաստաբանը ճնշումների է ենթարկվում, երբ վատ համբավ կամ հեղինակություն ունեցող մարդկանց է պաշտպանում: Գրասենյակի տնօրեն Քերին Քենսրինքի կարծիքով հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ փաստաբանը պաշտպանում է ոչ թե սպանությունը, այլ անձի պաշտպան ունենալու իրավունքը: Իսկ ամենամեծ խոչընդոտը փաստաբանական ծառայության անմատչելիությունն է: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այդ ծառայությունից հիմնականում զրկվում են նրանք, ովքեր բոլորից շատ ունեն պաշտպանի կարիք: 

Մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, սակայն որպես փաստաբան գործերին չեն մասնակցում: 

ՀՀ օրենսդրությամբ անվճար փաստաբանական ծառայություն նախատեսված է միայն քրեական գործերով: Պետպատվերի շրջանակներում կառավարությունը պայմանագիր է կնքում Հայաստանում գործող փաստաբանական 2 միություններից միայն մեկի՝ ՀՀ փաստաբանների միության հետ: Այս ծառայության համար պետբյուջեով տարեկան նախատեսված է 12 միլիոն դրամ, որը սպառվում է տարվա առաջին մի քանի ամիսների ընթացքում: 

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը գտնում է, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունը թերի փաստաբանական գործունեություն է. «Լինում են դեպքեր, երբ մեղադրյալն ասում է, որ այս փաստաբանին եմ ուզում, սակայն նրան ասում են, որ այդ փաստաբանի հետ պետպատվերի պայմանագիր կնքված չէ: Այստեղ արդեն գործ ունենք մարդու իրավունքների ոտնահարման հետ»: 

Ինչ վերաբերում է պետպատվերից դուրս գործող փաստաբանական ծառայության մատչելիությանը, ապա փաստաբանների կարծիքով հասարակությունը ոչ ճիշտ պատկերացում ունի այս մասին: Ըստ պարոն Տեր-Եսայանի՝ գործի ծավալից ելնելով՝ յուրաքանչյուր փաստաբան ինքն է որոշում իր վարձատրության չափը: 

«Մենք կարող ենք ցույց տալ բազմաթիվ դեպքեր, երբ անվճար բողոքներ ենք գրել, որովհետեւ մարդիկ վճարունակ չեն: Մեր ժողովուրդը գործարք կնքելուց եւ պրոբլեմներ ունենալուց հետո է գալիս փաստաբանի մոտ, այնինչ, մինչ այդ պետք է գա: Ես վստահեցնում եմ, որ լավագույն փաստաբանները բանավոր խորհրդատվության համար երբեք գումար չեն վերցնում»,- վստահեցնում է Մասիս Ղազանչյանը: 

Փաստաբանական գործունեության խոչընդոտներից մեկն, այսպես կոչված, «գրպանային» փաստաբանների գոյությունն է, որոնց գործունեության արդյունքում առաջին հերթին տուժում է քաղաքացին: Գրպանային փաստաբանների գոյությունը չեն ժխտում ո՛չ դատախազությունը, ո՛չ դատարանը եւ ո՛չ էլ իրենք՝ փաստաբանները: «Գրպանային փաստաբան նշանակում է փաստաբան, որին վարձատրում է համապատասխան մարմինը, որը ստորագրում է ցանկացած փաստաթուղթ՝ առանց հաշվի առնելու իր պաշտպանյալի շահերը, եւ ավելի է վատացնում քաղաքացու վիճակը»,-բացատրում է փաստաբան Մասիս Ղազանչյանը: 

Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի՝ գրպանային փաստաբանի 2 տեսակ կա. «Առաջին՝ փաստաբանը միջնորդ է իր պաշտպանյալի եւ դատարանի միջեւ, երկրորդ՝ փաստաբանը դավաճանում է իր պաշտպանյալին: Տվյալ դեպքում գաղտնիք է հայտնում մյուս կողմին կամ հօգուտ մյուս կողմի քայլեր է ձեռնարկում: Այսօր մարդիկ փորձում են գտնել այնպիսի փաստաբան, որը գործարքի մեջ մտնի դատավորների եւ դատախազների հետ»: 

«Շատ դեպքերում փաստաբանը գնում է այդ քայլին, որովհետեւ գործը տանուլ կտա, դիմացը պատ է, իրենից գումար են պահանջում: Փաստաբանին դա պետք չէ, ինքն իր աշխատանքի դիմաց ստանում է: Նա համագործակցում է կաշառակերների հետ, որովհետեւ նրանից պահանջում են»,-գրպանային փաստաբանների գոյությունն այսպես է բացատրում Տիգրան Տեր-Եսայանը: 

Դատախազության ներկայացուցիչ Արմեն Աշրաֆյանը նշեց, որ ոչ վաղ անցյալում դատախազությանը հաջողվել է բացահայտել մի քանի «գրպանային» փաստաբանների, եւ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել: 

ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը կարծում է, որ գրպանային փաստաբանների գործունեությունը կարելի է սահմանափակել, եթե քրեական դատավարության օրենսգրքում մի նախադասություն ավելացնենք. «Դատարանը պարտավոր է մեղադրայալի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ կամ ամենամեղմ պատժատեսակ, եթե բացակայում է մեղադրյալի պատասխանատվությունը մեղմացնող որեւէ հանգամանք: Այսպիսով, մեղմ պատիժ սահմանելը դառնում է դատարանի պարտականությունը, եւ գործարքները նվազում են»: 

Մինչ օրենսդրական փոփոխություններ կատարելը, գրպանային փաստաբանները շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել: Քաղաքացի Արմեն Գալստյանն արդեն 6 տարի է չի կարողանում վերականգնել իր ոտնահարված իրավունքները նույն «գրպանային» փաստաբանների «շնորհիվ»: Ա. Գալստյանի դատական վեճ ուներ նախկին Սեփականաշնորհման նախարարության հետ: Նրան հանդիպած փաստաբանների մեծ մասը գործը ստանձնելուց որոշ ժամանակ հետո առանց բացատրության հրաժարվել է, ոմանք էլ ազնվորեն խոստովանել են. «Ասացին՝ հարց չկա, գործը վերցրին, մյուս օրը եկան ասացին, որ գլխացավանքի տակ չեն ուզում ընկնել»,-պատմեց Արմեն Գալստյանը: Ա. Գալստյանը նշել է այդ փաստաբանների անունները՝ Վարդան Սաֆարյան, Արմեն Սիմոնյան, Արշակ Շահոյան: 

Գալստյանի իրավունքներն առաջինը ոտնահարել է վճռաբեկ բողոք ներկայացնելու արտոնագիր ունեցող փաստաբան Վարդան Սաֆարյանը: Փաստաբանը համաձայնել է վճռաբեկ բողոք ներկայցնել, սակայն տարբեր պատճառաբանություններով այն հետաձգել է մեկ տարուց ավելի եւ Ա. Գալստյանից պահանջել պետական տուրք վճարել բողոքը լսելուց առաջ: Ավելի ուշ Վճռաբեկ դատարանի նախագահից ստացված գրության շնորհիվ Ա. Գալստյանը բացահայտել է, որ Սաֆարյանն իր բողոքը նույնիսկ չի մուտքագրել: Նա քաղաքացուն հետեւյալ բացատրությունն է տվել. «Ես չեմ ներկայացնի, ես դատարանից վիրավորված եմ»: 

Ա. Գալստյանը գործող օրենսդրության համաձայն դիմել է ՀՀ փաստաբանների միություն՝ փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելու համար, սակայն միությանը չի հաջողվել կարգի հրավիրել իր փաստաբանին: Գալստյանը փաստաբանի դեմ բողոք է ներկայացրել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազություն, սակայն բողոքին ընթացք չի տրվել: 

Քաղաքացի Գալստյանը հանգել է հետեւյալ եզրակացության. «Փաստաբանը մինչեւ «դաբրո» չստանա, գործ չի անի: Դա վտանգավոր երեւույթ է: Ամենավիրավորականն այն է, որ նա իր վրա է վերցրել գործը ձգձգելու, համապատասխան մարմինների հետ համագործակցելու պատրաստակամությունը: Սաֆարյանի արածը ստորություն է»: 

Արմեն Գալստյանը նաեւ հայտնեց, որ իր գործը ձախողելուց անմիջապես հետո փաստաբանը դատավորների պիտանելիության քննություններ է հանձնել: 

«Դատավորի տեղ ազատվելուց հետո Վարդան Սաֆարյանն իր գործունեությունն արդեն կշարունակի դատավորի կարգավիճակում»,-հիասթափված ասաց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter