HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Տպավորություն է, որ Էլզա Զաքարյանը պաշտպանում է Բարսեղյանի մեղադրանքը». դատավորի փաստաբանները զավեշտալի են գնահատում իրավիճակը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին, շարունակվեց կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի հարցաքննությունը:

Նախորդ դատական նիստին փաստաբան Զաքարյանը Իշխան Բարսեղյանի դեմ ցուցմունք էր տվել՝ նշելով, թե վերջինս իր վարույթում քննվող գործով ներգրավված քաղաքացու օգտին որոշում կայացնելու համար 1000 դոլար գումար է պահանջել:

Զաքարյանի ցուցմունքը Իշխան Բարսեղյանի պաշտպաններին անակնկալի էր բերել, և վերջիններս դատարանից ժամանակ էին խնդրել՝ Էլզա Զաքարյանին տրվելիք հարցերին նախապատրաստվելու համար:

Այսօր տեղի ունեցած նիստին, սակայն, առանց որևէ բացառության, Զաքարյանը հրաժարվեց Իշխան Բարսեղյանի պաշտպանների հարցերին պատասխանելուց: Մի քանի հարց հնչեցնելուց հետո Իշխան Բարսեղյանի պաշտպանները այլևս հարցեր չուղղեցին Զաքարյանին՝ հայտարարելով, որ այլևս իմաստ չունի նրան հարցեր ուղղել, քանի որ ակնհայտ է, թե ինչու Զաքարյանը հարցերի չի պատասխանում:

Նշենք, որ պաշտպանները Զաքարյանից հետաքրքրվում էին, թե նա երբվանից է ճանաչում Իշխան Բարսեղյանին, ինչ փոխհարաբերություների մեջ է եղել նրա հետ, որպես փաստաբան՝ քանի գործով է առնչվել Բարսեղյանի հետ, թե Էլզա Զաքարյանի մասնակցությամբ քանի հայց է քննվել՝ մերժվել կամ բավարարվել Իշխան Բարսեղյանի վարույթում, երբևէ Բարսեղյանին տոկոսով փոխառություն տվել է, թե ոչ:

Այն բանից հետո, երբ Զաքարյանը հրաժարվեց պատախանել վերը նշված և այլ հարցերի, Իշխան Բարսեղյանի փաստաբաններից Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ երբ Զաքարյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և այլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, դրանցում որպես հիվմնավում նշվել է, թե Զաքարյանը մի շարք դատավորների հետ համագործակցել և միջնորդություններ է արել քաղաքացիների և դատավորների միջև, որպեսզի քաղաքացիների օգտին բարենպաստ դատական ակտեր կայացվեն: Դատարանում վերը նշված հանգամանքները հրապարակվել են, սակայն Զաքարյանը դրանց վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել:

Կարեն Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե արդյոք Էլզա Զաքարյանը երբևէ միջնորդություններ կատարե՞լ է՝ որևէ քաղաքացու օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու հարցով, Զաքարյանը, սակայն այս հարցին ևս չպատասխանեց: Փաստաբանը հարկ չհամարեց նաև պարզաբանել, թե ինչու է հրաժարվում հատկապես Իշխան Բարսեղյանի պաշտպանների հարցերին պատասխանելուց:

Դատավարության մասնակիցներին, իհարկե պարզ էր, որ ամբաստանյալի կարագվիճակ ունեցող փաստաբանը, հարցերին պատասխանելուց հրաժարվելով, օգտվում է իր իրավունից, այնուամենայնիվ, Իշխան Բարսեղյանի պաշտպանների հարցերի և հայտարարությունների բովանդակությունից ակնհայտ էր, որ վերջիններս համոզմունք ունեն, որ Էլզա Զաքարյանը համագործակցում է մեղադրանքի կողմի հետ:

Կարեն Հովհաննիսյանն անգամ ուղիղ հարց ուղղեց, թե արդյոք վարույթն իրականանցնող մարմինը կամ անվտանգության մարմինները Զաքարյանին համագործակցության առաջարկ արել են, թե ոչ, մասնավորապես՝ պայման կապելով, որ եթե Զաքարյանը դատաքննության ընթացքում այս կամ այն  դիրքորոշումն արտահայտի, իր համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

Իշխան Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ զավեշտալի է հանգամանքը, որ թեև Էլզա Զաքարյանն ամբաստանյալի կարգավիճակ ունի, մեղադրողն ու Զաքարյանի պաշտպանության կողմը հանդես են գալիս նույն դիրքերում:

«Սա ավելի քան խոսուն է. տպավորություն է, որ Էլզա Զաքարյանը պաշտպանում է Իշխան Բարսեղյանի մեղադրանքը»,- հայտարարեց Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ Էլզա Զաքարյանը դատավորի և դատախազի հարցերին, ի տարբերություն Իշխան Բարսեղյանի պաշտպանների հարցերի, պատասխանեց՝ ըստ էության նշելով այն ամենը, ինչ նախորդ դատական նիստին ասել էր իր ցուցմունքում:

Զաքարյանն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքն ու նշեց, որ իր նպատակը եղել է քաղաքացուն օգնելը, որ ինքը որևէ շահ չի ունեցել:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Ըստ մեղադրանքի՝ քաղաքացիական գործով կողմերից մեկի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: Փաստաբան Էլզա Զաքարյանն էլ նույն գործի շրջանակներում մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter