HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Զարգացման հայեցակարգ ըստ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության

Արդյունաբերապես նվազ զարգացած երկրները, որոնք չունեն հաղորդակցության քաղաքականության եւ պլանավորման ենթակառույցներ, թույլ դիրքեր ունեն՝ կարողանալու համար վերահսկել այն պաշարների օգտագործումը, որ տվյալ երկրի զարգացման նպատակներից տարբեր նպատակներ ունեցող միջազգային մասնավոր բիզնեսների ուժեղ ազդեցության տակ են գտնվում … 

Քսան տարի առաջ հեռահաղորդակցությունները  ընդունելի տերմին էր օգտագործելու համար, եւ ոլորտի մասնագետների մեծ մասը գիտեր, թե այն ինչ է նշանակում։ Բայց այսօրվա արագ փոփոխությունների պայմաններում լեզվի ճշգրտությունը մեծ կարեւորություն ունի, քանի որ լեզուն կոփում է մտածելու եւ հասկացություններ ստեղծելու մեր ունակությունը։ Կարեւոր է, ուրեմն, որ տերմինները ստեղծվեն խնամքով, ո՛չ կամայականորեն։ 

Հ. Մովլանա («Գլոբալ տեղեկատվություն եւ համաշխարհային հաղորդակցություն» գրքից) 

Բոլորովին վերջերս հրապարակ հանվեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից մշակված մի փաստաթուղթ հետեւյալ վերնագրով. «Կապի եւ տեղեկատվայնացման ոլորտի զարգացման հայեցակարգ»։ Ինչպես հավաստիացվում է. «Նախատեսվում է, որ հայեցակարգը կընդունվի որպես կապի եւ տեղեկատվայնացման ոլորտի զարգացման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսակետներն արտացոլող առանցքային փաստաթուղթ եւ կհանդիսանա ուղեցույց ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համար»: 

Ետխորհրդային տարիներին նման հայեցակարգեր գրելու ընդունված ձեւը գոյություն ունեցող համապատասխան ռուսական փաստաթուղթը թարգմանելն է՝ կրճատումներով եւ փոփոխություններով, որոնք կախված են թարգմանիչ-հեղինակների բանիմացությունից եւ բարեխղճությունից։ Այս հայեցակարգը նույնպես զերծ չէ «ռուսական ազդեցությունից», որի մասին հենց վերնագիրն է վկայում. «Կապի եւ տեղեկատվայնացման» անվանումը Ռուսաստանի համապատասխան նախարարության անունն է եւ ռեֆրենի նման կրկնվում է ռուսական բանզմաթիվ փաստաթղթերի վերնագրերում (տե՛ս www.minsvyaz.ru  կայքը)։ 

Այս առումով անհասկանալի է, թե վերջապես ե՞րբ պետք է հայկական «հայեցակարգերը» անմիջականորեն առնչվեն եվրոպական համապատասխան ծրագրերին եւ փաստաթղթերին։ Գուցե Հայաստանը Եվրախորհրդի անդա՞մ չէ, թե՞ հակառակ դրան իր հեռանկարն այս ոլորտում շարունակում է տեսնել ԱՊՀ-ի նախաձեռնության շրջանակում։ Հավատացած եմ, որ հայեցակարգը հենց այն փաստաթուղթն է, որտեղ հարկ է նման սկզբունքային ճշգրտումներ կատարել։

Օգտագործվող տերմինների մասին 

Այսքանով հանդերձ, վերոհիշյալ հայեցակարգն ավելի շատ ինքնաշեն փաստաթղթի տպավորություն է թողնում։ Ձեւական առումով արդեն այն նման չէ հայեցակարգի։ 

Սկսենք նրանից, որ փաստաթղթում չեն սահմանվում հիմնական հասկացությունները եւ տերմինները։ Մինչդեռ հայեցակարգի հավակնություն ունեցող փաստաթղթում սա ենթադրվում է։ Որոշ բաներ պարզապես մեկնաբանության կամ բացատրության կարիք ունեն։ Օրինակ՝ հիմնավորման կարիք ունի ոլորտի այդպիսի ընտրությունը. «կապի եւ տեղեկատվայնացման»։ Եթե Ռուսաստանում այդպես է, ապա դրանից միթե հետեւում է, որ Հայաստանում նույնպես այդպես պետք է լինի։ Մյուս կողմից՝ ինչպե՞ս պետք է ընթերցողը հասկանա, թե ինչ է նշանակում «թվային անհավասարություն»-ը կամ թե ինչ բան է «համընդհանուր ծառայություն»-ը եւ այլն։ 

Այնուհետեւ, փաստաթուղթը լի է տարբեր տեսակի աղյուսակներով։ Կասկածից վեր է, որ վիճակագրական բնույթի տեղեկությունները, որքան էլ կարեւոր լինեն, անելիք չունեն հայեցակարգի մեջ, որ դրանց տեղը համապատասխան հավելվածներն են։ 

Տարօրինակ է, բայց չկա եւ ոչ մի հղում որոշակի փաստաթղթերի՝ տեղական, ԱՊՀ-ի կամ Եվրամիության, որոնց վրա հիմնվում է կամ որոնց հետ այս կամ այն ձեւով կապվում է սույն հայեցակարգը (Ժնեւի գագաթաժողովի փաստաթղթերի հպանցիկ հիշատակումն այս իմաստով ոչինչ չի փոխում)։ Եւ, իհարկե, խոսք չկա որեւէ նախընթաց հետազոտության մասին (կարո՛ղ էր լինել, ի վերջո հայեցակարգ է մշակվում), ինչպես չկան հավաստիացումներ այն մասին, թե հետագայում լինելու են ուրիշ փաստաթղթեր։ Բնականաբար, հայեցակարգը համալրված չէ գործողությունների պլանով, որ նույնպես պետք էր ակնկալել։ Այսինքն՝ այս փաստաթղթով մեզ ներկայացված է մի կողմից՝ երկու-երեք էջ կազմող խիստ վերացական պնդումների մի խումբ, իսկ մյուս կողմից՝ խիստ էմպիրիկ տեղեկություններ վիճակագրական աղյուսակների տեսքով։ 

Տերմինաբանական խառնաշփոթը սկսվում է սխալ թարգմանված բառից։ «Թվային» անվանումը, որը տարբեր կապակցությունների մեջ փոխարինում է անգլերեն դիջիթալ (digital, ռուսերեն՝ ցիֆրովոյ) բառին, ակնհայտորեն սխալ է։ Ինչպես անգլերեն եւ ռուսերեն լեզուներում են հստակորեն տարբեր թիվ (նամբր, չիսլո) եւ թվանշան (դիջիթ, ցիֆրա) բառերը, այնպես էլ հայերենում։ Հայերեն լեզուն թույլ է տալիս տարբերել թիվը իր նշանից՝ թվանշանից, ինչպես, ասենք, ռուսերենում է հստակ այդ տարբերությունը՝ չիսլո եւ ցիֆրա։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ համակարգիչը գործ ունի թվանշանների, այլ ոչ թե թվերի հետ։ Ուստի, նման դեպքերում պետք է ասել ոչ թե «թվային», այլ «թվանշանային» կամ «թվանշային» (թվանշային տեխնոլոգիաներ, թվանշային ցանցեր, թվանշային ծառայություներ, թվանշային անհավասարություն եւ այլն)։ Կիրառվելով մի քանի պաշտոնական փաստաթղթերում՝ այս տերմինը միտում ունի վերջնականապես ամրապնդվելու։ Բայց եթե «ինֆորմացիոն տեխնոլոգիան» կարող է դառնալ «տեղեկատվական տեխնոլոգիա», իսկ «ինֆորմատիզացիան»՝ «տեղեկատվայնացում», ապա «թվայինն» էլ կարելի է դարձնել «թվանշային»։ 

Չսահմանված հասկացություններից է «համընդհանուր ծառայություն»-ը։ Ճիշտ չէ այն ինքնին հասկանալի բան համարելը։ Ընդհանուր սահմանումը կամ նկարագրությունը կարելի է գտնել Ժնեւի գագաթաժողովի մասին պատմող հոդվածում, այս նույն էջում։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ այդ սահմանումը միայն հուշում է, թե ինչ կարող է նշանակել հաընդհանուր ծառայությունը տվյալ երկրում՝ մնալով ենթակա շարունակական փոփոխության, քանի որ արագ փոփոխվող իրադրության պայմաններում կարող են ավելանալ նոր ծառայություններ, վերանալ հները։ Յուրաքանչյուր երկիր, այսպիսով, ինքն է որոշում դրա ինչ լինելը` ըստ իր տվյալ պահի հնարավորությունների եւ պահանջների՝ իմանալով իրականացման մեխանիզմները եւ դրա համար անհրաժեշտ միջոցների աղբյուրները։ Ուստի, պետք էր փորձել տալ գոնե նախնական նկարագրությունը Հայաստանում հնարավոր համընդհանուր ծառայության (եթե նման բան առհասարակ հնարավոր է), եւ ոչ թե վերացական պնդում անել. «Կապի եւ տեղեկատվայնացման ոլորտում համընդհանուր ծառայությունների հասանելիության, գնային մատչելիության եւ պատշաճ որակական չափանիշների ապահովում»։ Թեեւ, հասկանալի է, թե որքան դժվար կլինի այդ բանն անել մի երկրում, ուր կոռուպցիայի եւ չքավորության դեմ պայքարը իշխանությունների գործունեության վճռական ուղղություններ են հռչակվել։ 

 շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter