HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբանների պալատի փաստաբան Գ.Գալոյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով ՀՀ քաղաքացի Ս. Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բ. Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարն ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter