HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քոչարյանը թող որդեգրի իմ երեխաներին»,- ասում է կոնդեցի Անահիտ Չիլոյանը

«Այո, ես գողություն եմ արել, սակայն ո՛չ իմ հարեւաններից: Ես գողանում եմ միայն պետությունից, որովհետեւ այս պետությունն ինձ դարձրել է չքավոր»,- ասում է Կոնդի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանն ու չի խոստանում այլեւս գողություն չանել: 

Անահիտ Չիլոյանի ընտանիքը Կոնդի մոտ 2000 անապահով ընտանիքներից մեկն է: Նա 53 տարեկան է, 1995թ.-ին ամուսինը մահացել է սրտի կաթվածից, ունի 3 անչափահաս աղջիկ, գործազուրկ է: 

Տիկին Անահիտին գողության մեջ մեղադրել են ձմռանը իր տան դիմացի սյունից էլեկտրաէներգիա գողանալու համար: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած հայցի համաձայն, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է, Անահիտ Չիլոյանը պետությանը պետք է վճարեր101 525 դրամ: «Ես դատարան չեմ ներկայացել: Գնայի, ի՞նչ ասեի, ես չեմ պատրաստվում ստել, պետք է ասեի, որ գողացել եմ, ինչ որոշելու էին առանձ ինձ էլ կարող էին որոշել»,-ասաց տիկին Անահիտը: 

Ուժի մեջ մտած վճիռը ձեռքներին՝ տիկին Անահիտի տուն են ներկայացել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները` վճռում նշված գումարը բռնագանձելու համար: «Եկան տեսան, որ տանն ընդամենը մի դաշնամուր ունենք: Ասացի՝ դա իմ երեխաների հորից մնացած միակ հիշատակն է, եթե տանեք, Աստված ձեզ կպատժի: ԴԱՀԿ-ի աշխատակիցները խղճով տղաներ էին, թողեցին հեռացան»,- պատմեց Անահիտ Չիլոյանը: 

Չիլոյանների սոցիալական վիճակն ավելի լավ պատկերացնելու համար բավական է նկարագրել նրանց տունը. տան պատերը կիսաքանդ են, դրանց վրա տեղ-տեղ սնկեր են աճել, հատակը բետոնե է, առաստաղին նայելիս կարծես թունելում լինես: Ինչ վերաբերում է գույքին, ապա տան միակ «արժեքավոր իրը» կիսաջարդ դաշնամուրն է: Ունեն նաեւ մեկ սեղան, որը հազիվ է ոտքի վրա կանգնում, աթոռներ չկան, միակ նստելու տեղը կրկին կիսաջարդ բազմոցն է: «Մեր տանն ամեն ինչ մեզ նման ջարդված է»,-բացատրեց տան տիկինը եւ ավելացրեց, որ ամենակարեւորն այն է, որ իր երեխաներն այս պայմաններում կարողանում են դպրոց հաճախել: Տիկին Անահիտի ասելով՝ իր ամենամեծ խնդիրն այն է, որ չունի նորմալ Նախագահ:«Ես հոգնել եմ բոլորին դիմումներ հղելով, այս ամենի պատասխանատուն երկրի ղեկավարն է: Ես Ռոբերտ Քոչարյանին առաջարկում եմ ինձ ու իմ երեխաներին որդեգրել»: Տիկին Անահիտի այս առաջարկն առաջին հայացքից տարօրինակ է թվում, սակայն պարզվում է՝ եղել են նմանատիպ առաջարկներ, որոնք դրական արձագանք են ստացել: «Մեր հարեւաններից մեկն էլ «Ա1+» հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ամուսինը մահացել է, ինքը չի կարողանում երեխաներին խնամել եւ նվիրում է Ռոբերտ Քոչարյանին: Այս հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի անունից ինչ-որ մարդիկ օգնություն էին բերում մեր հարեւանին: Ես, իհարկե, իմ երեխաներին չեմ նվիրի պարոն Քոչարյանին, բայց թող նա որդեգրի նրանց ու ուսման հարցերը լուծի: Նա որպես ղեկավար պարտավոր է իր ժողովրդի մասին մտածել: Ինքն էր ասում` իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»,-հիշեցրեց տիկին Անահիտը: 

Տիկին Անահիտի ասելով՝ նրա տուն է այցելել նաեւ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Նա եկել էր Կոնդի բնակիչների խնդիրների հետ ծանոթանալու. «Նա նստել էր հենց այս նույն ջարդված աթոռին, երեխաներս նվագեցին նրա համար, նա ասաց, որ ես տաղանդավոր երեխաներ ունեմ եւ մենք չպետք է ապրենք այս պայմաններում: Խոստացավ, որ Կոնդի բոլոր վթարային տների բնակիչների խնդիրները լուծում կստանան: Վազգեն Սարգսյանի ծրագիրն այդպես էլ մնաց: Այսօր ոչ մի ղեկավար Կոնդ չի այցելում: Մեր մասին բոլորը մոռացել են»: 

Անահիտ Չիլոյանը նաեւ հայտնեց, որ Կենտրոն համայնքի նախկին թաղապետն իրեն եւ Կոնդի մի շարք բնակիչների ամեն ամիս ֆինանսական օգնություն էր հատկացնում, երեխաներին ապահովում հագուստով ու գրենական պիտույքներով: Իր սոցիալական վիճակի մասին Անահաիտը տեղեկացրել է նաեւ ներկայիս թաղապետ Գագիկ Բեգլարյանին: Պարոն Բեգլարյանը նրա բազմաթիվ դիմումներն անպատասխան է թողել: Թաղապետի ու տիկին Անահիտի հանդիպումը տեղի է ունեցել, երբ վերջինիս մեղադրել են հոսանք գողանալու համար: Պարոն Բեգլարյանը թեեւ հրաժարվել է օգնել իր թաղի բնակչին, սակայն նրա գործողություններին ըմբռնումով է վերաբերվել. «Դուք երեք անչափահաս երեխաներ ունեք, դուք ի վիճակի չեք վճարել: Տիկի՛ն, լույսի գողը գող չէ»: 

Եթե պետական այրերը չեն կարողանում լուծել իր ընտանիքի խնդիրները, ապա տիկին Անահիտն առաջարկում է իրեն աշխատանքով ապահովել: «Ես ինքնուրույն չեմ կարողանում աշխատանք գտնել, որովհետեւ տարիքս չի համապատասխանում գործատուների պահանջներին, ատամներ չունեմ, առողջական խնդիրներ ունեմ»: 

Տիկին Անահիտը չի հավատում, որ մեր ղեկավարները երբեւէ կլուծեն Կոնդի բնակիչների խնդիրները.«Դրա համար էլ Նախագահի ընտրությունների ժամանակ ես ջնջեցի բոլոր թեկնածուների անունները եւ գրեցի` ՊՈՒՏԻՆ: Այո, ես Նախագահ չունեմ: Ինձ համար պարզ չէ, թե ես որ երկրում եմ ապրում, ով է իմ երկրի նախագահը: Թող ինձ հստակ ասեն, որ իմանամ՝ ում դիմել»: 

Կոնդի գրեթե բոլոր բնակիչների կենցաղը նույնն է: Էմմա Գասպարյանը բնակվում է Չիլոյանների հարեւանությամբ, 53 տարեկան է, ունի 2 երեխա, ամուսինը մահացել է 2001թ. հիվանդությանը համապատասախան բուժում չստանալու պատճառով: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով երեխաները չեն կարողանում շարունակել ուսումը: Տիկին Էմման ընտանիքի միակ աշխատողն է, սակայն նրա աշխատավարձը նույնիսկ օրվա հացին չի բավականացնում: Չնայած սոցիալական ծանր վիճակին՝ Գասպարյանները Կոնդում հայտնի են որպես հաջողակ ընտանիք: «Անցյալ տարի ձմռանը, տանից դուրս գալիս, պատից մի մեծ քար գլորվեց տղայիս վրա: Տղաս հրաշքով փրկվեց: Մենք իսկապես հաջողակ ենք: Հիմա ուզում ենք գոնե տանիքը վերանորոգենք, որովհետեւ ամբողջ ձմեռ ձյունը տուն էր լցվում: Ես իսկապես նման գումար չունեմ, երեւի հովանավոր փնտրեմ»: 

Անկախ իրենց սոցիալական վիճակից, Կոնդի բոլոր բնակիչները մեկ ընդհանուր խնդիր ունեն. ինչպես իրենք են ասում՝ օդում կախված վիճակում են: 

«Մենք կես դարից ավելի ապրում ենք այս տարածքում, սակայն որեւէ իրավունք չունենք: Այս տարվա փետրվարից որոշել էին մեր երեխաներին անձնագիր չտալ: Մենք հայտարարեցինք, որ անձնագիր չստանալու դեպքում թույլ չենք տա, որպեսզի մեր երեխաները ծառայեն բանակում: Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի միջամտությունից հետո մեր երեխաներին անձնագրեր տվեցին»,-ասաց Էմմա Գասպարյանը: Նրա ասելով՝ Կոնդի տների քանդման մասին լուրերը պտտվում են 1953 թից: Այդ ժամանակ էլ բնակիչներից հավաքել են նրանց բնակարանների բոլոր փաստաթղթերը: Չնայած Կոնդի բնակիչներն իրենց տարածքների նկատմամբ սեփականության իրավունք չունեն՝ նրանցից պահանջում են ջրի, աղբի, էլեկտրաէներգիայի վարձավճարները: 

«Ես ծնվել եւ մինչ օրս ապրում եմ այս տանը, բայց սեփականության իրավունք չունեմ: 1998 թ.-ից անընդհատ լուրեր են պտտվում, որ Կոնդի տները քանդելու են եւ մեզ նոր բնակարաններ են հատկացնելու, կամ գումարներ են տրամադրելու: Այս տունը գնել է իմ հայրը: Որեւէ ղեկավար իրավունք չունի այն ինձանից վերցնել: Մենք միայն մի պայմանով կհեռանանք, եթե մեզ բնակարաններ տան քաղաքի կենտրոնում: Նրանց նախատեսած գումարով ես չեմ կարող 3 երեխայի եւ ինձ համար բնակարան գնել»,-ասաց տիկին Անահիտը: 

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter