HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնդում ծննդյան օրն էլ է ուրիշ

«Աստված քեզ էնքան փող տա, որ ձեր տան լուսամուտներից թափվի, հարեւաններն էլ հավաքեն»,- սա կենաց է, որը տարբեր խմբագրումներով հնչեց 18-ամյա Տաթեւիկ Չիլոյանի ծննդյան օրվա ամբողջ ընթացքում: Կենացի հեղինակները, բնականաբար, Տաթեւիկի հարեւաններն էին: 

Կոնդի բնակիչներն իրենց սոցիալական վիճակի մասին գոնե մի քանի ժամով չեն կարողանում մոռանալ նույնիսկ տոն օրերին: «Անկախ ֆինանսական վիճակից, երեխայի ծննդյան օրը սուրբ տոն է, այն պետք է նշել»,-ասաց Տաթեւիկի մայրը` տիկին Անահիտը: Այն, որ ծննդյան օրը Չիլոյանները, ինչպես կոնդեցիների մեծամասնությունը, տոնում է պարտք վերցնելով` հայտնի է բոլորին, այդ մասին կոնդեցիները չեն էլ թաքցնում: «Առավոտյան զանգեցի, մի ընկերուհի ունեմ, ասաց 5 000 դրամ կտա: Հերիք է, չեմ դժգոհում, իմ հյուրերին կբավականացնի: Միշտ էլ այդքանով ենք նշում»,- ասաց տիկին Անահիտը` սեղանը սենյակի կենտրոնում տեղադրելով: Դա թերեւես ամենաբարդ գործն էր, քանի որ սեղանը պետք է կանգներ 3 ոտքի վրա եւ վրան էլ դեռ ինչ-որ բաներ դրվեր: 

Ընդամենը մեկ ժամ հետո ծննդյան տոնի սեղանը պատրաստ էր: Սեղանի պարունակությունը կարեւոր չէ: Գլխավորն այն է, որ կիսաքանդ սենյակում այն իսկապես տոնական տրամադրություն էր առաջացնում 20 հյուրի համար: Կոնդում գրեթե բոլորն ապրում են միասին: Պատճառն այն չէ, որ տները չափազանց մոտ են կառուցված, այլ այն, որ հարեւաններն ապրում են միմյաց հոգսերով ու հաջողություններով, բոլորը ճանաչում են միմյանց, գաղտնիքներ չունեն: Ծննդյան տոներին մասնակցում են բոլոր հարեւանները, նույնիսկ նրանք, ովքեր վաղուց տեղափոխվել են Կոնդից: Տաթեւիկին շնորհավորելու էին եկել նաեը նրա այն ընկերուհիները, ովքեր ամուսնացել եւ Կոնդից տեղափոխվել են: Կոնդեցիների կարծիքով, Կոնդից դուրս ամուսնությունը հաջողակ է, նման դեպքերում ամուսնացածի տան անդամները հարեւաններին ասում են` «տարոսը ձեր աղջիկներին, մենք պրծանք»: «Ի՞նչ անենք, գոնե մեր երեխաները բետոնի վրա չապրեն, ջուր կրելով չծերանան»,-ասաց տիկին Անահիտը եւ ներկայացրեց իր աղջկա հասակակիցներին, որոնք «հաջողակ» էին ամուսնացել: Կոնդի բնակիչներից շատ քչերն են իրենց թույլ տալիս երեխաների` ԲՈՒՀ ընդունվելու մասին մտածել.«Տաթեւիկի դասարանցիները հիմնականում մեզ պես են ապրում, եւ նրանցից ոչ մեկն էլ չի կարող ԲՈՒՀ ընդունվել: Ինչի՞ մասին է խոսքը, օրվա հացի խնդիրը չեն կարողանում լուծել: Դրա համար էլ բողոքում ենք, իշխանություններից պահանջում չխորտակել մեր երեխաների ապագան, թող մեր խնդիրներով զբաղվեն, իրենց երեխաները մեր երեխաներից լավը չեն»,- բարկացավ տիկին Անահիտը եւ որոշեց աղջկա ծննդյան օրն այլեւս տխուր բաներից չխոսել: 

Տաթեւիկի ծննդյան օրվա հետաքրքիր դրվագներից էր նաեւ նվերների հանձնումը հոբելյարին: Բացի նվերներից, հյուրերն իրենց հետ աթոռներ էին բերել, որովհետեւ Չիլոյաններն անթոռներ չունեն, եւ այդ մասին տան տիկինը նախապես հիշեցրել էր հյուրերին: Նվերներ հանձնելիս բոլորն անխտիր ներողություն էին խնդրում նվերի չափսերի եւ տուփերի պարունակության համար եւ ասում.«Տաթեւիկ ջան, դու գիտես` ես քեզ ուրիշ բան կուզեի նվիրել»: 

Հյուրասիրությունից եւ նվերների հանձնումից հետո հյուրերը նկատեցին, որ պարելու ժամանակն է, բայց Չիլոյանները հիշեցին, որ մագնիտոֆոն չունեն: Տիկին Անահիտն արագ վազեց դուրս եւ 15 րոպե հետո շնչակտուր վերադարձավ` մագնիտոֆոնը ձեռքին. «Ինձ բոլորն էլ ճանաչում են, այսքան ժամանակ ինձ ոչ ոք դեռ չի մերժել: Բա հո՞ չեմ թողնի երեխաս տխրի»: 

Կոնդի բնակիչները գրթե բոլոր ծննդյան օրերն ու տոները, ինչպես իրենք ասացին, լավագույն դեպքում այսպես են տոնում` ամեն անգամ հուսալով, որ հաջորդ տարի իրենց կյանքում ինչ-որ հրաշք է տեղի ունենալու: 

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter