HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մարդասիրական դեղերով զբաղվեց նաեւ նախագահը

«Հետքը» մի քանի հոդվածներով անդրադարձել էր, թե ինչպես են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները Հայաստան առաքված մարդասիրական դեղերը միտումնավոր դարձրել ժամկետանց: Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնը տնօրինում է Միացյալ հայկական հիմնադրամից եւ այլ դոնոր կազմակերպություններից առողջապահության նախարարություն առաքված հումանիտար օգնությունը, պահեստավորում է այն, տեսակավորում եւ բաշխում:

2001-2002թթ. մարդասիրական ճանապարհով Հայաստան մուտք գործած դեղերից ժամկետանց են դարձել մոտ մեկ մլրդ դրամի դեղեր: 2001թ. օգոստոսից մինչեւ 2002թ. նոյեմբեր այդ դեղերի բաշխումը կատարել է ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Արտաշես Բիշարյանը: 

Ժամկետանց դեղորայքի առաջացման պատճառը հիմնականում դեղի բիզնեսի տերերի գործունեության խթանումն է եղել, այսինքն` հումանիտար դեղորայքի բաշխումը միտումնավոր դանդաղեցվել է, որպեսզի կարողանան իրացնել դեղերի վաճառքով զբաղվող իրենց սեփական ընկերությունների դեղերը: 

Մենք հրապարակել էինք նաեւ մի փաստ այն մասին, որ Ա. Բիշարյանը 26 մլն դրամի մարդասիրական դեղ է հատկացրել Հրազդանի թիվ 2 պոլիկլինիկային, որը վաղուց օպտիմալացվել էր: Իրականում Հրազդանում նման հիմնարկ չկար: Սեւանի առաջին ատյանի դատարանում այսօր քննվում է այս գործը, սակայն դեղհատկացման փաստաթղթերի տակ ստորագրած Ա. Բիշարյանը այս գործով ոչ մի պատասխանատվություն չի կրում: Չնայած նա գիտեր, որ նման բուժհիմնարկ Հրազդանում գոյություն չունի: Ֆինանսների նախարարությունն ավարտել է մարդասիրական կենտրոնի ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Մեր ունեցած տեղեկություններով, այդ ուսումնասիրության արդյունքում «ակնառու» չարաշահումներ չեն հայտնաբերվել: 

Հուլիսի 13-ին Նախագահ Քոչարյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման ժամանակ քննարկվել է այս հարցը, բայց թե հատկապես ինչ է քննարկվել, անհայտ է: Այս քննարկումից երկու օր առաջ ՀՀ Նախագահ Քոչարյանը հանդիպել է նաեւ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Այս հանդիպման ժամանակ էլ քննարկվել են մարդասիրական դեղերի արդյունավետ եւ արդար բաշխման խնդիրները: 

Ինչպես արդեն նշել ենք, ժամկետանց դարձած դեղերի փաստի առթիվ հարուցված է քրեական գործ: Բայց տարօրինակ փաստ. Գլխավոր դատախազությունում չի հարցաքննվել Արտաշես Բիշարյանը, ում ղ եկավարության ժամանակ է ժամկետանց դարձել մեկ միլիարդ դրամի մարդասիրական դեղորայքը: 2003 -ին նրան մի անգամ հրավիրել են դատախազություն, սակայն հրաժարվել է ներկայանալ: 

Պարզվում է, որ Հայաստանում հնարավոր է նաեւ չկատարել դատախազության պահանջները: Այնպես որ, այս պատմության հավանական ավարտն այն է լինելու, որ որեւէ մեկը չի պատժվի դեղորայքը ժամկետանց դարձնելու եւ սոցիալապես անապահով խավերին իրենց հատկացված մարդասիրական օգնությունից զրկելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter