HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քույր Հաննան աղոթում է մեզ համար

«Միշտ իմ միտքս կա, որ հոս` Բերդում, մի փոքր ծերանոց բանամ: Երեւանի Չորրորդ գյուղի ծերանոցում մի ծեր կին կար Բերդից, կարոտից մահացավ: Ես չեմ ուզեր այստեղից այս ծերերին տանեն Երեւան: Բայց բան չեմ կրնար ընել, եթե մի 10 տարի երիտասարդ լինեի, կկարողանայի»,- ծիծաղելով ասաց քույր Հաննան: Գերմանիայից Բերդ եկած մայրապետը խոսում է արեւմտահայերեն: 4 տարի է նա Հայաստանում է: 

Գերմանուհի Հաննա Քրիստինեն ծնվել է Քյոլնի հարեւանությամբ գտնվող Ֆրոյդենբերգ քաղաքում, հոգեւորականի ընտանիքում: «Երբ քսան տարեկան էի, Աստված ինձ կանչեց, որ իմ կյանքն իրեն նվիրեմ: Մայրապետարան գացի, որ իրեն ծառայեմ: Հետո Աստված ինձ Այնճար ղրկեց: Հայկական գյուղ է Լիբանանում, Սիրիայի սահմանին մոտ: Եւ հոն հայերեն սորվեցա: 22 տարի գիշերօթիկ դպրոցի մեջը աշխատեցա: Եւ ամեն տարի 45-50 հայ պզտիկներու հոգ տարի: Ամենապզտիկը 5 տարեկան էր, ամենամեծը` 10: Հիմա իրենց շատերու հետ կապ ունիմ, տարբեր երկրներ կապրին նրանք: Երկու տարի առաջ ինձ հրավիրեցին Ամերիկա, եւ իմ 70-ամյակը տոնեցի իմ նախկին սաներու հետ Լոս Անջելեսին մեջ: Երեխաներից սորվեցա հայերենը, երբ ինձի կըսեին սա գավաթ է, սա պատառաքաղ է, եւ այդպես կամաց-կամաց սորվեցա: Եւ անշուշտ, Աստված սա ինձի տվավ, որ հայերեն սորվիմ: 22 տարի աշխատելեն ետքը, երբ այլեւս պզտիկներուն հետ չէի կրնար ցատկոտել, գացի Բեյրութ ծերանոցի մեջը աշխատեցի»,-իր կյանքի պատմությունը ոգեւորված պատմում է քույր Հաննան: 

Նա աշխատում է ավետարանչական եկեղեցու հետ: Երեք տարի Երեւանի Չորրորդ գյուղի ծերանոցում խնամում էր ծերերին: 

«Մի անգամ եկեղեցիի մեջ մի կին եկավ, ըսավ՝ Բերդում հոգեւոր կենտրոն պիտի բացվի, եւ ես զգացի, որ Տերը ինձ հոն պիտի ուղարկի: Պատվելին` Ռենե Լեւոնյանը, ինձի ըսավ, որ շատ հեռու տեղ է: Մի որոշ ժամանակ մոռացա: Ձմռանը շատ տխուր էր մեջս եւ ես ըսի` Ո՜վ Տեր Աստված, ի՜նչ սխալ կընեմ: Ես ըսի, որ Բերդ պիտի երթամ: Եւ Տերը ինձ ղրկեց Բերդ, եւ անմիջապես իմ ուրախությունը նորեն եկավ»: 

Քույր Հաննան Բերդում բարեգործական ճաշարան բացեց, որտեղ քաղաքի աղքատ ծերերը տաք կերակուր են գտնում: Բերդում չկա մեկը, որ չիմանա քույր Հաննային: «Եթե մարդիկ դեղեր չեն ունենում, ինքն է գնում դեղատնից, գտնում է ծերունիներին, ովքեր անօգնական են, հաշմանդամներին, ովքեր մենակ են: Լողացնում է նրանց, խնամում, հետները զրուցում»-ասում է «Ուտիքի կանայք» հասարակական կազմակերպության նախագահ Մարիետա Մանուչարյանը: 

«Մեր փրկարարն է, մեզ համար աղոթում է»,-ավելացնում է բարեգործական ճաշարան այցելող տատիկներից մեկը: Նրանց համար, ովքեր չեն կարողանում գալ ճաշարան, կերակուրը տուն են տանում: 

«Ես իմ կյանքը Հիսուսին նվիրեցի, բայց շատ երջանիկ եմ, որովհետեւ Աստված հարստացուց ինձի, երեխաներ ունեմ Ամերիկա, Ֆրանսիա, ովքեր Այնճարի մեջ են մեծացել, թոռնիկներ ունեմ, հարսեր ունեմ: Այո՛, Աստված ինձ դրամով չհարստացուցեց, բայց ուրախություն տվեց: Ես կուզեմ ուրախություն տարածել տուներուն մեջ: Բերդում 35 տարեկան տղա մը կա, որ չի կրնար խոսիլ, բայց երբ իրեն թուղթով շինված ծաղիկ մը կբերեմ եւ կդնեմ, այնքա՜ն կուրախանա: Ես էլ, իմ սիրտն էլ կուրախանա, երջանիկ եմ լինում: Կուզեմ ըսել՝ ով որ Աստծո հետ կքայլե, այսպես երջանիկ կյանք կրնա ապրիլ»: 

Քույր Հաննան անընդհատ նոր մտահղացումներ ունի, նոր ծրագրեր, սակայն դժվարությամբ է գումարներ հայթայթում դրանք իրականացնելու համար: Որոշել է նաեւ փողոցում հայտնված երեխաների կրթությամբ զբաղվել: «Պզտկները դպրոց չեն երթար: Հիմա մենք պետք է մի ծրագիր սկսենք, անպայման պետք է դա անենք: 9-ից 17 տարեկաններ են այդ երեխեքը: Մարզպետը 10 տարեկան է, Արսենը՝ 14, ու շատ կան այդպիսի երեխաներ Բերդում: Մեծ մտահոգություն է, երեխաները դպրոց չեն երթար, եւ ոչ մեկը չէր մտահոգվեր, էդ դոմիկներում ապրող երեխեքը հատկապես մեղք են»,- ասում քույր Հաննան: Նրա երազանքը Բերդում փոքրիկ ծերանոց հիմնելն է. «Մի սեփական տուն լինի իր հողամասով, միայնակ ու անզոր ծերերի հարցը կլուծվի: Շատ են միայնակ ծերերը քաղաքում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter