HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Ամբողջ կյանքը մի փաստաթուղթ չարժե

Երեւանի Կոնդ թաղամասի 164 հազ. քմ տարածքում կա 930 տուն: 399 ընտանիքներ չունեն սեփականության իրավունքի վկայական: Մնացածները վերջին տարիներին տան հետ կապված գործարքներ են կատարել, դրա համար էլ սեփականաշնորհել են դրանք: Շատերն իրենց տարածքից վաճառել են ընդամենը 5 քմ, որպեսզի սեփականաշնորհելու առիթ լինի եւ ստանան սեփականության վկայական: 

ՀՀ կառավարությունը 2002թ. օգոստոսին որոշում է կայացրել «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին»: Այս որոշմամբ պետության կարիքների համար վերցվող հողամասերի ցանկում է նաեւ Կոնդ թաղամասը: 

1910-ականներին Արեւմտյան Հայաստանից տեղահանվածները բնակություն են հաստատել Կոնդում, 1930-ականներին հողհատկացում է եղել եւ օրինականացվել է նրանց բնակության վայրը: 1953թ. գույքագրման համար նրանցից Կոնդի բնակիչներից հավաքել են հողին վերաբերող բոլոր փաստաթղթերը եւ այլեւս չեն վերադարձրել: 

2004-ին ՀՀ կառավարության որոշմամբ արգելանք է դրվել Կոնդի վրա, եւ այն համարվել է իրացման գոտի: «Արգելանքի» պատճառով կոնդեցիների համար անհնար է դարձել գրանցումն ու զագսը, բայց կոնդեցիների բողոքների արդյունքում այս գործարքները հիմա թույլատրվում են: 

«Էս էլ են ուզում ձեռքներիցս առնել: Եղածը մի սենյակ է` պատերը կիսաքանդ, հատակը` բետոն ու փտած տախտակներ, կտուր էլ չկար, էս 2 տարի է, ինչ կտուր ենք սարքել, թե չէ ձյունն ու անձրեւը մեր վրա էր գալիս: Եթե մի հատ սեփական բուլդոզեր ունենայի, ես իմ ձեռքով կքանդեի էս տունը, թե էս տուն ա կոչվում»,-բողոքում է Կոնդում ապրող Մարգարիտա Թամոյանը:

Մարգարիտան ապրում է մեկ սենյակում իր 3 երեխաների եւ սկեսրոջ հետ: Նրանք հերթափոխով աման են լվանում ռեստորանում եւ օրական 1000 դրամով 5 հոգանոց ընտանիքը պահում: Մարգարիտայի ամուսինը 3 տարի առաջ է մահացել: «Ամուսինս` Վրեժը, խմիչքի հետ սեր ուներ: Մի օր էլ եկա, տեսա շնչահեղձ է եղել ու մահացել: Իր կենդանության օրոք ոնց էի ապրում, որ հիմա ոնց ապրեմ»,-հիշում է նա: Մարգարիտան Աշտարակից է: 12 տարի առաջ հարս է եկել մայրաքաղաք` հույս ունենալով, որ վերջապես կապրի նորմալ պայմաններում: Սկզբում նարնք 2 սենյակ են ունեցել: Հետո ամուսիններըի սենյակը փլվել է, ու մինչեւ հիմա նրանք ապրում են սկեսրոջ սենյակում: «Լավ բանի չեմ սպասում, չգիտեմ: Ոչ կարող ենք տուն առնել, ոչ էլ էս պայմաններում մնալ: Նորմալ ապրելուն կարոտ ենք»,- ասում է Մարգարիտան: 

«Ես ծնվել ու մեծացել եմ Կոնդում: Ամուսնալուծված եմ, ունեմ 3 տղա ու հիմա էլ երեխեքիս հետ եմ մնում այստեղ: Այնքան որ գրանցված ենք, ուրիշ փաստաթուղթ չունենք, որ սա մեր տունն է, մեր սեփականությունը: Այս տանն էլ ապրում ենք սարդերի ու կարիճների հետ հավասար: Ահավոր վիճակ է. անձրեւն ու ձյունը լցվում են տուն, հետո ամբողջ ամառ էդ խոնավությունը չի վերանում: Երեխաներս անընդհատ հիվանդ են, բայց միայն բժշկի կանչի համար պետք է վճարեմ 1000 դրամ»,-ասում է Հասմիկ Սուքիասյանը: 

Հասմիկն իր երեք տղաներին պահում է 13.000 դրամ նպաստով: Ամուսինն աշխատանք գտնելու համար գնացել է Ռուսաստան, հետո էլ ամուսնալուծվել են: 

«Տղամարդիկ փախնում են այստեղից: Էս տներում ապրել չի լինում, գնում են, որ մի կարգին աշխատեն, էնտեղ լավ պայմաններ են տեսնում ու էլ չեն գալիս: Դրա համար Կոնդի մեծամասնությունն ամուսնալուծված է, միայնակ մայրեր են»,-կարծում է Անահիտ Չիլոյանը: 

«Ես խնդրում եմ մեր ղեկավարներին, որ մի օր Պռոշյանի օբյեկտներից բարձրանան Կոնդ ու տեսնեն մեր կենցաղը: Եվրախորհրդից են խոսում, թող գան ու մեզ ասեն, թե Եվրախորհրդի ո՞ր պետության ամենահեռավոր գյուղում է մարդն ապրում այս պայմաններում, իսկ սա մեր մայրաքաղաքի կենտրոնն է: Մի օր էլ կգան ու կասեն, որ այս տարածքը վաճառել ենք: Մենք էլ պիտի դուրս գանք, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ չունենք»,-բողոքեց Կոնդում ապրող տիկին Գայանեն: 

Չնայած անտանելի կենսապայմաններին` կոնդեցի մեծահասակները դրանից էլ են շնորհակալ: Նրանց նյարդայնացնում են այն լուրերը, թե շուտով փոխհատուցում կլինի, եւ նրանք, հավանաբար, կապրեն ուրիշ տանը, թեկուզ ավելի բարեկեցիկ կյանքով: 

«40 տարի է Կոնդում եմ ապրում, ահավոր պայմաններ են: Բայց թող մեզ հանգիստ թողեն, մենք մեր փլված տներում կամ մեր մահով կմեռնենք, կամ էլ տունը կփլվի ու կմեռնենք: Իրենք որ մտածում են, թե մի քանի կոպեկ կտան ու ամեն հարց կլուծեն, սխալվում են: Եթե ուզում են օգնել, թող օգնեն մեր տների պայմանները մի քիչ լավացնենք: Մեկ էլ որ ասում են` փաստաթուղթ չունեք. բա մեր ամբողջ կյանքը մի փաստաթուղթ չարժե՞: Ես նրանց առաջարկում եմ մի քանի տարի էլ սպասել մինչեւ մեր տները կփլվեն մեր գլխին, էլ բողոքող չի լինի, ու էն ժամանակ հանգիստ թող վաճառեն այս տարածքը»,-ասում է Գրետա Ավետյանը: 

«Մենք անտեր ենք: Իբր մի կարգին վիճակում ենք ապրում, անընդհատ էլ խոսում են, թե էս էլ են ձեռքներիցս առնելու, որովհետեւ ոչ մի սեփականության իրավունք չունենք: Մեզ հիշում են միայն ընտրությունների ժամանակ, խոստանում են մեզ «իրենց ձեռքերի վրա պահել», բայց ընտրվելուց հետո մենք իրենց պետք չենք. կապրենք, թե կմեռնենք, էդ էլ մենք գիտենք»,-բողոքում է Ժենյա Հարությունյանը: 

Սեփականության իրավունքի վկայականներ չունեցող Կոնդի բնակիչները դիմել են թաղապետարան, քաղաքապետարան, Ազգային ժողով, սակայն ապարդյուն: «Ոչ մեկը ընթացք չէր տալիս այս գործին: Այս տարվա մարտ ամսին հանդիպել ենք նախագահ Ռ. Քոչարյանին: Նախագահն անձամբ խոստացավ, որ այս հարցին ընթացք կտա»,-պատմեց կոնդեցի Լուսյա Հովհաննիսյանը: 

Արդեն 2 ամսից ավելի Երեւանի քաղաքապետի հսկողությամբ ամեն չորեքշաբթի քննարկվում են կոնդեցիների դիմումները: Դիմումների քննարկումը մի քանի շաբաթից կավարտվի, եւ Կառավարությունը որոշում կկայացնի: «Կառավարության հետեւողական աշխատանքն ինձ հույս է ներշնչում: Ես հավատացած եմ, որ այս հարցին դրական լուծում կտրվի, քանի որ այլ կերպ հնարավոր չէ. բոլոր օրենքները մեզ են պաշտպանում»,-հարեւաններին հուսադրում է տիկին Լուսյան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter