HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշենը նորից «պաշարված է»

Տարին մի քանի անգամ երկրի նախագահն ու վարչապետը լինում են Բագրատաշենի սահմանային անցակետում, եւ ամեն անգամ հայտարարվում է, որ արդիկանացվում է այնտեղ ամեն ինչ, որ այլեւես հերթեր չեն լինի: Վերջին ամսվա ընթացքում Բագրատաշենում եւ Բավրայում մեծ հերթեր են, բնականաբար, հայկական մասում: Այս մասին արդեն մի քանի օր է «Հետքը» ահազանգեր է ստանում Բագրատաշենի անցակետից:

Վրացական մաքսատանը նման հերթեր չկան: «Մարդիկ 3-5 ժամ կանգնում են հերթերում: Որովհետեւ միրգ ներմուծող անհատների հետ կաշառք վերցնելու բազարների մեջ են` 30 լարի, չէ 70, չէ 50…: Ինչո՞ւ են այսքան երկար սպասարկում հայ մաքսավորները, ի՞նչ են ուզում նրանք իրենց համաքաղաքացիներից: Ինչո՞ւ վարչապետը չի կատարում իր խոստումները: Քանի՞ մեքենան է սպասարկվում օրվա ընթացքում»,- հարցնում է Սամվելը: 

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը կտրականապես բացառեց, որ կուտակումները կապված են մաքսային ծառայության հետ: «Մեր մոտ օնլայն ռեժիմով տեսադիտում է արվում: Ոչ մի կուտակում, ոչ մի հերթ, անգամ մի հոգի սպասող չկա էս պահին ու չի էլ եղել: Մեքենաներ, բնականաբար, այդ տարածքում կանգնում են, բայց մեր ծառայության մասով չեն սպասում: Եթե հերթը մեծ է, մեքենան այդ տարածքում պետք է կանգնի, որ մյուս ծառայությունների հետ կապված աշխատանքը կատարի ու անցնի»,- պարզաբանեց Ն. Մանուչարյանը: 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը հաստատեց, որ սահմանային ծառայության մոտ իսկապես հերթեր են, դա կապված է ամանորյա գնումների, առևտրի և ելումուտի հետ: Նա նշեց, որ կուտակումներ տարվա այս ժամանակահատվածում միշտ էլ լինում են: Հիմնականում կուտակումներ լինում են առավոտյան ժամերին և կեսօրից հետո, քանի որ հոսքը շատացել է: Առավոտյան կուտակումները հայկական կողմից մեկնողների պատճառով է լինում, իսկ կեսօրից հետո ժամանողներն են շատանում:

Մեր հարցին, թե հնարավոր չէ հավելյալ աշխատակիցներ ներգրավել, որպեսզի հերթեր չգոյանան, Արծվին Բաղրամյանը պատասխանեց, որ անցակետի պայմաններն ու հնարավորությունները թույլ չեն տալիս` տեղը քիչ է, իսկ երբ անցակետը արդիականացվի, կուտակումներ այլևս չեն լինի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter