HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Նորից հատվել են ծառեր

«Մեր բակի մոտ 400քմ տարածքը վերացել է: Մենք բակ չունենք, ավտոտնակների արանքում միայն մի կածան են թողել»,-բողոքում են Մաշտոցի 27ա շենքի բնակիչները: Երեւանի Մաշտոցի 27ա եւ 29 շենքերի միջնամասում կա 11 քարե ավտոտնակ, 2 մետաղյա ավտոտնակներ էլ ուղղակի դրված են, բայց շուտով դրանք էլ կամրացվեն: 

 Բնակիչների հավաստմամբ` բակում եղել է ընդամենը 2 ավտոտնակ: Մնացած տարածքը առաջին հարկի բնակիչների կողմից մշակվել է, եւ այնտեղ ծառ ու ծաղիկ է աճել: Ավտոտնակների կառուցումը սկսվել է, երբ Մաշտոցի 29 շենքում բնակարան է գնել «Արմեն Տուր» ավիագործակալության տնօրեն Արմեն Գյոզալյանը: Նա բակում կառուցել է մի քանի ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Դրանից հետո հերթով կառուցվել են մնացած քարե ավտոտնակները:

«Ամեն փաստաթղթեր էլ ունենք: Ամուսինս միայն օրինական գործեր է անում: Եթե անօրինական լիներ, նա ոչ մի ավտոտնակ էլ չէր կառուցի»,-ասաց Արմեն Գյոզալյանի կինը` Անահիտը: Քարե ավտոտնակների տերերն իսկապես Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել են սեփականության իրավունքի վկայականներ: Կադաստրը վկայականներ տալիս հիմնավորվել է քաղաքապետի` հողամասերի վարձակալության մի շարք որոշումներով: Հողամասերը վարձակալվել են հիմնականում 3 տարով: Կադաստրն էլ վկայականում արձանագրել է հողամասում սեփական ավտոտնակ ունենալու փաստը: Ավտոտնակների տերերը Մաշտոցի 29 շենքից են, սակայն շենքի բնակիչները չեն բողոքում` հասկանալով ավտոտնակների տերերի ով լինելն ու հնարավորությունները: 

 Մաշտոցի 27ա շենքի բնակիչները դիմել են Կենտրոն թաղապետարան, քաղաքապետարան, Քաղաքաշինության պետական տեսչություն, Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն: Թաղապետարանը պատասխանել է, թե «ավտոտնակները եղել են հիմնականում դեռեւս 1998թ. եւ ավելի վաղ, բնակարանային տնտեսության արտադրական վարչությունում հաշվառվել են 2000-2001թթ: Նշված ավտոտնակների տերերը 2003թ. տարեվերջին համատեղ ուժերով կատարել են վերանորոգման աշխատանքներ ավտոտնակները բարեկարգ տեսքի բերելու համար: Շենքերի բնակիչների հիմնական մասն իրենց գոհունակությունն են հայտնել բարեկարգման աշխատանքների կապակցությամբ եւ ավտոտնակների տերերի հետ համատեղ ծրագրել են եւ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են ծավալել նաեւ շրջակա տարածքի բարեկարգման, կանաչապատման, օրինակելի բակի վերածելու ուղղությամբ: Ինչպես նաեւ կատարվել են փոքր չափերի հասնող սանիտարական հատումներ, որոնց անհրաժեշտությունը զգացվել է»: 

 «Նախ` սանիտարական հատումների ընթացքում վերացել է կանաչ տարածք, հատվել է 20 ծառ: Գոհունակության հարց չկա, ինչի՞ց են գոհ: Հայտնի ձեւով մի քանի ընտանիքներից ստորագրություններ են հավաքվել, որը ոչինչ չի նշանակում: Շրջակա միջավայրը բարեկարգել, կանաչապատ բակ ստեղծել հնարավոր չէ, քանի որ շրջակա միջավայր չկա, տարածք չկա նման գործ անելու համար»,-ասում է Մաշտոցի 27ա շենքի բնակիչ Հենրիկ Սարգսյանը: 

 Շենքի 30 տարվա բնակիչները պնդում են, որ սկզբում եղել է ընդամենը 2 քարե ավտոտնակ, մնացածները կառուցվել են 2003թ. ընթացքում: Սակայն քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերհսկողության վարչության պետ Հ. Մուրադյանն ասում է. «Ես այդ բակում եմ ծնվել, եւ այդ ավտոտնակները եղել են 1960-70-ականներից: Դրանք ուղղակի վերանորոգվել են»: Նա բնակիչներին գրավոր պատասխանել է, որ «ավտոտնակներն ունեն կառուցապատման տարիների վաղեմություն եւ, սահմանված կարգի համաձայն, 2000-2001թթ-ին հաշվառվել են բնակարանային տնտեսության արտադրական վարչությունում, եւ կատարվել են համապատասխան վճարումներ: 2003թ. նշված հասցեում կատարվել են բարեկարգման աշխատանքներ»: Այս պատասխանից հետո, երբ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության աշխատակցի հետ պարոն Մուրադյանը եղել է տեղում, բնակիչներից ներողություն է խնդրել` ասելով, որ իրեն թյուրիմացության մեջ են գցել եւ խոստացել, որ անպայման այս հարցով կզբաղվի:

Անձամբ տեսնելով 11 քարե ավտոտնակները` նա բնակիչներին գրավոր պատասխանելիս անդրադարձել է միայն 2 մետաղյա ավտոտնակներին` ասելով, որ քաղաքապետի որոշմամբ դրանք կապամոնտաժվեն: Ապամոնտաժման մասին քաղաքապետի որոշումը կայացվել է հունիսի 10-ին, այն պետք է իրականացվեր 10 օրվա ընթացքում: Բայց ինչպես քարե, այնպես էլ մետաղյա ավտոտնակների տերերը ստացել են սեփականության իրավունքի վկայականներ: Քաղաքապետը հողի վարձակալության մասին որոշում է ընդունել, կադաստրն էլ այդ որոշման հիման վրա տվել է սեփականության իրավունքի վկայական: Փաստորեն, քաղաքապետի որոշումը գոնե երկու մետաղյա ավտոտնակների ենթադրվող ապամոնտաժման մասին դեռ չի իրականացվի, քանի որ ավտոտնակների տերերն ունեն սեփականության իրավունքի վկայականներ: Այս խառնաշփոթից դուրս գալու համար պրն Մուրադյանը ճիշտ համարեց դիմել դատարանի օգնությանը: «Արդեն կա քաղաքապետի որոշում, եւ այն պետք է իրագործել: Ես կմիջնորդեմ, եւ մեր իրավաբանները կմտնեն դատարան: Թող դատարանը որոշի, թե ինչպես պետք է վարվել այդ սեփականության իրավունքի եւ քաղաքապետի որոշումն իրականացնելու պայմանի հետ»,-ասաց նա: 

 Քիչ հավանական է, որ քաղաքապետարանը դիմի դատարան: Բայց եթե անգամ դիմի, դժվար թե դատարանն այս հարցը քննի ըստ էության, քանի որ մետաղյա ավտոտնակների տերերից մեկն աշխատում է Հարկային տեսչությունում (մեզ առայժմ չի հաջողվել ճշտել նրա անունն ու պաշտոնը), իսկ մյուսը Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի պետ Արմեն Կարապետյանն է: Իսկ Հայաստանում դատարանները, ինչպես փորձն է ցույց տվել, հազվադեպ են վճիռներ կայացնում ի վնաս պաշտոնյաների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter