HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայաստանը ծրագրային ապահովման (սոֆթվերի) միջազգային շուկայում

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ, իսկ ծրագրային ապահովման (ԾԱ) արտահանման ընթացիկ ծավալը եւ հեռանկարները համարվում են խոստումնալից։ Հայաստանի ՏՏ-ի սեկտորի անցյալ տարվա արդյունքները ամփոփող ստորեւ օգտագործվող վիճակագրական տեղեկությունները հիմնականում վերցված են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) վերջերս հրատարակած զեկույցից։

Ըստ այս զեկույցի` Հայաստանի ՏՏ-ի արդյունաբերության տարեկան շրջանառությունը 2003թ.-ին կազմել է մոտ $38 միլիոն, որի երկու երրորդը բաժին է ընկնում օտարերկրյա ընկերություններին, իսկ մեկ երրորդը՝ տեղական։ Գրեթե նույն հարաբերությունն է գրանցվել արտահանման եւ ներքին շուկայի բաժինների միջեւ։ Ըստ այդմ՝ Հայաստանի ՏՏ-ի արդյունաբերության արտահանման եկամուտները կազմել են մոտ $24 միլիոն։ Ընդգծենք հետեւյալ բնութագրական հանգամանքը. եթե ներքին շուկայում գրեթե լիովին տնօրինում են տեղական ընկերությունները (88%), ապա արտահանման մեջ նույնպիսի գերակշռություն ունեն օտարերկրյա ընկերությունները (84%)։ Արդյունաբերության տարեկան աճը, ըստ նույն աղբյուրի, բարձր է՝ մոտ 30%։ Ավելին, որոշ նպաստավոր պայմանների համադրության դեպքում հնարավոր է համարվում ավելի բարձր կարգի աճ՝ մինչեւ 45%, որը թույլ կտա 2010 թ.-ին հասնել $350-$500 մլն եկամուտի։ Սա շատ բարձր ցուցանիշ է, եւ մենք կփորձենք հասկանալ, թե որքանով են հիմնավորված նման ակնկալիքները։ 

Շատ երկրներում ԾԱ-ի արտահանման հետեւողական վիճակագրություն չի կատարվում կամ վիճակագրական տվյալները չեն հրապարակվում, իսկ ընկերությունների կողմից հայտարարվող տվյալները, որպես կանոն, որոշակիորեն չափազանցված են, քանի որ ակներեւ մարկետինգային նշանակություն ունեն եւ ձեռնտու են թե՛ պետությանը, թե՛ ձեռնարկություններին։ Չի բացառվում, որ Հայաստանի դեպքում նույնպես գործ ունենք չափազանցված տվյալների հետ։ 

1990-ականների ամենահաջողակ արտահանողների՝ Հնդկաստանի, Իռլանդիայի եւ Իսրայելի փորձը մեծ խանդավառություն է առաջացրել զարգացող եւ նվազ զարգացած երկրներում եւ, ինչպես Է. Քարմելն է ձեւակերպում, բազմաթիվ երկրներ «արդեն տասը տարի փորձում են լինել հաջորդ Հնդկաստանը»։ Արդեն մի քանի տարի Հայաստանի անունից նույնպես նման հավակնություններ արտահայտվում են։ 

Այս իմաստով օգտակար կլինի, առաջնորդվելով ԾԱ արտահանող երկրների դասակարգման՝ վերջին տարիներին մշակված մոդելով (Է. Քարմել), նախնական մի փորձ կատարել՝ զետեղելու Հայաստանը ԾԱ-ի միջազգային շուկայում։ Տարբեր հեղինակներ (Ռ. Հեեքս եւ Բ. Նիքոլսոն, Է. Քարմել) ԾԱ-ի արտահանման ասպարեզում հաջողության հասած երկրների փորձի ուսումնասիրության հիման վրա ձեւակերպել են այսպես կոչված «հաջողության գործոնների» մի խումբ, որը թույլ է տալիս եւ՛ հասկանալ այդ երկրների հաջողության պատճառները, եւ՛ գնահատել այլ երկրների հաջողության հնարավորությունները։ Կփորձենք այս մեթոդի օգնությամբ եւ մեր ձեռքի տակ եղած տվյալներն օգտագործելով` գնահատել Հայաստանի հնարավորությունները, առավելություններն ու թերությունները՝ միեւնույն ժամանակ կատարելով որոշ համեմատություններ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը (Հայաստանի տարածաշրջանային հարեւանը եւ հավանական մրցակիցը) եւ Ուկրաինան (ՏՏ-ի նախկին խորհրդային խոշոր կենտրոնը, որը 2002թ.-ի տվյալներով ԾԱ-ի արտադրության ծավալներով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին)։ Մյուս կողմից՝ մեր հիմնական նպատակներից մեկը կլինի այն հարցի դիտարկումը, թե ինչպես կարող է անդրադառնալ այս բնագավառի զարգացումը մեր երկրի տնտեսական ընդհանուր առաջընթացի եւ ազգային բարեկեցության վրա։

ԾԱ արտահանող երկրների դասակարգման մոդել 

 ԾԱ արտահանող երկրների դասակարգման քառաշար մոդելը (four-tier taxonomy) առաջարկել է Է. Քարմելը։ Դասակարգման հիմքում ընկած են երեք շեմային սկզբունքներ՝ հասունությունը, խմբվածությունը եւ արտահանման եկամուտները, որոնց օգնությամբ արտահանող երկրները բաժանվում են չորս խմբի կամ շարքի։ Այս մոդելը թույլ է տալիս ներառել բոլոր երկրները, որոնք այս կամ այն չափով մասնակցում են ծրագրային ապահովման գլոբալ շուկային, թեւե որոշ անորոշությունների տեղ, այնուամենայնիվ, թողնում է անգամ վիճակագրական տվյալների առկայության դեպքում։ Օրինակ՝ հստակ չէ, թե որ շարքին է պատկանում այն երկիրը, որն ըստ երկու սկզբունքի հաղթահարում է շարքի շեմը, իսկ ըստ երրորդի՝ ոչ։     

  հասունություն         խմբվածություն

 (կազմակերպությունների կրիտիկական քանակ)       արտահանման

 եկամուտներ

Շարք 1           > 15 տարուց մի քանի հարյուր     > $1 միլիարդ

Շարք 2           > 10 տարուց 100      > $200 միլիոն

Շարք 3           > 5 տարուց   մի քանի տասնյակ  > $25 միլիոն 

Աղյուսակ 1. Դասակարգման շարքերի շեմերը 

 Աղյուսակը հասկանալի լինելու համար որոշ մեկնաբանությունների կարիք ունի։ Առաջին սկզբունքը՝ հասունությունը, վերաբերում է արտահանման տարիներին եւ նշանակում է ոչ թե մեկ-երկու ընկերության, այլ նշանակալի քանակությամբ ընկերությունների կողմից կատարվող արտահանման տեւողությունը, որը թույլ է տալիս խոսել տնտեսության արտահանման ընդգծված կարողության մասին։ Կարելի է ասել, որ այս սկզբունքը՝ հասունությունը, ենթադրում է արտահանման ավանդության գոյությունը եւ հենց այդ ավանդության տեւականությամբ էլ բնութագրվում է։ Խմբվածության սկզբունքն առնչվում է արտահանող ընկերությունների քանակությանը, որն առաջ է բերում է որոշ «կրիտիկական» զանգված՝ միաժամանակ պայմաններ ստեղծելով զանազան երկրորդային ծառայությունների ձեւավորման համար։ Միեւնույն ժամանակ, այն ենթադրում է, թեկուզ անբացահայտ կերպով, որոշ թվով ձեռնարկությունների միջեւ միասնական կողմնորոշման առաջացում, մերձեցում եւ համախմբում շուկայում ընդհանուր մի տեղ զբաղեցնելու առումով (խմբվածություն այն բանի շուրջը, ինչն անգլերեն կոչվում է market niche)։ Ավելի պարզ է երրորդ սկզբունքը՝ արտահանման եկամուտների չափը, բայց այստեղ նույնպես, ինչպես արդեն ակնարկվեց, ճշգրիտ գնահատականներ ունենալը կապված է մի շարք դժվարությունների հետ։ 

Հասկանալի է, որ այս շեմային սկզբունքները եւ դրանց քանակական արտահայտությունները թելադրված են ներկա իրադրությամբ եւ հետագայում կարող են փոխվել, քանի որ շուկան ինքը ենթակա է արագ եւ բազմաբնույթ փոփոխությունների։

Փնտրելով Հայաստանի տեղը 

Դասակարգման առաջին շարքի մեջ մտնում են ԾԱ-ի հիմնական արտահանողները՝ արդյունաբերապես զարգացած այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, ինչպես նաեւ` Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան եւ այլն։ Նրանց են միացել 1990-ականների երեք հաջողակները՝ Հնդկաստանը, Իռլանդիան եւ Իսրայելը։ Երկրորդ շարքը՝ անցումայինը, ամենասակավաթիվն է. ընդամենը երկու երկիր՝ Չինաստանը եւ Ռուսաստանը։ Այս փաստը մասնավորապես ընդգծում է այն մեծ խզումը, որ առկա է հիմնական արտադրողների եւ նրանց միանալու հավակնություններ ունեցող մնացած երկրների միջեւ։ Փաստորեն, երկրորդ խմբում այն երկրներն են, որոնք իրական հնարավորություններ ունեն առաջիկա տարիներին (մինչեւ 2010թ.) միանալու առաջին խմբին։ 2002 թ. տվյալներով, Ռուսաստանի արտահանման ծավալները կազմել են մոտ $350 մլն, իսկ Չինաստանինը՝ $400-$600 մլն։ 

Շատ ավելի բազմանդամ է երրորդ շարքը։ Այս երկրները, ինչպես ասում են, արդեն որոշակի հայտ են ներկայացրել իրենց կարողությունների մասին եւ կոչվում են «բարձրացող» կամ «հայտնվող» ազգեր։ Դրանց թվում են Բրազիլիան, Մեքսիկան, Կոստա Ռիկան, Շրի Լանկան, Պակիստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ուկրաինան, Լեհաստանը, Չեխիան եւ ուրիշներ։ Ենթադրաբար, այս շարքին են պատկանում նաեւ մի խումբ այլ երկրներ, այդ թվում՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան, Արգենտինան, Չիլին, Թայլանդը, Հարավաֆրիկյան հանրապետությունը (2002թ.-ի տվյալներով), որոնց մասին հստակ տեղեկությունները մատչելի չեն եղել։ Վերջապես, չորրորդ շարքում են սկսնակ կամ «մանկահասակ» արտահանողները (Կուբա, Հորդանան, Եգիպտոս, Բանգլադեշ, Վիետնամ, Իրան), իսկ մեծ քանակությամբ երկրներ (ավելի քան 200) առհասարակ դուրս են մնում այս ցուցակից՝ չունենալով շոշափելի մասշտաբի ՏՏ-ի արդյունաբերություն։ 

Հայաստանն ընդհանրապես հիշատակված չէ այս դասակարգման մեջ, իսկ եթե ընդգրկվեր, ապա 2002 թ. տվյալներով պիտի ընկներ վերջին շարքի՝ սկսնակ արտահանողների մեջ։ 2003թ.-ի՝ վերը հիշատակված արտահանման եկամուտների չափով՝ մոտ $24 մլն, մեր երկիրը մոտենում է երրորդ շարքի շեմին, բայց ակնհայտորեն չի բավարարում առաջին՝ հասունության, սկզբունքին։ Եթե Հայաստանում ՏՏ-ի արդյունաբերության վերահայտնման սկիզբը համարենք 1997թ. (համաձայն ՁԻՀ-ի նույն զեկույցի), ապա ձեւավորված արտահանման տեւողությունը հինգ տարուց ավել չի կարող լինել։ Ավելի դժվար է կիրառել խմբվածության սկզբունքը՝ անհրաժեշտ դիտրակումների բացակայության պատճառով։ Այս ամենով հանդերձ, առավել խելամիտ եզրակացությունն այն է, որ Հայաստանը որպես ԾԱ արտահանող երկիր, թեեւ որոշակի նվաճումներ ունի, բայց դեռեւս գտնվում է վերը նկարագրված դասակարգման վերջին շարքում։ 

Հիմնական հարցն այստեղ այն է, թե որ երկրներին է վիճակված անցնելու հաջորդ շարք։ Ինչպես նկատում է Քարմելը, երրորդ շարքի բազմաթիվ երկրներ երբեք չեն կարողանա անցնել երկրորդ շարք, ինչպես չորրորդ շարքի շատ անդամներ երբեք բախտ չեն ունենա հաղթահարելու հասունության առաջին շեմը եւ մտնելու երրորդ շարք։ Պատճառները շատ են։ Օրեցօր մեծանում է մրցակցությունը եւ միջազգային շուկա մտնելն ու դիրքեր գրավելը դառնում է ավելի ու ավելի դժվարին ու թանկարժեք ձեռնարկ, իսկ չորրորդ եւ երրորդ շարքերի երկրների մրցակցային գլխավոր գործոններից մեկը՝ էժան աշխատուժը, խիստ անբավարար է հետագա հաջողությունների համար։ 

Արդեն նշվեց, որ ներկա պահի ընտրյալները երկուսն են՝ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք մի քանի տարում, ամենայն հավանականությամբ, ի վիճակի կլինեն մտնելու առաջին շարք։ Երրորդ շարքից երկրորդ շարք մտնելու հաջորդ հավանական թեկնածուներ են համեմատաբար մեծ տարածքով, մեծաքանակ բնակչությամբ եւ տնտեսական կարողություն ունեցող երկրները՝ Բրազիլիան, Մեքսիկան, Ֆիլիպինները, Կորեան։ Այս դեպքում, երբ խոսքը ոչ եվրոպական երկրների մասին է, երկու փոքր պետությունների՝ Իռլանդիայի եւ Իսրայելի օրինակը տիպական չէ։ Ավելի բնութագրական է Հնդկաստանի օրինակը։ Ռուսաստանի եւ Չինաստանի ներկա հաջողությունը եւս հաստատում է այս օրինաչափությունը։ Այս առումով նույնպես ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի շանսերը մեծ չեն կամ, ավելի ճիշտ, հաստատված միտումները Հայաստանի կտրուկ վերելքի հնարավորության օգտին չեն խոսում։ 

 շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter