HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

131 Կաթողիկոսների անվանածառերը 10 օրվա ընթացքում վերացան կամ մի ձեւական ծառատունկի վախճանը

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակի Հայոց կաթողիկոսների հիշատակին նվիրված ծառուղին գոյություն չունի: Հայ առաքելական եկեղեցու 131 կաթողիկոսների անվանածառերը 10 օրվա ընթացքում վերացել են: 

Կաթողիկոսների հիշատակը հավերժացնող ծառատունկ կազմակերպելն ի սկզբանե եղել է երգահան Արա Գեւորգյանի մտահղացումը: «Ուզում էի` ստեղծվեր կաթողիկոսների հիշատակը հավերժացնող այգի: Վեհափառին ոգեւորեց իմ այս գաղափարը, եւ նա տվեց իր օրհնությունը: Հարմար տեղ համարեցինք ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու շրջակայքը: Ես սկսեցի թաղապետարանի հետ պայմանավորվել, թե ինչ ծառ է նպատակահարմար տնկել, եւ թե հետագայում ով պետք է խնամի: Այս հարցերը լուծելու պատճառով ծառատունկը ձգձգվում էր: Հետո մի կազմակերպություն հանձն առավ իրականացնել այն: Ինքս էլ տնկել եմ մեր երջանկահիշատակ կաթողիկոսներից մեկի անվանածառը»,-պատմեց Արա Գեւորգյանը: 

Ծառատունկն իրականացրել է «Նոյան Արգ» էկոլոգիական բարեգործական ընկերությունը: Ապրիլի 17-ին ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու մուտքին հարող աջ եւ ձախ մասերում տնկվել են 131 արծաթափայլ եղեւնիներ: Ծառատունկը կազմակերպվել է ըստ արժանվույն. հոգեւոր դասի ներկայացուցիչները օրհնել են եղեւնիները եւ ժողովրդի հետ միասին տնկել են դրանք, հետո էլ ստացել «Մասնակցի վկայական», ուր նշված է, թե որ Կաթողիկոսի անվանածառն է տնկել տվյալ մասնակիցը: Լրատվամիջոցներն էլ նկարահանել են հատկապես Բնապահպանության նախարարի ծառ տնկելը: 

«Ծառատունկն իրականացվել է Բնապահպանության նախարարության հետ` անմիջապես նախարարի աջակցությամբ: Նրա կամոք իրենց պահեստներից տրվել են արծաթափայլ եղեւնիներ, եւ մենք էլ հիմնադրել ենք Հայոց կաթողիկոսների հիաշատակին նվիրված ծառուղին»,-ասում է «Նոյան Արգ» էկոլոգիական բարեգործական ընկերության նախագահ Ղազար Միրզոյանը: Ծառատունկից հետո թե ով պետք է խնամեր ծառուղին, պարզ չէ: Ինչպես ասաց պրն Միրզոյանը, ընդամենը 10-15 օրվա ընթացքում ծառուղին վերացել է, քանի որ թանկարժեք եղեւնիների 80 տոկոսը գողացել են, իսկ մնացածը չորացել է: «Մենք չէինք կարծում, թե եկեղեցու բակից գողություն կանեն: Եթե պատկերացնեինք, ապա անպայման ծառերի պահպանության հարցն էլ կլուծեինք»,-ասում է Ղ. Միրզոյանը: 

Ի պատասխան Ղ. Միրզոյանի մեկնաբանության` ս. Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հայր Սահակ աբեղա Շաքարյանը պնդեց, որ. «Ոչ մի ծառ էլ չի գողացվել, մենք ունենք պահակային ծառայություն: Եղեւնիները չորացել են: Կաթողիկոսների անուններով ծառ տնկելու պատասխանատվությունն այդ կազմակերպությունը չզգաց: Մենք նախապես զգուշացրել էինք, որ ունենք ջրամատակարարման խնդիր, որ դա 1-2 ծառ չէ, այլ` 131, եւ ջրելը խնդիր է դառնալու: Նրանք ասացին, որ իրենք այդ հարցերը կլուծեն, դրա համար էլ ծառատունկ եղավ: Ես էլ եմ մասնակցել այդ ծառատունկին ու հիմա անհարմար եմ զգում, որ ոչ մի եղեւնի չկա: Մենք շուտով կունենանք մեր ջրամատակարարման ցանցը եւ անպայման կվերականգնենք ծառաշարքը»: 

Սովորաբար, ծառատունկ կազմակերպելիս ծառերի խնամքն ապահովելու համար նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվում տվյալ համայնքում կանաչապատման աշխատանքներ իրականացնող ընկերության հետ: Կաթողիկոսների հիշատակի ծառուղին ստեղծելիս «Նոյան Արգ» ընկերությունը պայմանավորվածություն չի ունեցել ո՛չ քաղաքապետարանի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի, ո՛չ էլ Կենտրոն թաղապետարանի «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի հետ: Ղ. Միրզոյանը նշեց, որ սկզբնական շրջանում իրենք պատրաստ են եղել խնամել եղեւնիները մինչեւ թաղապետարանի հետ պայմանավորվելը: Այդ «սկզբնական շրջանում» էլ ծառուղին վերացել է: Իսկ բարեգործական ընկերության նախագահն ընդամենը ափսոսանք է հայտնում. «Մենք շատ վատ ենք զգում, որ հիմա չկա այդ ծառուղին, բայց անպայման նորից կտնկենք եղեւնիներ ու կվերականգնենք կորուստը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter