HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Գյուղացիների միակ երազանքը դպրոցի նոր շենքն է

«Միակ երազանքս է` Սալվարդում դպրոց տեսնեմ եւ հետո հանգիստ գնամ էն աշխարհ: Վերջ, էդ եմ ուզում»,-ասում է Սալվարդ գյուղի բնակիչ, 54 տարվա մանկավարժ, մաթեմատիկայի ուսուցչուհի Արմիկ Ասատրյանը: 

 Սյունիքի մարզի Սալվարդ գյուղը հիմնվել է 1928-29թթ, երբ Պարսկաստանի Խոյ գավառից մարդիկ եկել եւ բնակություն են հաստատել այստեղ: Գյուղը կոչել են Սալվարդ նույնանուն լեռան փեշին գտնվելու պատճառով: Գյուղն ունի 464 բնակիչ: Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ ու դաշտավարությամբ: Յուրաքանչյուր ընտանիք ամենաքիչը 5-6 կով ունի: «Մեր գյուղը հարուստ գյուղ է, հողաբաժինը` շատ: Մենակ 3500 հա արոտավայր ունենք: Մենք էլ ապրում ենք դրանով ու ամեն ինչ էլ վաճառում ենք` խոտ, հացահատիկ, անասուն, կաթ»,- ասում են սալվարդցիները: 

 Սալվարդը գտնվում է Ադրբեջանի Նախիջեւանի սահմանից 13 կմ հեռավորության վրա: «Արցախյան կռվին մեր գյուղից մասնակցել է 67 հոգի, ու ոչ մի զոհ չենք տվել»,- հպարտությամբ նշում են նրանք: Սահմանակից ադրբեջանաբնակ Գյումրի գյուղի (այն ժամանակին հայաբնակ է եղել) բնակիչների հետ միշտ լավ հարաբերությունների մեջ են եղել: «Հիմա էլ, որ անասուն, բան է անցնում սահմանը, էնտեղից ուղարկում են: Մենք միշտ էլ լավ ենք եղել, ուղղակի հիմա մի տեսակ վախ կա սրտներս»,-պատմում է Արմիկ Ասատրյանը: 

1952թ. Սալվարդում դպրոց է հիմնվել: «Փոքր էր, բայց դպրոց էր: Դասարան մտնելիս զգում էիր, որ դասարան ես մտնում: 80-ականներին քանդված էր արդեն, պետք էր կամ կապիտալ վերանորոգել կամ նորը կառուցել»,-հիշում է տիկին Ասատրյանը: Նորը կառուցելու նպատակով 1991թ. քանդել են դպրոցը: Գյուղացիների պատմելով` շինարարական եռանդուն աշխատանք է գնացել. «Մի քանի ամսում կկառուցեին նորը, ուղղակի կարգերը փոխվեցին ու ամեն ինչ խառնվեց իրար: Նոր դպրոցն այդպես էլ չկառուցվեց»,-ցավով նշում են սալվարդցիները: Այդ տարի սեպտեմբերին աշակերտները դասի են գնացել «ժամանակավոր դպրոցում»` գյուղապետարանի շենքում: Այստեղ ստեղծվել են փոքր դասասենյակներ, եւ արդեն 14 տարի Սալվարդ գյուղի աշակերտները դասի են գնում գյուղապետարանի կիսաքանդ դասարաններում: Սալվարդի ութամյա դպրոցն այս տարի ունի 74 աշակերտ: 

«Ամեն ինչ սովորական դպրոցի նման է, բացի շենքից ու դասարաններից: Ունենք 9 ուսուցիչ, ուսումնական գործընթացը նորմալ է ընթանում: Ամենամեծ դասարանը 13-14 հոգանոց է: Կոմպլեկտավորված դասարան չունենք: Ունենք 7 դասասենյակ: Ուղղակի շատ անհարմար է. մի շենքում աշխատում են դպրոցը, ակումբը, գյուղապետարանը»,- ասում է ուսմասվար Լաուրա Ասատրյանը: 

Դպրոցի շենքի անհրաժեշտության մասին գիտեն թե՛ Կրթության նախարարությունը, թե՛ Սյունիքի մարզպետարանը, եւ թե՛ Սալվարդի պատգամավորը: «Արդեն յոթերորդ տարին է, որ գյուղապետ եմ: Ի՞նչ անեմ, չենք կարողացել դպրոց կառուցել: Ամեն ինչ ներկայացված է, մի քանի անգամ նախահաշիվ ենք տարել մարզպետարան: Գրավոր դիմել ենք մեր նախկին եւ ներկայիս մարզպետին, նախկին եւ ներկայիս պատգամավորին, բայց արդյունք չկա: Ով մտնում է մեր գյուղ, առաջինը դպրոցի հարցն ենք բարձրացնում: Մեր պատգամավորը նախընտրականի ժամանակ խոստացել է, որ կկառուցվի դպրոց, բայց էդպես էլ դեռ ոչինչ չի արվել, սպասում ենք»,-պատմում է գյուղապետ Բենիամին Իվանյանը: Գյուղապետի բանավոր եւ գրավոր բազմաթիվ դիմումներից հետո 2002թ. մարզպետարանից գրություն է եկել գյուղ, որ ինչ-որ կերպ հարմարեցնեն ու ապահովեն աշակերտներին դասարաններով: Դրա համար գյուղապետարանի շենքի նիստերի դահլիճից առանձնացվել է եւս 3 դասասենյակ: 

Ութամյա դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են Սիսիանում: «Մեր դպրոցի աշակերտներից այս տարի 3 հոգի բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել: Մենք հպարտանում ենք նրանցով, բայց նաեւ պարտավոր ենք սովորելու նվազագույն պայմաններ ստեղծել. նրանք պետք է դասարաններում դաս պարապեն»,-ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Պրոֆիկ Շամիրյանը: 

 Գյուղացիները դժգոհում են, որ իրենք անտեսված են պետության կողմից: «Մենք ապրում ենք սահմանամերձ գյուղում, բայց մեզնով հետաքրքրվող չկա: Ոչ մեկը չի գալիս ու չի ուզում իմանալ, թե մենք ոնց ենք ապրում ու ինչ խնդիր ունենք»,-բողոքում են սալվարդցիները: 

Գյուղում լուրջ է նաեւ խմելու ջրի հարցը: Երեք աղբյուրից գյուղ մտնող խմելու ջրի հետ հող ու ավազ է գալիս: «æրի հետ ուրիշ բաներ էլ են գալիս, բայց դեռ ոչ մեկը չի հիվանդացել էդ պատճառով: Աստված ոչ անի, բայց որ մի բան էլ լինի, գիտենք, որ մինչեւ Սիսիան հասցնելը բուժքույրը մեզ հետ է»,-ասում են գյուղացիները: Սալվարդում մի քանի տարի առաջ «Ապավեն» կազմակերպությունը բուժկետ է ստեղծել: Գյուղացիներն ուրախ էին, որ անհրաժեշտության դեպքում հոգատար բուժքույրն իրենց կողքին է: 

Սալվարդում տարին 7 ամիս ձմեռ է: Եթե համեմատենք հարեւան գյուղերի հետ, Սալվարդ տանող ճանապարհը նորմալ վիճակում է: «Ձմռանը մնում ենք գյուղում, ուրիշ ի՞նչ պիտի անենք: Տունն էլ տաքացնում ենք աթարով ու փայտով: Հիմնականում աթարով, որովհետեւ փայտ առնելն էլ հեշտ չէ»,-ասում են գյուղացիները: 

 Սալվարդը բնական գազով ապահովելու համար մնացել է հաղթահարել 6 կմ ճանապարհ: Հարեւան Բռնակոթ գյուղում արդեն բնական գազ կա: 

 Սալվարդցիներն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում են միայն Հայաստանի հանրային հեռուստատեսությունից: Սակայն հաճախ դա էլ հնարավոր չի լինում դիտել: Նրանք դժգոհում էին, որ ոչինչ չեն լսում իրենց մարզի եւ իրենց գյուղի մասին: 

 «Գյուղը գյուղ է դպրոցով ու եկեղեցով: Դպրոցն ուղղակի անհրաժեշտ է մեր գյուղին, որ ջահելները ընտանիք կազմեն ու մնան էս սահմանամերձ գյուղում»,-ասում է տիկին Պրոֆիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter