HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյուղական համայնքներում կստեղծվեն կոոպերատիվներ

Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը, որ իրականացվում է հանրապետությունում Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ախուրյանում կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվեց համայնքապետերին:

Ծրագիրը հիմնականում ունի անասնապահական ուղղվածություն: Այն կմեկնարկի նախ Բերդաշեն համայնքում: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ' Բերդաշենում իրականացվում է փորձնական ծրագիր, որի արդյունավետությամբ պայմանավորված' այն հնարավոր կլինի շարունակել այլ համայնքներում ևս:

«Այն համայնքներում, որտեղ անասնապահությունը հիմնական զբաղմունքի միջոց է, աշխատելու ենք լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են անասնապահության արդյունավետության բարձարցմանը, ստեղծել պայմաններ, որ բարձրանան կենդանիների կաթնատվությունը, մսատվությունը,- ասաց Գագիկ Խաչատրյանը:- Դա անելու համար մենք պետք է լիարժեք օգտագործենք համայնքի արոտավայրերը, որովհետև արոտավայրերը կաթի, մսի հիմանական էժան աղբյուրներն են, այսինքն' այն գործոններն են, որոնք դրական են ազդում անասնապահության զարգացման վրա»:

Հաջորդ խնդիրը, Գագիկ Խաչատրյանի խոսքերով, կերի հյութալի բազա ստեղծելն է ձմռանը, ինչը հնարավորություն կտա մսուրային շրջանում բավարար կերի պաշար կուտակել կենդանիների համար, և այդ շրջանում կաթնատվությունը բարձր կլինի:

Ծրագրային նորամուծությունն այն է, որ բոլոր խնդիրները լուծվելու են համայնքի կոոպերատիվների միջոցով: Այսինքն' բոլոր արոտ օգտագործողները միավորվում են մեկ միավորի' սպառողական կոոպերատիվների մեջ: Դրանք տարբերվում են նախկին կոլեկտիվ տնտեսություններից, այսինքն' միավորվում է ոչ թե համայնքն իր ունեցվածքով, այլ կոոպերատիվները ձևավորվում են այն խնդիրները համատեղ լուծելու սկզբունքի շուրջ, որոնք առանձին ֆերմերներ կդժվարանան լուծել:

Ծրագրի շրջանակում համայնքներին տրամադրվելու է գյուղատնտեսական տեխնիկա: Գագիկ Խաչատրյանը հավաստիացրեց, որ ոչ մի ներդրումային ծրագիր չի պարտադրվելու համայնքին: Յուրաքանչյուր համայնքի 240 հազար դոլար է տրամադրվելու առաջ քաշած ծրագիրն իրականացնելու համար: Համայնքն անմասն չի մնալու և մասնակցելու է 5 տոկոս համաֆինանսավորմամբ: Սա բավական ցածր տոկոս է համայնքների համար, եթե հաշվի առնենք, որ 10 տոկոսից ցածր համաֆինանսավորմամբ երբեք որևէ ծրագիր չի իրականացվել:

Իսկ եթե համայնքը ցանկություն ունենա, ասենք, կաթի վերամշակման փոքր ձեռնարկություն հիմնել, ապա համաֆինանսավորմամբ մասնակցությունը կդառնա 50 տոկոս: Այս դեպքում գործելու է վճարելու երկու տարբերակ: Եթե համայնքն ունի այդ 50 տոկոսը, կարող է վճարել անմիջապես, իսկ եթե ոչ' ապա գումարը կարող է մարել 5 տարվա ընթացքում կոոպերատիվների եկամուտների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter