HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայաստանը ծրագրային ապահովման (սոֆթվերի) միջազգային շուկայում-2

Տես նաեւ` Հայաստանը ծրագրային ապահովման (սոֆթվերի) միջազգային շուկայում 

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) եւ դրանց զանազան կիրառությունների տարածմանը զուգընթաց ծրագրային ապահովման (ԾԱ) պահանջարկն աշխարհում անշեղորեն աճում է։ Համաշխարհային պահանջարկի հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է, ապա Ճապոնիան եւ Եվրամիության երկրները։ Պահանջարկն աճում է նաեւ զարգացող երկրների ներսում։ Նույնքան հստակ է նաեւ միտումը՝ դուրս հանելու ԾԱ-ի արտադրությունը դեպի նվազ զարգացած երկրներ՝ ներգրավելով ավելի էժան աշխատուժ։

Իրենց հերթին մի շարք նվազ զարգացած եւ զարգացող երկրներ պայքար են մղում, օգտագործելով իրենց էժան աշխատուժը եւ կրթության բարձր որակը, տեղ գրավելու ԾԱ-ի գլոբալ շուկայում։ Ինչպե՞ս գնահատել այս մրցակցության մեջ երկրների հաջողության հնարավորությունները։ Գնահատման հաջող եւ ընդունված մոդել են առաջարկել Ռ. Հեեքսը եւ Բ. Նիքոլսոնը, որը մշակված է Իռլանդիայի, Իսրայելի եւ Հնդկաստանի փորձի հիման վրա եւ կիրառված Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆիլիպինների նկատմամբ։ Այստեղ կներկայացվի այս մոդելի՝ Է. Քարմելի կողմից բարելավված տարբերակը։ Ըստ նրա. «այս մոդելն օգտակար է ետ նայելու եւ բացատրելու համար այն ազգերի նվաճումները, որոնք արդեն հաջողության են հասել այս արդյունաբերության մեջ՝ Իսրայելի, Հնդկաստանի եւ Իռլանդիայի։ Բայց ավելի կարեւորն այն է, որ մոդելն օգտակար է որպես հանձնարարելի քաղաքականությունների եւ ռազմավարությունների մի ամբողջություն, որ կարող են ընդունվել երկրների կողմից՝ ի սեր իրենց ազգային բարեկեցության բարելավման»։ 

Այս մոդելի օգնությամբ ուսումնասիրվել են մասնավորապես Իրանի եւ Ուկրաինայի ԾԱ-ի արդյունաբերությունները։ Քարմելի մոդելը եւ այս ուսումնասիրությունների արդյունքները մեզ թույլ կտան թե՛ համեմատություններ կատարել Հայաստանի, Իրանի եւ Ուկրաինայի միջեւ, թե՛ փորձել նախնական մի գնահատական տալ հաջողության հասնելու Հայաստանի հնարավորություններին հրապարակում եղած տվյալների հիման վրա։ 

Հոդվածի առաջին մասում ներկայացված դասակարգման մեջ Իրանը եւ Ուկրաինան գտնվում են համապատասխանաբար չորրորդ եւ երրորդ շարքում։ ԾԱ-ի արտահանման ծավալով Հայաստանը գտնվում է նրանց միջեւ (գերազանցում է Իրանին եւ զիջում Ուկրաինային) եւ ունի մի շարք նմանություններ իր տարածաշրջանային հարեւանի եւ ետխորհրդային բախտակից երկրի հետ։ Պետք է հաշվի առնել, այդուհանդերձ, որ երկու երկիրն էլ մեծապես գերազանցում են Հայաստանին տարածքով, ինչպես նաեւ բնակչության քանակությամբ (10-15 անգամ)։ Սա բնավ անկարեւոր հանգամանք չէ, քանի որ նշանակում է մոտավորապես նման հարաբերություն, օրինակ, ԾԱ-ի ֆիրմաների քանակության, ՏՏ-ի ոլորտին առնչված մասնագիտությաբ տարեկան շրջանավարների թվի եւ այլ պաշարների միջեւ։ 

Տեղին է հիշեցնել, որ մինչեւ 1970-ականների վերջը (մինչեւ Իսլամական հեղափոխությունը) Իրանը ՏՏ-ի կենտրոնական հանգույց էր Միջին Արեւելքում, եւ ԾԱ-ի Իրանի արդյունաբերության արմատները հասնում են մինչեւ 1960-ականների սկիզբը։ Սակայն այսօր ԱՄՆ-ի առեւտրային էմբարգոն, երկրի վատ իմիջը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ միջինարեւելյան անկայունության ընդհանուր մակարդակը առաջվա պես դժվարին խնդիր են դարձնում ԾԱ-ի միջազգային առեւտրի եւ փոխհարաբերությունների կառուցումը։ 

 Ուկրաինան ունի գիտահետազոտական նշանակալի կարողություն։ Կիեւը սկզբից եւեթ եղել է ԽՄ-ի համակարգչային տեխնոլոգիաների առաջատար կենտրոն՝ ունենալով կիբեռնետիկայի ամենամեծ դպրոցներից մեկը։ ԾԱ-ի արտահաման շուկան 2002 թ.-ին գնահատվել է մոտ $60-$70 մլն 15%-20% տարեկան աճով։ Ուսումնասիրողների կարծիքով, արդյունաբերության զարգացման համար արտաքին անբարենպաստ հանգամանքներից է ավելի բարեկեցիկ արեւելաեվրոպական հարեւանների մրցակցությունը, ինչպես նաեւ այս ասպարեզում արագորեն առաջացող Ռուսաստանի ստվերում մնալու վտանգը։

Հաջողության ութ գործոնները ըստ Քարմելի 

 Առաջին եւ թերեւս կարեւորագույն գործոնը, որը խթանող դեր կարող է խաղալ նաեւ մնացած բոլոր գործոնների համար, կառավարության տեսլականի (vision) եւ ռազմավարության, ապա եւ համապատասխան քաղաքականությունների առկայությունն է։ Ընդունված է համարել, որ շատ երկրներ հաջողության են հասել հենց կառավարության ձեռնարկած գործուն քայլերի եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ։ Սա նշանակում է պատշաճ օրենսդրական մշակումներ եւ կարգավորում, ֆինանսավորում եւ հարկային քաղաքականություն, օժանդակություն կրթության համակարգի եւ հաղորդակցության ենթակառուցվածքի արդիականացմանն ու զարգացմանը։ 

 Ուկրինան, ըստ հետազոտողների, կարող էր հասնել շատ ավելի մեծ հաջողության, եթե երկրի կառավարությունն ունենար այս ոլորտի զարգացման ռազմավարություն, իրականացներ հատուկ միջոցառումներ, որոնք կնպաստեին, ասենք, արտաքին ներդրումների աճին։ 

Հակառակ սրան, Իրանի կառավարությունը վերջին տարիներին ընգծված ուշադրություն է դրսեւորում ԾԱ-ի արդյունաբերության նկատմամբ։ 2000թ.-ին ընդունվել է կառավարության ծրագիր, նախատեսված են ֆինանսական մեծ ներդրումներ արդյունաբերության մեջ եւ ներքին շուկայի զարգացման, տնտեսության, կառավարման համակարգի ու կրթության մեջ ՏՏ-ի ներդրման համար։ Բայց, ինչպես ընդգծում են հետազոտողները, չկա վստահություն ծրագրերի նկատմամբ. «Ծրագրեր եւ ռազմավարություններ շատ ենք տեսել»,- ասում է մի մասնագետ։ Այսինքն՝ ազգային ռազմավարության գոյությունը Իրանի դեպքում չի համարվում հաջողության գործոն։ Պատճառները շատ են։ Բացի արտաքին եւ ներքին քաղաքական անբարենպաստ հանգամանքներից, ռազմավարությունն ինքը ցաք ու ցրիվ է, մշակված է անհետեողականորեն եւ վերեւից ներքեւ՝ բազմաթիվ շահագրգիռ կողմերի դուրս թողնելով քննարկումներից։ Իր դերն է խաղում նաեւ նախկին բազմաթիվ ձախողված ծրագրերի փորձը։ 

Գուցե այս առումով Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում։ Հայաստանում նույնպես կառավարության վերաբերմունքի մեջ կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել 2000թ.-ին։ ՏՏ-ի արդյունաբերությունը հայտարարվել է տնտեսության գերակա ճյուղ, իրականացվել են մի շարք այլ նախաձեռնություններ (ռազմավարական ծրագրի ընդունում, ՏՏ-ի արդյունաբերության զարգացմանը նպաստող՝ վարչապետին կից խորհրդի ստեղծում եւ այլն)։ Այդուհենդերձ, կարծում եմ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի դեպքում նույնպես կառավարության դերակատարումը հաճախ ձեւական բնույթ ունի եւ ըստ էության հեռու է վճռական գործոն լինելուց։ 

 Երկրորդ գործոնը՝ մարդկային կապիտալը, ինչպես սահմանվում է, վերաբերում է ոլորտի մասնագետների կոլեկտիվ հատկանիշներին եւ ունակություններին՝ ներառյալ ազգային կողմնորոշումն ու ավանդույթները, որակը, կազմը, անգլերենի իմացությունը եւ մենեջերական հմտությունները։ Իսկապես, մրցունակ մարդկային կապիտալը ավելի, քան ուրիշ գործոն, առաջանում է միայն ազգային ներդրման բազմաթիվ տարիների ընթացքում եւ տեւական բնույթ է ստանում տվյալ երկրին բնորոշ յուրահատուկ հանգամանքների շնորհիվ։ ԾԱ-ի արդյունաբերության համար կարեւոր պայմանների թվում են՝ կրթված մարդկային կապիտալի վճռական զանգվածը (թե՛ մի քանի սերունդ ընդգրկող մասնագիտական ավանդությունը, թե՛ ՏՏ-ին առնչվող մասնագիտությամբ շրջանավարտների տարեկան քանակությունը), տաղանդավոր մարդկանց գործոնը (շատերը կարծում են, թե այս հարցում կան ազգային տարբերություններ), անգլերենի իմացության մակարդակը, մենեջերական հմտությունները եւ այլն։ 

Կարելի է ասել, որ անգլերեն լեզվի իմացությունը երեք երկրներում էլ հավասարապես անբավարար է, եւ փոփոխություններ կարելի է ակնկալել միայն աստիճանական սերնդափոխության եւ կրթության ոլորտում համապատասխան բարեփոխումների շնորհիվ։ Միաժամանակ, նախագծի մենեջերի հմտությունները մի տիրույթ է, որի բարելավումը հրատապ խնդիր է համարվում երկրներից յուրաքանչյուրում։ Ոլորտում աշխատող մասնագետների եւ ոլորտին առնչվող մասնագիտություններով տարեկան շրջանավարտների քանակությամբ Հայաստանը, բնականաբար, չի կարող համեմատվել ոչ Իրանի, ոչ Ուկրաինայի հետ (օրինակ՝ նման շրջանավարտների քանակը Ուկրաինայում գնահատվում է 7000-8000, իսկ Իրանում՝ ավելի քան 15 000 մարդ), բայց երեք երկրում էլ հստակ է այդ թվի աճի միտումը։ Հավանաբար Հայաստանը Իրանի նկատմամբ առավելություն ունի ՏՏ-ի ոլորտում ձեւավորված տեղական ավանդությամբ, որ ժառանգվել է խորհրդային տարիներից եւ վերահաստատվում է վերջին տարիներ ընթացքում (այլ հարց է, թե այդ ժառանգությունը որքանով է ճիշտ գնահատվում եւ ինչ արդյունավետությամբ է գործադրվում ներկա պահանջների համատեքստում)։ 

 Երրորդ գործոնը կենսամակարդակն է։ Օժտված մասնագետները ձգտում են կենտրոնանալ բարեկեցիկ, բարձր կենսամակարդակ ունեցող վայրերում, եւ հեղինակավոր միջազգային ֆիրմաները (ինչպես Մայքրոսոֆթը) հենց նման տեղերում են փնտրում նորարարության ընդունակ «տաղանդներ» (այլ ոչ թե պազապես հմտություններ)՝ հաստատելու գիտահետազոտական մշակումների եւ բարձրակարգ ծրագրային արտադրանքի իրենց կենտրոնները։ Ի տարբերություն զարգացած երկրների եւ բազմաթիվ զարգացող երկրների նման, Հայաստանը, Ուկրաինան եւ Իրանը առայժմ չունեն նման միջավայրեր, որը պատճառ է դառնում բարձրորակ մասնագետների արտահոսքի։ Նշենք, որ Իրանը ունի ծրագրեր՝ Կիշ կղզին դարձնելու այդպիսի վայր՝ միջազգային ստանդարտներին բավարարող կենսապայմաններով եւ հեռահաղորդակցությունների ենթակառուցվածքով։ 

 Հաջորդ գործոնը՝ աշխատավարձերը, որոշ իմաստով հակադիր է նախորդին։ Ցածր աշխատավարձը վճռական գործոն է այսպես կոչված offshore outsourcing-ի համար, որ մղում է մենեջերներին շարունակ տեղափոխելու աշխատանքը դեպի ավելի ու ավելի էժան աշխատուժ առաջարկող վայրեր։ Առաջին հերթին հենց սա է, որ թույլ է տալիս նորեկ երկրներին մտնել ԾԱ-ի գլոբալ շուկա։ Այս հարցում երեք երկրների միջեւ ընդգծված տարբերություններ չկան, եւ նրանք կարող են համարվել մրցունակ միջազգային շուկայում։ Թերեւս Հայաստանում եւ Ուկրաինայում, օտարերկրյա ընկերությունների հաշվին, միջին աշխատավարձի չափն ավելի բարձ լինի, քան Իրանում, որտեղ ԾԱ-ի մասնագետի տարեկան աշխատավարձը տատանվում է $3500-$10000 միջակայքում։

 Հինգերորդ գործոնը բուն ԾԱ-ի արդյունաբերության բնութագիրն է, նրա հատկանիշները՝ ֆիրմաները քանակը, դրանց չափը, խմբվածությունը (clustering), ասոցիացվածությունը կամ կազմակերպվածությունը ընկերակցությունների մեջ, արդյունաբերության ընդհանուր կողմնորոշվածությունը, ընկերությունների եւ նրանց արտադրանքի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին եւ այլն։ ԾԱ-ի հաջող արդյունաբերությունը պահանջում է ֆիրմաների կրիտիկական քանակություն, որոնց մեջ առնվազն որոշ մասը՝ նշանակալի չափերի (որոնց շուրջ կարող են խմբվել ավելի փոքրերը)։ 

Խմբվածությունը ֆիրմաների կրիտիկական քանակությունն է աշխարհագրական մոտիկությամբ եւ տեղի է ունենում մեծ քաղաքների բիզնեսի տիրույթներում կամ տեխնոլոգիական պարկերում (երրորդ շարքի երկրներում այն թույլ է արտահայտված, իսկ չորրորդ շարքի երկրներում կարող է բացակայել)։ Բարձր տեխնոլոգիական խմբվածության ամենահայտնի օրինակը Սիլիկոն Վալին է։ Խմբվածության էֆեկտը առաջ է բերում ֆիրմաների միջեւ թե՛ մրցակցության, թե՛ համագործակցության միջավայր, իսկ մրցակցությունը ծնում է նորարարություն։ 

 Համագործակցությունը դրսեւորվում է երկու մակարդակում. առաջին՝ ազգային արդյունաբերության ներքին կապակցվածությունը. ինչպե՞ս է բնորոշվում տվյալ երկրի կարողությունը կամ որոշակի մասնագիտացումը (ասենք՝ Հնդկաստանը հայտնի է ՏՏ-ի ծառայությունների մշակմամբ, Ռուսաստանը հայտնի է դառնում որպես բարձր հմտությամբ գիտական հնարավորությունների եւ արտադրանքի տեղ)։ Չմասնագիտացած ազգային արդյունաբերության հաջողությունը քիչ է հավանական, քանի որ դժվար է մրցակցել միանգամից մի քանի ուղղություններով։ 

Համագործակցության երկրորդ մակարդակը երկրի ընկերությունների կազմակերպվածությունն է ուժեղ ընկերակցությունների մեջ։ Կարեւոր է ոչ միայն երկրի ֆիրմաների որոշակի ընդհանուր կողմնորոշվածությունը, այլեւ այն, թե ինչպե՞ս են նրենք միմյանց լրացնում իրենց հմտություններով։ 

 Հնդկաստանի հաջողությունն ապացուցեց, որ միջազգային ճանաչում ունեցող որակի չափանիշներ ձեռք բերելը նույնպես կարեւոր բաղադրիչ է արդյունաբերության համար եւ մեծ դեր կարող է խաղալ հեղինակություն եւ վստահություն նվաճելու գործում։ Դրանցից մեկը՝ CMM (Capability Maturity Model) ստանդարտը, դասակարգում է կազմակերպությունները ըստ հասունության հինգ մակարդակների, որտեղ բարձրագույն մակարդակը հինգերորդն է։ Համարվում է, որ աշխարհի ֆիրմաների մեծ մասը պատկանում է առաջին եւ երկրորդ մակարդակներին։ 

 Թեեւ համարվում է, որ Իրանի ԾԱ-ի սեկտորը որոշ տիրույթներում ուժեղ է, այդուհանդերձ իրանյան եւ ոչ մի ֆիրմա չունի ISO9000 եւ CMM ստանդարտների հավաստագրեր (2002-ի տվյալներով), չկա միջազգայնորեն մրցունակ արտադրանք, որը կարելի լիներ շուկա հանել։ Տարածված թերություն է նախագծերի մենեջմենթի թուլությունը, որի պատճառով մեծ նախագծերը անավարտ են մնում կամ առհասարակ չեն իրականացվում։ Շատ քիչ համագործակցություն կա ԾԱ-ի ֆիրմաների միջեւ, ուստի՝ ֆիրմաների միջեւ մրցակցության ճնշումը եւ նորարարության պահանջը թույլ է։ Արդյունաբերությունը չունի կողմնորոշում, ծառայությունների եւ արտադրանքի այն հարադրությունը, որը կբնութագրեր այն։ 

 Ուկրաինան նույնպես ունի այդ խնդիրը՝ հատկապես ինչո՞վ է հայտնի երկրի ԾԱ-ի արդյունաբերությունը, ի՞նչ բնութագրական ուղղորդվածություն ունի կամ ի՞նչ տիրույթներում է կենտրոնացած։ Մյուս կողմից՝ ընկերությունների մեծ մասը փոքր է, սակավաթիվ անդամներով (հիմնականում 10-16 մարդ), եւ առայժմ չի նկատվում ավելի խոշոր ընկերությունների մեջ միավորվելու ընդգծված միտում։ Քիչ է միջին չափի (50-500 մարդ) ֆիրմաների քանակը։ Որոշ խմբվածություն կա գիտահետազոտական կենտրոնների եւ համալսարանների շուրջը, թեեւ ընկերությունների համագործակցությունը եւ ասոցիացվածությունը մնում է խիստ սահմանափակ։ Ուկրաինական մի շարք ֆիրմաներ նվաճել են ստանդարտների հավաստագրեր, բայց դեռ ոչ մեկը չի գերազանցել CMM-ի երրորդ մակարդակը։ Առայժմ անբավարար է կապը ԾԱ-ի արդյունաբերության եւ գիտահետազոտական կենտրոնների միջեւ։ 

Այս եզրակացությունների մեծ մասը վերաբերում է նաեւ Հայաստանին. արդյունաբերության չկողմնորոշվածությունը, փոքր չափի ֆիրմաների մեծ քանակությունը, խմբվածության եւ համագորործակցության բացակայությունը, գիտության եւ կրթության համակարգի համապատասխանությունը ԾԱ-ի արդյունաբերության պահանջներին եւ նրանց միջեւ անբավարար համագործակցությունը։ 

 Հաջորդ գործոնը ֆինանսավորումն է, որ կարող է ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներ։ Եթե Հնդկաստանի արդյունաբերությունը զարգացավ առավելապես ներքին աղբյուրների հաշվին, ապա, ինչպես նկատում է Քարմելը, այսօր նման բան գրեթե անհնար է՝ ԾԱ-ի գլոբալ արդյունաբերության մեջ մրցակցության աճի պատճառով։ Տարբեր երկրներ տարբեր ուղիներ են գտնում այս խնդիրը լուծելու համար, եւ կառավարությունը կարող է վճռական դեր խաղալ այս հարցում նույնպես։ Որպես կանոն երրորդ եւ չորրորդ շարքի երկրների ֆիրմաների մեծ մասը զրկված է կապիտալի պատշաճ մատչելիությունից եւ ունի աճի սահմանափակ հնարավորություններ։ 

 Ուկրաինայում ֆինանսավորման հարցը ԾԱ-ի արդյունաբերության թույլ կողմերից է, քանի որ գրեթե բացակայում է կառավարության օժանդակությունը։ Իրանի ֆիրմաները դժգոհում են ֆինասների անմատչելիությունից. բանկերը պետական են, իսկ վարկային տոկոսները՝ բարձր։ Արտաքին ֆինանսավորումը աներեւակայելի է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոյի եւ ներքին քաղաքական անկայունության պայմաններում։ 

Հնարավոր է, որ Հայաստանն այս առումով ավելի բարվոք վիճակում է (գիտենք Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Եվրամիության հովանու ներքո իրականացվող ծրագրերի մասին), բայց կարելի է վստահ լինել, որ մեր երկիրը նույնպես մեծ ներքին պաշաներ չունի, իսկ արտաքին ներդրումների համար հազիվ թե կարող է գրավիչ համարվել։ 

 Է. Քարմելի կողմից առանձնացված ութ գործոնների շարքում տեխնոլոգիական ենթակառուցվածքը թվով յոթերորդն է։ Այն վերաբերում է հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացածությանը եւ վստահելիությանը։ ԾԱ-ի ֆիրմաները պահանջում են վստահելի եւ էժան հեռախոսային եւ տվյալների փոխանցման մեծ թողունակությամբ կապ։ Այստեղ երեք երկրներն էլ ունեն նույն խնդիրը՝ զարգացած երկրների համեմատությամբ զգալիորեն բարձր գներ եւ ցածր որակ, ինչպես նաեւ ֆինանսական անբավարար ներդրումներ ենթակառուցվածքի արդիականացման համար, թեեւ որոշ պատճառներ եւ շեշտադրություններ կարող են լինել տարբեր։ Հատկապես Հայաստանում այս խնդիրը ունի ընդգծված հրատապություն, քանի որ կապվում է ԱրմենՏելի մենաշնորհի հետ։ Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կապի բարձր գների եւ ցածր հուսալիության խնդիրը, որքան էլ որ սկզբունքային, հաճախ ներկայացվում է որպես միակ կամ հիմնական արգելք՝ քողարկելով այլ խնդիրների գոյությունը։ 

 Վերջին գործոնը կապերն են, որ «որ առաջ են գալիս անհատների եւ աշխատանքային խմբերի միջեւ, ֆիրմաների եւ երկրների միջեւ շնորհիվ աշխարհագրական, մշակութային, լեզվական կամ էթնիկական առնչությունների կամ էլ որպես արդյունք փախհարաբերությունների, որոնք ծնում են կապեր»։ Կապերը վերաբերում են վստահությանը, առանց որի առեւտուր տեղի չի ունենում։ Այս գործոնը սերտորեն առնչվում է ազգային մշակույթին, քանի որ կապերի հաստատումը եւ սատարումը հաճախ կատարվում է մշակութային մերձության, հոգեբանական համապատասխանության շնորհիվ։ Մեծ դեր ունեն նաեւ լեզվական կապերը (Հնդկաստանի հաջողության գործոններից մեկը)։ 

 Սփյուռքի ընձեռած կապերը նույնպես վճռական դեր են կատարում։ Եւ դարձյալ բնութագրական է Հնդկաստանի դեպքը, երբ ԾԱ-ի ազգային արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին շնորհիվ ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիական ֆիրմաներում սփյուռքի ներկայացուցիչների ունեցած բարձ դիրքերի եւ հաջողությունների։ Նույն բանը ճիշտ է Իսրայելի, Թայվանի, Չինաստանի եւ Իռլանդիայի դեպքում։ 

Հայտնի է Հայաստանի ԾԱ-ի արդյունաբերության ստեղծման եւ զարգացման մեջ հայկական սփյուռքի (առաջին հերթին՝ ամերիկահայերի) խաղացած մեծ դերը։ Այս գործոնը, փաստորեն, շատ ավելի կենսական է Հայաստանի, քան Իրանի կամ Ուկրայինայի համար։ Սակայն, ուշադրության է արժանի Քարմելի՝ առաջին հայացքից պարադոքսային պնդումը, թե սփյուռքի գործոնը վճռական է եղել առաջին շարքի երկրների համար եւ օժանդակում է երկրորդ շարքի երկրներին, բայց նվազ հավանական է, որ վճռորոշ դեր կխաղա երրորդ եւ չորրորդ շարքերի երկրների համար (եւ սա վերաբերում է նաեւ Հայաստանին)։ Այս երկրները պետք է կարողանան մշակել այլ տիպի կապեր նույնպես, իսկ առաջին հերթին՝ ստեղծեն մարքեթինգի եւ առեւտրի լավ հաստատված սեփական համակարգը։ Սա նշանակում է մասնավորապես, որ սփյուռքի գործոնը չպետք է գերագնահատել եւ նրանից չպետք է ակնկալել ավելին, քան ի վիճակի է տալ։ 

 Մի շարք այլ գործոնների թվից, որոնք կարող են այս կամ այն չափով ազդեցություն ունենալ ԾԱ-ի արտահանման արդյունաբերության հաջողության վրա, առանձնացնենք ներքին շուկայի կամ ԾԱ-ի ներքին պահանջարկի հարցը։ Ինչպես Քարմելն է նշում, «Ներքին պահանջարկը կարող է դիտարկվել որպես կատալիզատոր ԾԱ-ի առողջ ազգային արդյունաբերության համար՝ հավասարակշռող ռիսկային արտաքին առեւտուրը եւ ապահովող շատ անհրաժեշտ աշխատանքային կապիտալ»։ Այդուհանդերձ, ինչպես ընդգծվում է, շատ երկրներում ներքին պահանջարկն աննշան է, անբավարար, որպեսզի նման դեր կատարի։ Սա նշանակում է, որ ներքին շուկային զարգացումը պետք է դառնա կառավարության օրակարգի հարցերից մեկը։ Մենք առիթ ուենցել ենք խոսելու Հայաստանի ԾԱ-ի արդյունաբերության՝ դեպի արտահանում ընդգծված կողմնորոշվածության եւ ներքին կարիքների անտեսման մասին որպես կառավարության սխալ քաղաքականության կամ քաղաքականության բացակայության վտանգավոր հետեւանքի։ Այսօր էլ մենք չգիտենք Հայաստանի ներքին պահանջարկի գոնե մոտավոր գնահատականը, ինչպես չկա ներքին շուկային զարգացման կամ, ասենք, տնտեսության այս կամ այն ճյուղում ՏՏ-ի ներդրման որեւէ խելամիտ ծրագիր։

 Եզրակացություններ 

 Միանգամից աչքի է զարնում այն ընդհանրությունը, որ կա Իրանի եւ Ուկրաինայի ԾԱ-ի արդյունաբերությունների ուսումնասիրությունների արդյունքների եւ գնահատականների, բացահատած հիմնական թերությունների եւ ըստ այդմ այն հանձնարարականների միջեւ, որ տրվում են արտահանման արդյունաբերության հետագա հաջողությունը ապահովելու նպատակով։ Դրանցից շատերը վերաբերում են նաեւ ԾԱ-ի Հայաստանի արդյունաբերությանը։ Ի մի բերենք այդ եզրակացություններից մի քանիսը։ 

Իբրեւ ընդհանուր թերություններ ներկայացվեցին ԾԱ-ի ընկերությունների մեծ մասի փոքր չափերը, միջին եւ մեծ չափի ընկերությունների անբավարար քանակությունը։ Թե Իրանում, թե Ուկրաինայում նկատելի էր ընկերությունների խմբվածության եւ ասոցիացվածության, նրանց միջեւ մրցակցության եւ համագործակցության բացակայությունը կամ խիստ սահմանափակությունը։

Մյուս կողմից՝ երկու դեպքում էլ արդյունաբերություն չունի կողմնորոշվածություն։ Հաջողության խոչընդոտների թվում էին մենեջերական պատշաճ ունակությունների եւ անգլերեն լեզվի իմացության անբավարարությունը, ֆինանսական միջոցների խիստ սահմանափակ մատչելիությունը եւ այլն։

Դարձյալ ընդհանուր եւ դժվարին խնդիր է կրթության եւ գիտության համակարգի (ակադեմիական ինստիտուտների եւ համալսարանների) եւ ԾԱ-ի արդյունաբերության միջեւ կապի թուլությունը։ Սա հանգեցնում է գիտական մշակումների ներդրմամբ բարձրարժեք ծրագրային արտադրանք ստեղծելու անկարողության, առանց որի անկարելի է երեւակայել արտահանման արդյունաբերության հետագա հաջողությունը։ Ավելի ընդհանուր առմամբ, իհարկե, այս խնդրի լուծումն անհնար է առանց կրթության եւ գիտության համակարգերի արմատական բարեփոխման, եւ ինչպես նշում են հետազոտողները, այս ուղղությամբ կատարվող քայլերի արդյունքները տեսնելու համար (եթե կան այդպիսի քայլեր) տարիներ կպահանջվեն։ Այս դիտարկումը հատկապես ցանկանում եմ ընդգծել՝ Հայաստանի ԾԱ-ի արդյունաբերության սրընթաց աճի մասին գուշակությունների հիմնավորվածության պակասը ի ցույց դնելու համար։ 

Վերջապես, նորից անդրադառնանք ազգային ռազմավարության հարցին։ Ինչպես տեսանք, Իրանում եւ Ուկրաինայում այս հարցի նկատմամբ մոտեցումները հակադիր էին, բայց եւ այնպես՝ արդյունքների միջեւ տարբերությունը մեծ չէր։ Իրանի ԾԱ-ի արդյունաբերության նկատմամբ երկրի նախագահի մակարդակով հովանավորությունը, ազգային ռազմավարության առկայությունը լուրջ գործոն չեն համարվում ոլորտի ընկերությունների կողմից։

Առաջին հերթին ռազմավարության անկատարության պատճառով, որի մասին վերը խոսվեց։ Այստեղ գործ ունենք մի իրադրության հետ, որը, կարծում եմ, բնորոշ է նաեւ Հայաստանին՝ ռազմավարությունը բավարար չափով հիմնված չէ գոյություն ունեցող իրադրության վրա, քանի որ իրադրության շատ կողմեր պարզապես ուսումնասիրված չեն եւ եզրակացությունները արդյունք են վերացական ենթադրությունների եւ ենթադրյալ նմանությունների։

Երկրորդ՝ ամփոփելով իրենց զրույցների արդյունքները, հետազոտողները եզրակացնում են, որ Իրանի ընկերությունների ղեկավարները վստահություն չունեն ռազմավարության նկատմամբ, քանի որ նախկինում նման ծրագերի տապալման ականատես են եղել, իսկ մյուս կողմից՝ մտահոգված են կոռուպցիայով եւ լուրջ փոփոխություններ կատարելու ցանկության բացակայությամբ։ Մի՞թե նույն բանը չենք կարող ասել Հայաստանի մասին։ 

լուսանկարը՝ nb-guide.info-ի

 շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter