HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն ավելացել են. Հաշտարարի գրասենյակ

2017 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քաղաքացիներից ստացել է ավելի քան 5 հազար բողոք։ Դրանց մի մասը, սակայն, չի վերաբերել ֆինանսական կազմակերպություններին, մի մասն էլ ենթակա չի եղել քննության։ Արդյունքում քննության է ընդունվել բողոքներից 1672-ը։ Այս ցուցանիշը 2016 թվականի համեմատ աճել է 9.8%-ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

Քննության ընդունված բողոքների գերակշիռ մասն ապահովագրական ընկերությունների դեմ է։ Ընդ որում, ըստ Հաշտատարի գրասենյակի հրապարակած տվյալների, 2016 թվականի համեմատ ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներն աճել են 8.8%-ով։

Ինչպես նշեց Փ. Սարգսյանը ապահովագրական ընկերությունների դեմ բողոքում են հիմնականում ԱՊՊԱ-ի (Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) կապակցությամբ։ Բողոքների հիմնական պատճառներն են ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև անհամաձայնությունը վնասի չափի փոխհատուցման մասով, չհատուցման դեպքերի, ինչպես նաև հետադարձ պահանջների։

Իսկ բանկերի դեմ քաղաքացիները բողոքում են հիմնականում վարկերի դասակարգման, տոկոսադրույքների հաշվարկման և գրավի իրացման հարցերով։ Բանկերի դեմ քաղաքացիները բողոքում են նաև վճարահաշվարկային ծառայություններին առնչվող դեպքերի կապակցությամբ, ինչպիսիք են քարտային զեղծարարությունները, դրամական փոխանցումների և բանկային հաշիվների սպասարկման հետ կապված խնդիրները։

Ըստ Հաշտարարի գրանսենյակի տվյալների

 «2017 թվականին պահանջների քննության արդյունքում գործերի 82%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի։ Ընդ որում՝ կեսը լուծվել է ֆինանսական կազմակերպությունների հետ հաշտության գալու միջոցով։ Արդյունքում, Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 181.3 մլն դրամ»,- նշեց Փ. Սարգսյանը։

Հաշտարարի 2016 թվականի տարեկան հաշվետվության մեջ կարդում ենք, որ  այդ տարվա ընթացքում հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 189 մլն դրամ։ Այսինքն՝ 2017-ին հատուցումների ընդհանուր գումարը նվազել է մոտ 7.6 մլն դրամով։

Այսօր լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության ինը տարին։ Գրասենյակի հիմնադիրն է Կենտրոնական բանկը: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում ֆինանսական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին տրված հատուցումների գումարը կազմել է ավելի քան 1.2 մլրդ դրամ։

Հաշտարարի կայքում նշված է, որ կառույցը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով։

Նշենք, որ Հաշտարարին դիմող քաղաքացիների թիվը քիչ թե շատ տեսանելի դարձավ 2012 թվականից, երբ Հայաստանում ներդրվեց ԱՊՊԱ համակարգն (2011 թվականին) ու ապահովագրական ընկերությունների հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիների թիվն ավելացավ։

Ովքեր են դիմում Հաշտարարի օգնությանը

Հաշտարարի գրասենյակը 2017  թվականին ավելի քան 800 հաճախորդների շրջանում հարցումներ է անցկացրել՝ չափելու հաճախորդների գոհունակության աստիճանը, վերհանելու հաշտարարի գրասենյակի վերաբերյալ հաճախորդների ունեցած պատկերացումները, պարզելու գրասենյակի հասանելիությունը մարզային հաճախորդների շրջանում։

Հաշտարարին դիմող քաղաքացիների 63%-ը 20-45 տարեկան անձինքն են, 58%-ն ունի բարձրագույն կրթություն, 83%-ը տղամարդիկ են, ամուսնացած է 71%-ը։

Դիմողների 60%-ը մայրաքաղաքից են, մնացածը՝ մարզերից։

Հաշտարարի գրասենյակը մարզերում մասնաճյուղեր չունի։

Մեկնաբանություններ (2)

Armi
Հարգելի հետք, աշխատանքը կորցնելու վիճակում է այսօր ևս երկու ընկերություն, որոնց հիմնադիր NASDAQOMX վաճառեց բաժնետոմսերը, թողնելով 5% Որ առայժմ մնա իր անունը. Նվազեցրին կ. Կապիտալը և այն տնօրինում է կենտրոնական բանկը իսկ ԿԲ -ի նշանակած նոր տնօրեն հայկ եգանյանը բորսայի ու դեպոզիտարիայի պրոֆեսիոնալ ողջ կոլեկտիվին հոգեբանական տեռորի է ենթարկել ՝ որ սովորեցնեն իր հետ բերած կիսագրագետ թիմին ու հեռանան.պնդելով՝որ դա կենտրոնական բանկի պահանջն է, որ նոր թիմ հավաքի ու ընկերությունները վաճառեն դրսի ֆիրմայի ... ու ինքը այլ ելք չունի: խնդրում ենք օգնել
Տիգրան
Հաշտարարն էլ օբյեկտիվ չի գործում, դա իմ անձնական փորձից եմ ասում, երբ ռոսգոստրախը ինձ անհիմն ու կամայական մերժեց հատուցում տալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter