HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄԷ քաղաքացու հայաստանյան 65 «բիզնեսները»

Ի՞նչ կարելի է անել, եթե ունես 3.250.000 դրամ. օրինակ՝ գրանցել 65 նույնանուն ՍՊԸ՝ յուրաքանչյուրի համար վճարելով նվազագույնը 50.000 դրամ, և շուրջ 5 ամիս գործունեություն չծավալել:

Առաջին հայացքից անտրամաբանական է, սակայն հենց այսպես է վարվել ԱՄԷ քաղաքացի Մանսուր Աբդուլլա Մոհամմեդ Նասսեր Ալջնեիբին:

2017թ. հունիսի 31-ին Ալջնեիբին Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 հասցեի 22 տարածքում գրանցել է «ՊԱՐՊԻ ՀԻԼԼ» անվանումով 30 ՍՊԸ: Հյուսիսային պողոտայի 10/1 հարսցեում տեղակայված շինությունն ունի 2 մուտք: Պուշկին փողոցից շենքի բնակելի հատվածի մուտքն է, Հյուսիսային պողոտայի կողմից՝ «North Avenue» հյուրանոցի:

Հյուրանոցի աշխատակիցները մեզ վստահեցրին, որ իրենց մոտ «ՊԱՐՊԻ ՀԻԼԼ» անունով կազմակերպություն չկա:

«Մեր հյուրանոցը շենքի մինչև 3-րդ հարկն է, և մենք հյուրանոցային համարներից բացի` ուրիշ բան չունենք»,- մեր հարցին ի պատասխան` ասաց հյուրանոցի ընդունարանի աշխատակիցը:

Նույնը փորձեցինք ճշտել շենքի բնակելի մասի պահպանության աշխատակցից, որը նույնպես բացասական պատասխան տվեց և նշեց, որ Հյուսիսային պողոտա 10/1 հասցեում «22 տարածք» հասցե ընդհանրապես չունի:

«Բնակիչներ են ապրում, ամեն հարկում` երեք հոգի: Ուրիշ ոչ մի բան չկա: Ստեղ ընդամենը 14 բնակարան է, ավել բան չկա»,- հավաստիացրեց շենքի պահպանության աշխատակիցը:

Այսպիսով, մեզ ոչ միայն չհաջողվեց պարզել, թե ինչով են զբաղվում օտարերկրյա քաղաքացու՝ հայաստանյան 30 ընկերությունները, այլև նույնիսկ գտնել 2017թ. հունիսի 31-ին գրանցված «ՊԱՐՊԻ ՀԻԼԼ» ՍՊԸ-ի գրանցման հասցեն:

Բայց «ՊԱՐՊԻ ՀԻԼԼ»-ը Մանսուր Աբդուլլա Մոհամմեդ Նասսեր Ալջնեիբիի գրանցած ընկերությունների միակ խումբը չէ: 2017թ. օգոստոսի 15-ին Ալջնեիբին Հայաստանում ևս  35 ՍՊԸ է գրանցել, այս անգամ՝ «ԷՓԼ ՀԻԼԼ» անունով:

«ԷՓԼ ՀԻԼԼ» ՍՊԸ-ները գրանցված են Փ. Բուզանդի 45 հասցեի 21/1 տարածքում: Այս շենքն էլ նախորդի նման 2 մուտք ունի՝ Բուզանդի փողոցի կողմից առաջին հարկում տարբեր կազմակերպություններ են, իսկ շենքի հակառակ կողմից բնակելի մուտքն է:

Բնակելի մասի պահպանության պատասխանատուն մեզ հետ զրույցում նշեց, որ բնակելի հատվածում այդպիսի տարածք չկա՝ հավելելով, որ մեր փնտրած հասցեում «Այգի» անունով կազմակերպություն է գործում:

Բուզանդի փողոցի կողմից շենքի առաջին հարկում գտնվող «Այգի Garden 5» կազմակերպություն մտնելիս միանգամից նկատեցինք գովազդային պաստառը, որի վրա պատկերված էր ԱՄԷ դրոշը:

Մուտք գործելով` ներկայացանք որպես գովազդներ պատրաստող ընկերության աշխատակից, իսկ «Այգի Garden 5»-ի աշխատակիցներից մեկը, որը ներկայացավ որպես «հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչ», նշեց, թե իրենք չեն ցանկանում, որ շատ մարդ իմանա իրենց կազմակերպության մասին:

«Մերը դրսի ընկերություն է` դրսի շուկայի համար նախատեսված, ու ունի իր սահմանափակ կլիենտուրան, այսինքն՝ չենք ուզում, որ ավելի տեղեկացված լինեն»,- ասաց աշխատակիցը:

Իսկ երբ փորձեցինք տնօրենի կոնտակտային տվյալները խնդրել, մեր զրուցակիցը կտրուկ հրաժարվեց հայտնել:

«Չէ: Գործ չունեք: Ընկերությունը ունի իր սահմանափակ հաճախորդները: Ովքեր որ այս հարցով հետաքրքրված են, իրենք մեզ հետ կապի մեջ են: Դրսից որևէ այլ տեղեկության կամ հաճախորդի կարիք չկա: Տնօրենի հետ կապվելով էլ կազմակերպության դիրքորոշումը չի փոխվի»,- ասաց նա:

Աշխատակիցը չներկայացավ և զրույցի ընթացքում այդպես էլ չնշեց, թե կազմակերպությունն ինչով է զբաղվում:

Համացանցում և սոցիալական կայքերում «Այգի» և «Garden 5» անունով Հայաստանում գործող կազմակերպությունների մասին տեղեկություն չհաջողվեց գտնել:

Ստացվում է, որ ԱՄԷ քաղաքացի Մանսուր Աբդուլլա Մոհամմեդ Նասսեր Ալջնեիբին նվազագույնը 3.250.000 դրամ է ծախսել Հայաստանում 65 ընկերություն գրանցելու համար, որոնցից 30-ը գրանցված են գոյություն չունեցող տարածքում, 35-ն էլ՝ մի հասցեում, որտեղ այսօր բոլորովին այլ անվամբ, անհայտ կազմակերպություն է գործում: 

Նշենք նաև, որ «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան`  Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ և՛ «ՊԱՐՊԻ ՀԻԼԼ», և՛ «ԷՓԼ ՀԻԼԼ» ՍՊԸ-ները գրանցման օրվանից գործունեություն չեն ծավալել: Սակայն, ինչպես պարզվում է, ընկերություններից առնվազն մեկը գործունեություն է ծավալում, ու ՊԵԿ-ը այդ մասին տեղյակ չէ։ 

Նորայր Շողիկյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter