HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Եթե դպրոց չկառուցվի, գյուղը կդատարկվի

«Մեր դասարանը միայն մեծությամբ էր մի քիչ դասարանի նմանվում: Ամեն ինչ քանդված է: Պատուհաններն ապակի չունեն, ցելոֆան է քաշած: Առաստաղ էլ համարյա չկա. անձրեւաջուրը լցվում է ներս: Դպրոցի նման չէ, մտնում ես «դասարան» ու ամեն ինչ` հատակից մինչեւ առաստաղ, հնություն է»,- ասում է Լծենի 8-ամյա դպրոցի շրջանավարտ Մարիամ Մկրտչյանը: 

170 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի սահմանամերձ Լծեն գյուղը դպրոց չունի: Նախկին 7-ամյա դպրոցի շենքը 1988թ. քանդել են, որպեսզի նորը կառուցեն: Ղարաբաղյան շարժման ընթացքում դադարեցվել են շինարարական աշխատանքները, ու գյուղը մնացել է առանց դպրոցի: 

«Սեպտեմբերն եկավ, ու դպրոցի շենքը չկար: Դրսից եկած ուսուցիչների համար դպրոցի մոտ մի տուն կար, էդ տունը դարձրինք դպրոց: Կացարանները դարձան դասասենյակներ, որովհետեւ աշակերտը պիտի դպրոց հաճախեր: Ու մինչեւ հիմա ուսուցչի տունն է մեր դպրոցը»,- պատմեց գյուղի բնակիչ Արամայիս Ամիրյանը: Դպրոցն ունի 30 աշակերտ, որոնց կրթում են ինը ուսուցիչներ: Նրանցից չորսը զինծառայության փոխարեն 5 տարի սահմանամերձ գյուղերում որպես ուսուցիչ աշխատողներ են: Աշակերտներն այս տարի միայն օտար լեզվի ուսուցիչ չունեն, քանի որ անցյալ տարի լրացել է նրա ծառայության 5 տարին: 

«Մեր գյուղին դպրոց է պետք, որովհետեւ աշխարհից կտրված գյուղ է: Չենք ասում` մեծ դպրոց, բայց երեխան դասարան մտնելուց պիտի զգա, որ եկել է դպրոց: Եթե դպրոցի հարցը չլուծվի, պարզ է, որ մարդիկ կլքեն գյուղը, որովհետեւ ամեն մարդ մտածում է իր երեխան լավ ապագա ունենա, որի համար կրթությունը կարեւոր է»,- ասում է գյուղամիջում կանգնած տարեց մի լծենցի: 

Ըստ ավանդության` մոնղոլների հարձակման ժամանակ լեռան գագաթից քարեր լցնելով` գյուղացիները քարե կարկուտ են թափել թշնամու վրա: Ներսես քերթողն էլ` ոգեւորված, անընդհատ խրախուսել է բնակիչներին` ասելով` լցե, լցե, որից էլ, իբրեւ, մնացել է գյուղի անունը: 

«Լավ գյուղ է մեր գյուղը: Տեղն էլ է հարմար. հա՛մ հող ենք մշակում, հա՛մ էլ` անասուն պահում: Գյուղացիներն էլ լավ ժողովուրդ են. հաշտ ու համերաշխ ապրում ենք: Գոմերի դռներն օրերով բաց ենք թողնում, ու մի հատ գողություն չկա: Գոհ եմ իմ կյանքից, ճիշտ է` ամբողջ կյանքս չարչարվել եմ, տանջվել, բայց երեխեքովս հպարտ եմ, կարողացել եմ նրանց կրթության տալ, ու բոլորն էլ լավ մարդիկ են դարձել»,- ասում է 6 երեխաների մայր, 66-ամյա տիկին Ասյան: 

 «Գյուղում ապրելը տանջանք է: Չենք իմանում` ո՞նց է սկսվում մեր օրն ու վերջանում. բոստան, տուն, գոմ, դաշտ: Վատն էն է, որ էսքան տանջվում ենք, բայց մեր երեխեքն էստեղ ապագա չունեն: Դրա համար էլ ձգտում ենք ստեղ չմնանք, բայց դեռ հնարավորություն չկա դուրս գալու»,- ավելացրեց Արուսիկ Գրիգորյանը: 

1990-ականներին շատերն են լքել Լծենը: Գյուղում մնացել էր 8 աշակերտ: Գյուղացինեը պնդում են, որ հիմնական պատճառը դպրոցն է եղել: Բայց տարեցտարի գյուղաբնակների թիվն ավելացել է: Գյուղացիների կարծիքով, եթե նորմալ դպրոց լինի, շատերը կհիմնավորվեն Լծենում: 

«Դպրոցի հարցով բոլորին էլ դիմել ենք: Ընտրությունների ժամանակ, երբ որ գյուղացիների ձայներն իրենց պետք է լինում, ասում են` լավ կլինի, բայց էդ լավը տենց էլ չտեսանք,- բողոքում էին լծենցիներն ու ավելացնում, որ իրենց հասանելի միակ հեռուստալիքը` Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, անընդհատ խոսում է սահմանամերձ գոտիների մասին, բայց այդպես էլ որեւէ մեկը չի այցելում իրենց գյուղ: 

 «Կառավարությանը կխնդրեի, որ ուշադրություն դարձներ ծայրամասային գյուղերին: Ամեն ինչից կտրված գյուղ է` գոնե դպրոց ունենա: Գյուղը դպրոցով ա պահվում: Մեր գյուղն ունեցել է 160-170 աշակերտ, հետո տարի է եղել, որ եղել է 2 աշակերտ: Հիմա 30 աշակերտ ունենք: Գյուղը լավ գյուղ է, բայց եթե դպրոց չկառուցվի, դժվար թե երիտասարդությունը մնա էստեղ»,-ասում է դպրոցի ուսուցիչ Ալեքսանդր Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter