HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այստեղ մարդիկ հաղորդակից են դառնում քո ցավին

17-ամյա Անահիտին եւ նրա քրոջը՝ Զարուհուն, իրենց կնքահայրն է բերել Երեւանի սոցիալապես անապահով երեխաների աջակցության «Ս. Սահակ» կրթադաստիարակչական կենտրոն: Արդեն 3 տարի է նրանք Կենտրոնի սաներն են: «Ես կենտրոնում հասկացա, որ չի կարելի հայրենիքը լքել,- ասում է Անահիտը,-առաջ ես չէի հասկանում, թե ինչ է հայրենիքը, ինձ թվում էր, թե դա միայն բառ է, եւ ես որտեղ կարողանամ լավ ապրել, ավելի լավ է այնտեղ լինեմ: Ես չէի ճանաչում հայրենիքը, բայց երբ գնացինք արշավների, երբ քայլեցի մեր սուրբ հողի վրայով, տեսա ու ճանաչեցի մեր վանքերն ու եկեղեցիները, բարձրացա Արայի լեռը, համոզվեցի, որ պետք է մնալ հայրենիքում»,-ասում է Անահիտը: 

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը 2001թ.-ից իրականացնում է Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության ծրագիր: Այդ նպատակով 2001 թվականից Երեւանում, 2002թ.-ից Մեծամորում, իսկ 2003-ից Վանաձորում բացվել են կենտրոններ: Երեւանում ընդգրկված է 45, Մեծամորում` 21, Վանաձորում՝ 60 ընտանիք: 

«Ծրագրի նպատակն է նպաստել սոցիալապես խիստ անապահով ընտանիքների բարոյա-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, օգնել վերագտնելու հույսն ու հավատը ապագայի նկատմամբ: Մենք ակնկալում ենք ունենալ առողջ եւ ամուր ընտանիքներ, որոնք կկարողանան ճիշտ արձագանքել կյանքում առաջացած խնդիրներին»,- ասաց «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանը : 

Ծրագիրն ունի կրթադաստիարակչական ուղղվածություն: Հիմնական խնդիրներն են` սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, կրթության եւ դաստիարակության հարցերում երեխաներին աջակցումը, հայեցի կրթության ապահովումը, պատմության, ազգային արժեքների, հոգեւոր մշակույթի, հոգեւոր արժեքների ճանաչում եւ արժեվորում, քրիստոնեական արժեքների վերականգնում: 

«Ընտանիքների ընտրության հիմնական չափանիշներն են՝ խիստ անապահով սոցիալական վիճակը, ընտանիքում երկու եւ ավելի դպրոցահասակ երեխաների առկայությունը: Ծրագիրը չի նախատեսում որեւէ ֆինանսական օգնություն, ծրագրի նպատակը ընտանիքի կողմից կրթության եւ աշխատանքի արժեվորումն է»,- շարունակեց Կ. Գրիգորյանը: 

Ընտանիքների ընտրության ժամանակ հիմնադրամն օգտվել է նաեւ «Փարոսի» տվյալներից: Իսկ Վանաձորում սոցաշխատողները այցելել էին հացի խանութներ եւ փորձել պարզել այն ընտանիքները, որոնք հացի դիմաց պարտք ունեն: 

Կարինե Գրիգորյանն արձանագրում է, որ այսօր սոցիալապես անապահով շատ ընտանիքներ ունեն այն հոգեբանությունը, որ բոլորը պարտավոր են իրենց օգնել: 

«Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում ամեն ընտանիքի գոնե մեկ անդամի աջակցել աշխատանք գտնելու հարցում: Այդ նպատակով մենք համագործակցում ենք Զբաղվածության կենտրոնների հետ, ըստ իրենց հնարավորությունների, մասնագիտությունների` փորձում ենք օգնել նրանց: Բացի այդ, ծրագրի շրջանակներում անցկացվում են համակարգչային գիտելիքների եւ անգլերենի դասընթացներ ծնողների համար»,-ավելացրեց է Կ.Գրիգորյանը: 

Կենտրոններ հաճախում են նաեւ ծնողները: Այնտեղ գործում է ծնողական ակումբ, ծնողները հանդիպումներ են ունենում կենտրոնի հոգեբանի, քահանայի հետ: Ինչպես նշեց Կ. Գրիգորյանը, այդ հանդիպումների նպատակը «ընտանիքների հոգեւոր սովը բավարարելն է, նրանց անդամագրումը աղանդավորական կազմակերպություններին կանխելը»: 

«Աղջիկս մեծ ոգեւորությամբ է կենտրոն գալիս,-պատմում է Զարուհու մայրը` Հեղինե Բերբերյանը,-ինչ-որ բան ձգում է այստեղ։ Ես տեսել եմ այստեղ ուսուցիչների վերաբերմունքը եւ ապշել եմ. ինչպե՞ս կարելի է այդքան տարբեր երեխաների հետ աշխատել եւ այդքան համբերատար լինել, իրենց այստեղ հասկանում են, նման վերաբերմունք երեխաները երեւի ոչ դպրոցում են գտնում, ոչ էլ ընտանիքում։ Այլապես նրանք ամեն օր դպրոցից հետո հոգնած ոտքով չէին գա Կենտրոն։ Անգամ պատժելու համար ես արգելում եմ նրան Կենտրոն գալ։ Զարուհին չի սիրում կտրել եղունգները: Մի անգամ ես ասացի` չես կտրի, չես գնա կենտրոն, կտրեց»: 

«Ամուսնուս մահվանից հետո շատ դժվար էր ինձ եւ երեխաներիս համար։ Իմացա Կենտորնի մասին, գտա Տեր Գրիգորին եւ նրա միջոցով եկանք այստեղ: Հիմա շատ ուրախ եմ, որ նրանք այցելում են Կենտրոն։ Մենք կենտրոնի օգնությամբ ավելի հեշտ համակերպվեցինք այդ կորստի հետ: Իմ ուսերից մի մեծ բեռ վերցրեց կենտրոնը, եւ ես կարողացա այս մեկ տարում քայլել ու հաղթահարել այդ դժվարությունը»,-պատմում է Արեւհատ Տրոզյանը։ 

Կենտրոնում դասընթացները պատրաստելիս հաշվի են առնում նաեւ երեխաների ցանկությունները, նախասիրությունները: Կենտրոնում դասավանդվում են նաեւ հմտություններ՝ երգարվեստ, գործում է երգչախումբ: Կան մակույքագործության, շախմատի խմբակներ, կիրառական արվեստի դասընթացներ: «Մինչեւ կենտրոն գալս շախմատ խաղալիս հայրիկս ինձ հաղթում էր, իսկ հիմա ես եմ հաղթում հայրիկիս եւ շատ եմ ուրախանում»,-պատմում է 10-ամյա Մակարը: 

«Ինձ համար զարմանալի եւ ուրախալի է այն փաստը, որ իմ երեխան երգում է հին հայկական երգեր եւ աղոթում է քնելուց առաջ»,-ասում է Հասմիկ Սարգսյանը։ 

Ընտանիքի հետ առաջինը սկսում է աշխատել սոցիալական աշխատողը: Նա պարզում է ընտանիքում առկա սոցիալական, դաստիարակչական, կրթական, բարոյա-հոգեբանական խնդիրները: Եթե ընտանիքում հոգեբանական խնդիրներ են լինում, ապա ներգրավվում է ծրագրի հոգեբանը: Նա միաժամանակ սկսում է աշխատել երեխաների եւ ծնողների հետ: «Ամենափոքրիկից անգամ այստեղ կարծիք են հարցնում։ Փոքրիկն իրեն մարդ է զգում։ Այստեղ անծանոթ մարդիկ աչքերիդ մեջ նայելով հաղորդակից են դառնում քո ցավին, քո հոգսերով ապրում են։ Անգամ ընտանիքում մենք իրար աչքերով չենք հանդիպում, բոլորս շտապում ենք, բոլորս մեր հոգսերն ունենք, իրար հետ ինչ-որ առուծախ ունենք: Իսկ այստեղ իրականում քրիստոնեական մթնոլորտ է տիրում: Մենք այստեղ գալիս ենք սկսնակ ու անգրագետ, եւ այստեղ մեզ բացատրում են, թե ինչ է քրիստոնեությունը, եկեղեցին, խաչը: Աստծո ներկայությունը զգացվում է այստեղ »,-պատմում է Օլգա Հովհաննիսյանը: 

Մեծամորի «Ս. Ղազար» կրթադաստիարակչական կենտրոնում ներգրավված է 21 սոցիալապես անապահով ընտանիք՝ 50 երեխա: Երեխաների մեծ մասի հայրերը մեկնել են Մեծամորից արտագնա աշխատանքի եւ չեն վերադարձել: 

«Մեծամորում ծրագիրը բացելու պատճառ հանդիսացավ այն փաստը, որ այնտեղ բավականին շատ թվով աղանդավորական ուղղություններ են գործում: Մեծամորում մենք ունենք ընտանիք, որ նախկինում այցելել է աղանդավոր խմբակներ։ Այսօր այդ ընտանիքը բավականին ակտիվ մասնակցում է մեր ծրագրին, եւ անգամ փորձում է այդ խմբակից իր մտերիմներին բերել մեր ծրագիր՝ մեր եկեղեցի»,- նշեց Կ.Գրիգորյանը:

Տիկնիկներին ավելի շատ եմ վստահում, քան մարդկանց 

Մեծամորի կենտրոնում գործում է սաների տիկնիկային թատրոնը։ Մեծամորում ընդհանրապես չի եղել տիկնիկային թատրոն, եւ երեխաները, որոնք երբեւէ տիկնիկային ներկայացում չէին տեսել, այսօր տիկնիկներ են պատրաստում, սցենարներ գրում եւ ներկայացումներ են տալիս։ 

Թատրոնն արդեն երեք ներկայացում ունի՝ «Շնիկի ծնունդը», «Սուրբ ծնունդ», որը նվիրված է Ծննդյան տոներին, եւ «Բարի Սամարացին»: Մեծամորի «Ս. Ղազար» կենտրոնի սաները, կենտրոնի համակարգող Քնարիկ Գարանսիլյանի հավաստմամբ, պատրաստվում են թումանյանական օրերին եւ պիտի բեմադրեն «Բարեկենդանը»: Բացի այդ, երեխաները պատրաստվում են Թումանյանի հեքիաթների մոտիվներով նկարների ցուցահանդես կազմակերպել: «Մեծամորում երբեք տիկնիկային թատրոն չի եղել,-պատմում է Քնարիկը,-քաղաքապետարանի հետ պայմանավորվելով՝ վերցրեցինք քաղաքի մշակույթի տունը եւ մանկապարտեզի երեխաների համար անվճար ներկայացում տվեցինք»: Փոքրիկների տիկնիկային թատրոնը իր «Բարի Սամարացի» ներկայացմամբ հանդես է եկել Ջրվեժի եկեղեցում, նաեւ՝ Զեյթունի մանկատանը: 

Թատրոնի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը պատմում է, որ իր սաներից շատերի մոտ արտահայտվել է դերասանական ձիրքը: «Տիգրանն ի վերուստ է օժտված,-ասում է Գրիգորը,-երբ նա առաջին անգամ վերցրեց տինիկը, ես հասկացա, որ նա զգում է տիկնիկը: Եթե չզգան, չեն կարող տիկնիկին կենդանություն հաղորդել»: Թատրոնի ղեկավարը գոհ է երեխաներից: «Երբ առաջին անգամ ներկայացրեցի նրանց տիկնիկներին, բացատրեցի, որ դրանք սոսկ «կուկուներ» չեն, այլ ամեն մեկը մի կերպար է, որին հետագայում իրենք պետք է անպայման սիրեն, քանի որ եթե չսիրեն, չեն կարողանա խաղալ»,-պատմում է Գ. Հովհաննիսյանը: «Այդ ընթացքում ես նկատեցի, թե Գրետան ինչպես է թեքվել ու համբուրում ոզնուն, այսինքն՝ նա արդեն սիրրում էր նրան: Գրետան հիմա մեր հաջողված ոզնին է»,-շարունակում է նա: 16-ամյա Գրետան ընկեր Գրիգորի աջ թեւն է, նրա բացակայության դեպքում ինքն է անցկացնում փորձերը: 

11 տարեկան Հովհաննեսը պատմում է, որ ինքը ցանկություն չի ունեցել խաղալու, բայց առաջին անգամ ներկայացումից հետո սկսել է սիրել տիկնիկներին: 

«Ես տիկնիկներին ավելի շատ եմ վստահում, քան թե մարդկանց,-ասում է 14-ամյա Գայանեն,-իմ գաղտնիքները տիկիկներին եմ պատմում, նրանք ինձ հասկանում են եւ լսածը ոչ մեկին չեն ասում»: Կենտրոնում 15-ամյա Սիմոնը մի քանի խմբակների է մասնակցում: «Արտակարգ կարպետ է գործում»,-ասում է ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանը: Կենտրոնի աշխատակիցները պատմում են, որ Սիմոնը 7 տարեկանից առանց հայր է մեծանում. «Համեստ, աշխատասեր երեխա է՝ ընտանիքի հոգսը ուսերին: Անցյալ տարի ամբողջ ամառ ձմերուկ է վաճառել, այստեղ-այնտեղ աշխատել է, բայց, այնուամենայնիվ, հասցնում է կենտրոն հաճախել»: Սիմոնն ասում է, որ հենց առաջին ներկայացումից կապվեց տիկնիկներին, բայց շուտով թողնելու կենտրոնը. «Պիտի գնամ Ռուսաստան` աշխատելու, այստեղ չեմ կարողանում վաստակել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter