HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Մոռացված սահմանամերձ գյուղը

Սյունիքի մարզի Արեւիս գյուղն ընդամենը 7 կմ է հեռու սահմանից: Արեւիսն ադրբեջանաբնակ գյուղ է եղել: 1990թ. ադրբեջանցիները լքեցին գյուղը, եւ այնտեղ տեղավորվեցին Ադրբեջանից տեղահանված հայերը: Նրանց մեծ մասը քաղաքաբնակ էր, եւ չկարողացավ հարմարվել գյուղի կյանքին: Այսօր Արեւիսում ապրում է 30 ընտանիք, նրանց հիմնական մասը Սիսիան քաղաքից է: Մարդիկ, սոցիալական անապահով վիճակից դրդված, եկել են գյուղ, որ ապրեն հող մշակելով ու անասուն պահելով: Գյուղապետարանն էլ ադրբեջանցիների լքած հողե տները հատկացրել է նրանց: Մինչեւ հիմա գյուղում ոչ մի փոփոխություն չի կատարվել, ավելի են քանդվել առանց այն էլ կիսաքանդ տները: 

 «Մենք էստեղ տանջվում ենք, չարչարվում, որ մեր երեխաներին պահենք: Բայց մեր էսքան չարչարանքն իզուր է, որովհետեւ, փաստորեն, մեր գյուղում մենք չենք կարողանում մեր երեխաներին ապահովել գոնե թերի միջնակարգ կրթությամբ: Եթե այս ձեւով շարունակվի, ես էլ, իմ երեխեքի մասին մտածելով, մի օր կգնամ էստեղից»,- դժգոհեց Արեւիսի ութամյա դպրոցի ուսուցիչ Ռիտա Գրիգորյանը: 

Արեւիսի ութամյա դպրոցում սովորում է 6 աշակերտ: Դպրոցի միակ դասարանը կոմպլեկտավորված է, եւ 4-7-րդ դասարանցիները սովորում են նույն դասարանում: Դպրոցի շենքն անմխիթար վիճակում է: Աշակերտները պարապում են բոլոր առարկաները, բացի կրոնի պատմությունից, որովհետեւ մանկավարժ չունեն: Ոչ բոլոր ուսուցիչներն ունեն համապատասխան կրթություն: Իրենց խոսքերով` մի կերպ դասավորում ու պարապում են բոլոր առարկաները, որպեսզի երեխաներն ամեն ինչից գաղափար ունենան: Ուսումնական տարին արեւիսցի 3 առաջին դասարանցիներ սկսեցին Սիսիանի դպրոցում, որովհետեւ գյուղի դպրոցի պայմանները չեն բավարարել նրանց ծնողներին: «Երեխուս տվել եմ Սիսիանի դպրոց, ու ստիպված էս քանի ամիսները պիտի էնտեղ ապրենք: Կողքի գյուղերում էլ կարգին դպրոց չկա, բացի դա, ձմռանը ճանապարհը փակվում է: Իսկ մեր գյուղն էլ համարյա ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ մասնագետ»,-պատճառաբանեց առաջին դասարանցի Անիի մայրը` Անուշը: 

«Մեր գյուղում հեռախոս չկա, բուժկետ չկա, խանութ չկա, ձմեռն էլ ճանապարհը լավ չի... Այ սենց ենք ապրում: Գյուղացին ապրում ա հողով ու անասունով: Հողերը ոռոգում ենք գետի ջրով: Խմելու ջուրն էլ սարից ա գալիս, էդքան էլ մաքուր չի, յոլա ենք գնում, էլի: Թոշակն էլ ստանում ենք ու լույսի փողը տալիս, էդ է, էլ ի՞նչ անենք»,-դժգոհում է գյուղի հնաբնակներից մեկը` Սպարտակ Հարությունյանը: 

Ռիտա Գրիգորյանի խոսքերով` աշակերտություն ապահովող ընտանիքները լքել են գյուղը, որովհետեւ առաջընթաց չկա. «Պետք է կամ պետությունը մի բան անի, կամ բարերարները: Պանիր արտադրելու համար գալիս են մեր գյուղից կաթ տանում շատ էժան գնով` 1լիտրի համար վճարում են 70 դրամ: Կարելի է, չէ՞, որ հենց մեր գյուղում պանիր արտադրվի, գյուղացին աշխատանք կունենա, կաթն էլ կվաճառվի»: 

Գյուղապետ Սասուն Սահակյանը հիասթափված ասում է, որ հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, որովհետեւ գյուղացու կյանքը չի կարողանում լավացնել. «Սահմանամերձ գյուղի զարգացման համար պիտի պետությունը մի բան անի, թե չէ, էսօր բոլորն էլ մտածում են մի ճար գտնեն ու այստեղից փախչեն: Առաջնահերթ էս գյուղերին պետությունը պիտի նայի, որ ժողովուրդը մնա այստեղ: Մենք ենք սահմանը պահողը, հիմա որ մի բան լինի, առաջինը մենք ենք ոտքի կանգնելու, որ բոլորս քոչենք, էգուց մյուս օր ի՞նչ կլինի: էս մասին պիտի պետությունը մտածի»,-ասում է գյուղապետ Ս.Հարությունյանը: 

Գյուղացիները ներկայացնում են իրենց գյուղի առաջնահերթ խնդիրները` դպրոց, հեռախոս, ջուր: «Մենք մեր կամքով եկել ենք սահմանամերձ գյուղ ու արդեն քանի տարի է էստեղ ենք մնում: Ուրեմն, եթե մի քանի բարելավում լինի, էլի կմնանք: Բայց էս քանի‘ տարի է՝ մնացել ենք սպասելով, գոնե դպրոցի շենքը կառուցեն»- ասում է Սպարտակ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter