HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Գարեգինյան

Ներառման նշանաբանով

Հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա կյանքն ու հոգսերը կրկին դարձան «օն-լայն» ձևաչափով շահագրգիռ քննարկման առակրա: Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրագործվող «Գործընկերություն՝ հանուն հավասար ներառական  հնարավորությունների» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հաշմանդամների շահերին և իրավունքներին նվիրված երկրորդ տարածաշրջանային տեսահամաժողովը: Միջոցառման համակազմակերպիչները դարձան նշված բնագավառում ակտիվորեն աշխատող «Ունիսոն» հայաստանյան հասարակական կազմակերպությունը և իր վրացական գործընկերը՝ ի դեմս «Հատուկ խնամքի կարիք ունեցող մարդկանց ընկերակցության» (ՀԽԿՄԸ):

Երկու կողմից տեսահամաժողովում մասնակցեցին նաև օրենսդրական և գործադիր իշխանության կառույցների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, այն միջազգային կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների պատվիրակներ, որոնց գործունեությունն առնչվում է հաշմանդամների հրատապ հիմնախնդիրներին: Շփման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հաշմանդամների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում և Վրաստանում առկա իրավիճակը,  անդրադարձան այդպիսի մարդկանց կրթությանը, զբաղվածությանը, առողջապահոըթյանը, մշակութային և սպորտային կյանքում ներգրավվածությանը վերաբերող հարցերին:

«Դա չափազանց կարևոր թեմա է,- ընդգծում է ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:- Անշուշտ, պետական կառույցները պարտավոր են այն մշտապես պահել իրենց ուշադրության կենտրոնում, սերտորեն համագործակցելով քաղաքացիական սեկտորի հետ: Հաշմանդամների հանդեպ պետք է իրական ուշադրություն դրսևորել, այլ ոչ թե խոսքերով սահմանափակվել»: 

Երկխոսության մասնակիցները լիահույս էին այն առումով, որ փորձի նման փոխանակումը օգտակար կլինի մեր եկրներում հաշմանդամների իրավունքների ավելի լավ պաշտպանության տեսանկյունից, Հայաստանի ու Վրաստանի կառավարություններին կդրդի հաշմանդամություն ունեցոց անձանց կյանքի թեթևացմանը, հասարակությունից նրանց մեկուսացվածությունը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների ավելի ակտիվ ու հետևողականորեն իրականացմանը:

Մի քանի օր անց «Ունիսոնը» և ՀԽԿՄԸ-ն շարունակեցին երկխոսությունը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում՝ այս անգամ «Սկայպի» միջոցով: Մտքերի փոխանակման համար ստեղծվեց չորս ֆոկուս-խումբ՝ մատչելիություն, կրթություն, զբաղվածություն, մշակույթ/սպորտ: Զրուցակիցները պատմեցին այդ բնագավառներում կուտակած փորձի, ինչպես նաև առկա դժվարությունների մասին: Մասնավորապես, ՀԽԿՄԸ-ի ներկայացուցիչները փաստեցին, որ, չնայած ԶԼՄ-ների կողմից տվյալ խնդիրների բավական ակտիվ լուսաբանմանը, մարդիկ դեռ պատրաստ չեն հաշմանդամների ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ (թերևս, այդ առումով իրավիճակը մեզ մոտ էլ է հեռու բավարար լինելուց - Ա. Գ.): Ընդծվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը: Վրաստանում լույս է տեսնում «Իմեդի+» ամսագիրը, որի զգալի մասը նվիրված է հաշմանդամների շահերի և իրավունքների պաշտպանությանը: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում նմանատիպ հանդեսի տպագրմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք տեղեկագիր պատրաստելու և տպագրելու մասին՝ հայերեն և վրացերեն լեզուներով, ուր կլուսաբանվեն նշված ոլորտում առկա վերջին զարգացումները: Տեղեկագրերի էլեկտրոնային տարբերակները կտեղադրվեն Disability.net նորաստեղծ ցանցի վեբ-կայքում: Ինչը «Գործընկերություն՝ հանուն հավասար ներառական  հնարավորությունների» ծրագրի վերջին ծանրակշիռ բաղադրիչը կդառնա:

Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի երկրներում հաշմանդամների շահերի և իրավունքների պաշտպանության կատարելագործմանը նպատակաուղղված համագործակցությունը կշարունակվի: «Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անհատներին միանալ այս գործընթացին,- ասում է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:- Գրանցվելով նշված կայքում՝ նրանք կկարողանան հնարավոր գործընկերներ գտնել, օգտակար փորձ և ուշադության արժանի տեղեկատվություն փոխանակել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter